
Ալեն Սիմոնյան. «Սա միայն ՍԴ-ի հարցը չէ, այլ հրաժեշտ «խրամատի», որտեղ հավաքված են «մահացած» քաղաքական գործիչները»
Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը վստահ է` սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին ապահովվելու է մասնակցության շատ բարձր ցուցանիշ:
Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Սիմոնյանը:
«Հայաստանի ժողովուրդը կգնա ընտրատեղամասեր, կծախսի ընդամենը հինգ րոպե: Ավելի քան վստահ եմ, որ կգնան, որևէ կասկած չունեմ, որ լինելու են շատ բարձր տվյալներ»,-ասաց նա:
Սիմոնյանի խոսքով` սահմանադրության փոփոխությունները հեղափոխության շարունակությունն են, քանի որ այժմ ժողովրդի ձեռքից փորձ է արվում խլել հեղափոխությունը:
Սիմոնյանը վրդովվեց այն հարցից, թե արդյոք կիրառվելու է ադմինիստրատիվ ռեսուրս, դրա համար է վստահ մասնակցության բարձր ցուցանիշների վրա: ԱԺ փոխխոսնակը կոչ արեց համեմատություններ չիրականացնել նախորդների հետ` ասելով, որ ինչպես նախկինում չեն կիրառել ադմինիստրատիվ ռեսուրս, այնպես էլ հիմա:
«Մենք ժողովրդին ասելու ենք` դուք եք մեզ ընտրել և իրավունքը ծնողը. տեսեք ինչ է կատարվում, ուզում են հեղափոխությունը ձեր ձեռքից խլել: Ընդամենը հինգ օրվա ընթացքում վերջ կդնենք այդ խրամատին և այնտեղ հավաքված մարդկանց, ովքեր փորձում են խլել հեղափոխությունը: Հայաստանի ժողովուրդը պետք է գնա հեղափոխության վերջակետը դնի»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
Սիմոնյանը բացառեց, որ լինի նման իրավիճակ, որ չլինի ոչի ճամբար:
«Ես բացառում եմ նման բան, բայց եթե չլինի, օրենքը դրա լուծումը կտա»,- ասաց նա:
Մեր հարցին, թե որքանով է արդարացված Սահմանադրության մեկ հոդվածում փոփոխություն կատարելու համար հանրաքվե անցկացնելն ու 3,5 միլիարդ դրամ ծախսելը, Ալեն Սիմոնյանն արձագանքեց.
«Այնքանով որքանով որ Հայաստանի իշխանությունն այդ որոշումը կայացրել է: Իսկ պատկերացնու՞մ եք ինչ վնաս կկրի ՀՀ-ն նման ձևով գործող ՍԴ-ից: Մենք քաղաքական գնահատականներից ենք խոսում` մոռանալով ընտրություններից հետո ընդունված որոշումները, միջազգային պայմանագրերը, որոնք գալու են ու գալիս ենք: Սա միայն ՍԴ-ի հարցը չէ, այլ հրաժեշտ «խրամատի», որտեղ հավաքված են «մահացած» քաղաքական գործիչները»:
Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հասցեին հնչած սպառնալիքներին, որի մասին այսօր Մարուքյանը բարձրաձայնել էր, Սիմոնյանն ասաց, որ սպառնալիքը անընդունելի է, սակայն դա պետք չէ կապել իշխանության հետ: Սիմոնյանն էլ ասաց, որ Էդմոն Մարուքյան-ֆան ֆեյբուքյան էջը մի քանի օր առաջ իր հասցեին է վիրավորանքներ գրել:
Մեկնաբանել