
Էդմոն Մարուքյանին առերևույթ սպառնալու հարցով գրությունն ուղարկվել է ոստիկանության 6-րդ վարչություն
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հասցեին առերևույթ հնչած սպառնալիքների հարցով գրությունը Գլխավոր դատախազությունն ուղարկել է ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն (6-րդ վարչություն):
Այս մասին «Հետքին» հայտնեց Գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Արևիկ Խաչատրյանը:
Գրությանն ընթացք է տրվելու Քրեական դատավարության օրենսգրքի 180 և 181 հոդվածի հատկանիշներով: Ըստ 180-րդ հոդվածի` հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելը ստուգելու անհրաժեշտության դեպքում` դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում:
Նշված ժամկետում կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր, բացատրություններ, այլ նյութեր, ինչպես նաև կարող է կատարվել դեպքի վայրի զննություն, հանցագործություն կատարելու կասկածանքի բավարար հիմքերի առկայության դեպքում կարող են բերման և անձնական խուզարկության ենթարկվել անձինք, հետազոտման համար վերցվել նմուշներ, նշանակվել փորձաքննություն։
Ըստ 181-րդ հոդվածի` հանցագործության մասին տեղեկություն ստանալու յուրաքանչյուր դեպքում ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը`
- քրեական գործ հարուցելու մասին
- քրեական գործ հարուցելը մերժելու մասին
- հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին:
Մեկնաբանել