
Արմավիրի մարզում, հողի հարկի պլանը նվազեցնելով, ցույց են տվել բարձր կատարողական
Արմավիրի մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման 2019թ. կատարողականը կազմել է 102,6 %: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ հավաքագրումների ցուցանիշն աճել է 12,0 %-ով կամ 577,1 մլն դրամ ավել է հավաքագրվել:
Մարզպետարանի տեղեկացմամբ՝ 2019թ. սեփական եկամուտների հավաքագրման 100 %-ի շեմն անցել է 46 համայնք, իսկ 2018-ին դրանց թիվը եղել է 22: 2019թ.-ին հավաքագրումների 70 %-ից ցածր ցուցանիշ է ապահովել 7 համայնք, մինչդեռ 2018-ին այդ համայնքների թիվը եղել է 27:
Մարզխորհրդի այս տարվա առաջին նիստի ժամանակ մարզպետ Համբարձում Մաթևոսյանը գոհունակություն է հայտնել բարձր ցուցանիշների համար: Մինչդեռ իրականում, որոշ համայնքներում բարձր արդյունք են ցույց տվել համայնքապետերի «դիվանագիտության» շնորհիվ: Արդյունքում պլանն արհեստականորեն գերակատարվել է:
Մասնավորապես, մարզի Մարգարա համայնքը 2019թ.-ի սեփական եկամուտների հավաքագրումը կատարել է 142,4 %-ով: Հողի հարկի հավաքագրումը պլանավորված է եղել 2 մլն 800 հազար դրամ, և 12 ամիսների կտրվածքով տարեկան պլանը կատարվել է մոտ 4 մլն 136 հազար դրամ կամ՝ 147,7 %: Սա մարզի ամենաբարձր ցուցանիշն է:
Համեմատության համար նշենք, որ Մարգարա համայնքում 2018թ.-ին հողի հարկի հավաքագրումը կատարվել էր 86,8 %-ով՝ հավաքագրելով մոտ 3 մլն 470 հազար դրամ:
2019թ.-ի համար էլ հողի հարկի հավաքագրումը պլանավորված է եղել 4 մլն դրամի չափով, սակայն, համայնքի ավագանին նույն թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 42 որոշմամբ համայնքի բյուջեի եկամտային մասի հողի հարկի տարեկան պլանից պակասեցրել է 1 մլն 200 դրամ: Փաստացի պլանը 4 մլն դրամից իջեցվել է 2 մլն 800 հազար դրամ: Որոշման պատճառաբանությունը հետևյալն էր. «Բնակչության մի մասը գտնվում է հանրապետությունից դուրս, և հնարավոր չէ գանձել հողի հարկի գումարները»:
Նշենք, որ Մարգարայի 2019թ.-ի հողի հարկի տարեկան պլանն անգամ ցածր է եղել 2017-ից: Այդ ժամանակ պլանավորվել էր 3 մլն 200 հազար դրամ և կատարվել է 100 %-ով:
Այսինքն, Մարգարայի համայնքապետն ու ավագանին համայնքի բյուջեի մուտքերը ավելացնելու, բոլոր օրինական եղանակներով հարկերը հավաքելու փոխարեն, նվազեցրել են՝ ցուցաբերելով անգործություն և կատարողականի բարձր արդյունք:
«Հետք»-ն ամիսներ առաջ գրել էր ավագանու այս որոշման մասին, սակայն, ո՛չ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, ո՛չ Արմավիրի մարզպետարանը գործուն քայլեր չեն ձեռնարկել:
Պարզվում է՝ նմանատիպ սցենարով առաջնորդվել են նաև այլ համայնքներում՝ նախորդ տարիների հետ համեմատ պակասեցնելով պլանները:
Գրեթե նույն գործընթացը տեղի է ունեցել Արևիկ համայնքում: Այստեղ, ավելանալու փոխարեն, ամեն տարի նվազում է հողի հարկի պլանը: Մասնավորապես՝ 2018թ.-ին հողի հարկի պլանը նախատեսված է եղել 4 մլն 890 հազար դրամ, կատարվել է 62,4 %-ով: 2019-ի պլանը իջեցվել է 4 մլն 500 դրամի և կատարվել է 111,6 %-ով: Համեմատության համար նշենք, որ Արևիկում հողի հարկի հավաքագրման 2017թ. պլանը եղել է 5 մլն դրամ, կատարվել է 90,2 %-ով:
Բամբակաշատում ևս հողի հարկի պլանը իջեցվել է 2019-ին: Եթե 2018թ.-ին նախատեսված է եղել 15 մլն 964 հազար դրամ և կատարվել է 16,9 %-ով, ապա 2019-ին պլանն իջեցվել է 13 մլն 26 հազար դրամի և կատարվել 103,7 %-ով:
