HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Խորհրդարանը քննարկեց համայնքին արված 100 հազար դրամ և ավելի նվիրատվությունները պարտադիր հանրայնացնելու նախագիծը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի շարք պատգամավորների և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի ներկայացրած «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Այս փոփոխություններով պատգամավորներն առաջարկում են նվազագույն ամսական աշխատավարձի հարյուրապատիկը գերազանցող նվիրատվությունների կամ նվիրաբերությունների մասին տեղեկատվությունը հանրայնացնել:

Նախագծի հիմնական զեկուցող Սոնա Ղազարյանի խոսքով` նախագծի գաղափարը ստեղծվել է Հանրային հեռուստաընկերության եթերում, երբ Սերգեյ Բագրատյանի և Անի Սամսոնյանի հետ քննարկել են Երևանի քաղաքապետարանի` տարբեր սուբյեկտների կողմից ստացված նվիրատվությունները:

«Այս փոփոխություններով փորձում ենք ապահովել համայնքների նվիրատվությունների թափանցիությունը: Համայնքի ղեկավարը մեկ շաբաթվա ընթացքում նվազագույն ամսական աշխատավարձի 100-ապատիկը գերազանցող նվիրատվության կամ նվիրաբերության մասին տեղեկատվությունը պիտի դարձնի հրապարակային՝ քաղաքացիների համար: Այդ տեղեկությունը պետք է զետեղվի համայնքի կայքում կամ փակցվի համատիրության պատին»,- ասաց Ղազարյանը:

Սոնա Ղազարյանի խոսքով՝ հաջորդիվ քննարկվելիք նախագիծը, որը հեղինակել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, կարծես այս նախագծի տրամաբանական շարունակությունն է, և կարելի է բնորոշել որպես խորհրդարանական համերաշխության նախագիծ:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը հետաքրքրվեց, թե արդյոք օրենքի ընդունման դեպքում օրենքի շահառու կարող են համարվել նաև մյուս խոշոր քաղաքները` Վանաձորը և Գյումրին: Սոնա Ղազարյանը դրական պատասխան տվեց:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն էլ անդրադարձավ այն հարցին, որ նախագծում չկա դրույթ համայնքի օրինախախտ ղեկավարի համար: Պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչ է լինելու այն դեպքերում, երբ համայնքի ղեկավարը այլ քաղաքական թիմից է և որևէ առնչություն չունի քաղաքական մեծամասնության հետ: Բաղդասարյանն առաջարկեց, որ նախագծում լինի դրույթ, որը կնախատեսի պատասխանատվություն այս հոդվածի չկատարման համար, օրինակ` նվազագույն ամսական աշխատավարձի 50-ից 100-ապատիկի չափով տուգանք:

Սոնա Ղազարյանն արձագանքեց, որ պատրաստ են առաջինից երկրորդ ընթերցում քննարկել առաջարկները:

«Սա քաղաքական քայլ էր արձանագրելու առ այն, որ խորհրդարանը անկախ քաղաքական ուժերից, զրո հանդուրժողականություն ունի կոռուպցիայի հանդեպ»,- ասաց Ղազարյանը:

ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հանձնաժողովի տեսակետը ներկայացրեց հանձնաժողովի անդամ Վահե Ղալումյանը: Վերջինիս խոսքով` նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

«Հանձնաժողովում քննարկումների հիմքը հանդիացել է շեմի բարձրացումը հարյուր հազարից մեկ միլիոն դրամի, բայց նախագիծը ներկայացնող թիմը պնդել է իրենց տարբերակը, և այս տեսքով է ընդունվել»,- ասաց Ղալումյանը:

Կառավարությունը ևս նախագծին դրական եզրակացություն է տվել: Այդ մասին իր ելույթում ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: Ինչ վերաբերում է նրան, որ նախագծում տուգանքները ներառված չեն, Տերտերյանն ասաց, որ համայնքների իրավասությունները վերահսկվում են ոչ միայն հրապարակային եղանակով, այլև` իրավական վերահսկողության շրջանակներում, դա է պատճառը, որ առանձին դրույթի առաջարկով հանդես չի եկել Կառավարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter