
Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանն ազատ է արձակվել
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանն ազատ է արձակվել։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Փանոսյանի պաշտպաններից Հովսեփ Սարգսյանը։ Փանոսյանին կալանքից ազատ արձակելու որոշումը կայացրել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանը։
Հիշեցնենք, որ Փանոսյանը կալանավորվել է հունվարի 9-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի որոշմամբ, որի դեմ նրա պաշտպանները բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարան։
Նշենք, որ Փանոսյանը 2019-ի սեպտեմբերի 28-ին ձերբակալվել էր, ապա Քննչական կոմիտեն նրան մեղադրանք էր առաջադրել և միջնորդություն ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:
Ըստ տարածած հաղորդագրության՝ տվյալներ են ձեռք բերվել Հրայր Թովմասյանի արդարադատության նախարար եղած ժամանակահատվածում Նորայր Փանոսյանի, Արդարադատության նախարարության ու Երևանի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի վերաբերյալ: Այս որոշման դեմ բողոք էր տարվել Վերաքննիչ դատարան, և 2019-ի նոյեմբերի 6-ին դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Մարաբյանի, որոշել էր կալանքից ազատել Փանոսյանին: Դատարանն արձանագրել էր, որ առկա չէ հիմնավոր կասկած առ այն, որ Նորայր Փանոսյանը կատարել է իրեն վերագրվող արարքը:
2019-ի դեկտեմբերի 26-ին Փանոսյանի մեղադրանքը փոփոխվել էր, և նրան նոր մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևաննքներ), ապա նորից Փանոսյանին կալանավորելու միջնորդություն ներկայացվել դատարան, որը կրկին բավարարվել է:
Մեկնաբանել