Կտրուկ իջել է նաև Սարդարապատ համայնքի հողի հարկի պլանը: 2018-ին նախատեսված էր հավաքագրել 25 մլն 655 հազար դրամի հողի հարկ: Այդ մասով բյուջեն կատարվել էր 37,6 %-ով: 2019-ին պլանն իջեցվել է հասցնելով՝ 19 մլն 539 հազար դրամ և կատարվել 102,5 %-ով: Մինչդեռ ավագանին 2018թ. դեկտեմբերի 26-ի թիվ 41 որոշմամբ հաստատելով 2019-ի բյուջեն, հողի հարկի պլանը սահմանել էր 23 մլն 539 հազար դրամ: 2020թ.-ի համար հողի հարկի հավաքագրումը պլանավորվել է 21 մլն 930 հազար դրամ:
Փորձեցինք պարզաբանում ստանալ համայնքապետ Բաբկեն Վարդանյանից, սակայն բաժանորդը գտնվում էր «ռադիոծածկույթից դուրս»:
Այլ համայնքներ ևս, իջեցնելով պլանը, ցույց են տվել բարձր կատարողական:
Նալբանդյան գյուղն այն համայնքներից է, որտեղ սեփական եկամուտների հավաքագրումը թերակատարվել է: 2018-ին հավաքագրվել է սեփական եկամուտների 16.8 %-ը, որից հողի հարկը՝ 11,7 %, իսկ 2019-ին՝ 62,9 %-ը, որից հողի հարկը՝ 61 %:
Նալբանդյանում ևս նվազեցրել են հողի հարկի պլանը՝ 2018-ի 27 մլն դրամից 2019-ին հասցնելով 25 մլն 200 հազար դրամ:
«Մարդիկ մտածում էին, որ իշխանությունը փոխվեց էլ հարկ չեն տալու, բայց դե այդպես չի: Բոլորն էլ հասկացան, որ հարկն իրենց գյուղինն է»,- ասում է Նալբանդյանի համայնքապետ Գրիգոր Մկրտչյանը:
Համայնքապետը նշեց, որ գյուղն ունի մոտ 1500 հա վարելահող, որից մշակվում է մոտ 800 հա-ը: Հողերի մնացած մասը չի մշակվում. կամ սեփականատերերը գյուղում չեն, կամ գյուղացիներն ի վիճակի չեն մշակել:
«Սեփականաշնորհման տարիներին նախկին բնակիչներին անխնա հող են տվել, չեն թողել մնա վարձակալական, որ համայնքին օգուտ տա ինչ-որ հարցով: Այդ մարդկանց գտնելն ու հողի վարձ վերցնելն ահավոր դժվար է»,-ասում է Գ. Մկրտչյանը:
Համայնքի ղեկավարի խոսքերով՝ հարկերի հավաքագրման «մեխանիզմը գտել են» և 2019թ.-ին, 2018-ի համեմատ, կարողացել են ավել գումար հավաքել:
«Կառավարությունը թույլտվություն է տվել. համայնքի ղեկավարն իրավունք ունի առանց դատարան մտնելու, ԴԱՀԿ-ի միջոցով կալանք դնել մարդու ֆինանսական միջոցների վրա: Նախկին բնակիչների ցուցակը հանել ենք, բերել ենք «թարազուի», որ կարողանանք գումարները հավաքենք: Ցուցակն ուղարկում ենք հարկադիր, որ կարողանանք մի կերպ հավաքագրենք»,-հավելում է Գ. Մկրտչյանը:
Նալբանդյանի համայնքապետն ասում է, որ 3 տարի է՝ չեն կարողանում սեփական եկամուտները 100 %-ով հավաքագրել: Պատճառը տարիներ առաջ կարկուտի հասցրած վնասն է, որից դեռ գյուղացիներն ուշքի չեն եկել, ընկել են վարկային պատմությունների մեջ:
Գ. Մկրտչյանն ասում է, որ նախորդ տարվա հավաքագրման համեմատաբար բարձր ցուցանիշը գյուղում աշխուժություն է մտցրել: Կարողացել են գործարկել մանկապարտեզը: Գումար են խնայել և այս տարի էլ որոշել են սուբվենցիոն ծրագրով գյուղում արևային կայան տեղադրել, որից 55 %-ը Կառավարության ներդրումն է լինելու, 45 %-ը՝ համայնքապետարանի: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմելու է մոտ 22 մլն դրամ:
Նալբանդյանում արևային կայաններից ստացված էներգիայի մի մասն օգտագործելու են գիշերային լուսավորության համար, մի մասով էլ աշխատեցնելու են խմելու ջրի երկու արտեզյան հորերը:
Մեկնաբանել