HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ռոբերտ Քոչարյան․ «Ես հիմնավոր կասկած ունեմ, որ գործի 600 հատորում կան բավարար նյութեր՝ տասը սպանությունը բացահայտելու համար

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Դեռ նախորդ դատական նիստին սկսվել էր պաշտպանների միջնորդության քննությունը՝ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, և միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնեց Ռոբերտ Քոչարյանը։

Վերջինս նշեց, որ իր փաստաբաները ամեն ինչից խոսել են, ներկայացրել իրենց դիրքորոշումը, հիշեցրեց, որ փաստաբան Խուդոյանը կարճ հիշատակել է, որ խտրական վերաբերմունք է գործի նկատմամբ, որ գործի նյութերն ամբողջությամբ չեն տրամադրվել իրեն և որ ընտրովի մոտեցում է ցուցաբերվել Մարտի 1-ի մայր գործի քրեական գործի նյութերը գործին կցելու հարցում։

«Այստեղ ես ասելիք ունեմ։ Եթե քրեական գործը շենքի հետ համեմատենք, այն սկսվել է տանիքից․ սկզբից մեղավոր է նշանակվել, հետո ամբողջ նյութերից փորձել են հանել, գործում ներառել միայն այն նյութերը, որոնք, իրենք կարծիքով, ապացուցողական բազա են ձևավորում։ Ծանոթ եմ քրեական գործին, և ամբողջ գործում կա երկու նյութ՝ երկու նամակ ԱԱԾ-ից։ Հիմա դուք պատկերացնո՞ւմ եք այն օրերի իրադարձությունները, թե ինչ էր կատարվում Հայաստանի Հանրապետությունում, և հանկարծ այն ժամանակ մեր ամենակայացած կառույցներից մեկը որևէ նյութ չունի այս իրադարձությունների վերաբերյալ»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, որ մարդ պիտի տկար ուղեղի տեր լինի՝ հավատալու համար, որ ԱԱԾ-ն տեղեկատվության չի տիրապետել։

Քոչարյանը հիշեցրեց, որ իրենց բազմիցս դիմել են, որ իրենց տրամադրվեն նյութերը։

«Ես վստահաբար ասում եմ, որ գիտեմ՝ ինչի մասին եմ խոսում, որովհետև ես այն ժամանակ նախագահ եմ եղել, և ԱԱԾ պետը շաբաթը մեկ անգամ զեկուցում էր ինձ, ես այդ զեկույցներից որևէ բան չեմ տեսնում այս քրեական գործում, չկան։ Ես համոզված եմ, որ այդ նյութերը, միգուցե քրեական գործի այն 600 հատորներում կան, որոնք չեն տրամադրվել այս քրեական գործի համար»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Վերջինս նշեց, որ 2008-ին Հայաստանում տիրող ներքաղաքական իրադարձություների վերաբերյալ «ՎիքիԼիքսի» նյութերը կարդալիս տպավորություն է ստեղծվում, որ ԱՄՆ դեսպանատունն ավելի շատ ինֆորմացիա ուներ Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների վերաբերյալ, քան Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը։

«Ես հիմնավոր կասկած ունեմ, որ այդ 600 հատորում կան բավարար նյութեր տասը սպանությունը բացահայտելու համար; Ես ենթադրում եմ, ունեմ ողջամիտ կասկած՝ մտածելու, ուղղակի չեն ուզում տրամադրել։ Պատճառներից մեկը կարող է լինել այն, որ չեն ուզում տրամադրել, քանի որ դա կարող է լրիվ ուրիշ տեղ տանել, ինչը կհակասի այս քրեական գործի ուղղվածությանը, և երկրորդը, ներկայացնելու դեպքում հարցեր կառաջանա՝ արդյոք տուժողներն այս նիստին պետք է մասնակցեն, թե՞ ոչ»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Վերջինս նշեց, որ սպանություններից առնվազն երեքի շրջանակը պարզ է, մարդիկ զոհվել են հատուկ միջոց՝ «Չերյոմուխայի» կիրառման պատճառով: Պարզ է նաև, որ 4 կամ 5 ոստիկան է կիրառել դրանք, ուղղակի հնարավոր չէ պարզել, թե մահվան դեպքերը կոնկրետ որ զենքի կրակոցից է։

«Որևէ մեկը, ով այստեղ նստած է, կապ չունի այդ դեպքի հետ։ Ակնհայտ է, որ սա դիտավորյալ սպանություն չէ։ Իմ համար հարց է առաջանում, թե ինչո՞ւ ամբողջ նյութերը չեն տրամադրվում․․․որովհետև տրամադրվելու պարագայում առնվազն երեք դեպքով սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ այս գործով տուժող լինել չի կարող։ Ես ցանկացա սրա մասին բարձրաձայնել՝ ցույց տալով, որ ամբողջական նյութերի չտրամադրումը ողջամիտ կասկածներ է առաջացնում, որոնք շատ ավելի խորքային են ու գործի բացահայտման համար կարող են էական դերակատարություն ունենալ, բայց չեն տրամադրվում»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Վերջինս դիրքորոշում հայտնեց, որ իրենց կողմից ներկայացված ամեն մի փաստարկն իրենով բավարարել է այս գործով քրեական հետապնդումը դադարեցնոլու համար։

«Հասկանում եմ նաև, որ դուք բավականին ծանր կացության մեջ եք՝ հաշվի առնելով նաև դատավոր Դավիթ Գրիգորյանի ճակատագիրը»,- դիմելով դատավոր Աննա Դանիբեկյանին՝ ասաց Ռոբերտ Քոչարյանը, և դատավոր Դանիբեկյանը հորդորեց միջնորդության շրջանակներում կառուցել խոսքը։

«Շատ ցավոտ եք տանում նման զուգահեռները։ Դուք ձեզ չեք հետևում, բայց մենք հետևում ենք»,- արձագանքեց Քոչարյանը։

Դատավոր Դանիբեկյանը նշեց, որ եթե Քոչարյանը միջնորդության վերաբերյալ այլ ասելիք չունի, դատարանը կսահմանափակի նրա խոսքը։

«Արդեն սահմանափակել եք, թե՞ կսահմանփակեք»,- հարցրեց Քոչարյանը, և դատավորը պատասխանեց, որ եթե միջնորդության վերաբերյալ ըստ էության ասելիք ունի, կարող է շարունակել։

«Մինև հիմա ըստ էությա՞ն էր․․․որ ես իմանամ՝ նույն ոճով շարունակեմ, թե՞ ոչ»,- ասաց Քոչարյանը և դատարանը պատասխանեց, որ կարող է շարունակել։

«Բայց, այնամենայնիվ, չշարունակեմ, որովհետև տեսնում եմ՝ դա ձեզ նյարդայնացնում է։ Շնորհակալություն, լավ եղեք»,- ասաց Քոչարյանն ու ավարտեց ելույթը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter