HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Առաջարկվում է օրենքով ամրագրել, որ համայնքի ավագանին հավանություն տա նվիրատվության ընդունմանը, եթե համայնքը նվիրառու է

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը: Այս փոփոխություններով առաջարկվում է օրենքով ամրագրել, որ համայնքի ավագանին իր որոշմամբ հավանություն է տալիս նվիրատվության ընդունմանն այն դեպքում, երբ համայնքը նվիրառու է, ինչից հետո միայն նվիրատվության պայմանագիրը կարող է համարվել կնքված, իսկ նվերը՝ ընդունված:

Նախագիծը ներկայացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

«Երևան համայնքում եղել է պրակտիկա, երբ համայնքին կատարված նվիրատվությունները հաստատել է Երևանի ավագանին, 2018-ին այս պրակտիկան չարաշահվել է այն առումով, որ Երևանի իշխանությունները, հղում կատարելով Երևանի մասին ՏԻՄ օրենքին և Տեղական ինքնակառավարման օրենքներին, ասում էին, որ չի եղել հստակ դրույթ, որի համաձայն՝ համայնքին կատարված նվիրաբերությունները և նվիրատվությունները հաստատում է ավագանին»,- ասաց Սամսոնյանը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ասաց, որ նախագծի հիմնավորման մեջ նշվում է, թե ներկայիս կարգավորումները կոռուպցիոն դրսևորումները չեն բացառում, եթե առաջարկվող նախագիծն ընդունվեց, կոռուպցիոն դրսևորումներն ինչպե՞ս են բացառվելու:

«Եթե կամազը բերելու են ավագանու որոշմամբ հաստատեն, ի՞նչն է փոխվելու»,- հարցրեց նա:

Բաբկեն Թունյանը նաև հավելեց, որ թափանցիկության ապահովման հարցը օրակարգում ներառված մյուս նախագծով կարգավորվում է: Անի Սամսոնյանն արձագանքեց՝ միայն թափանցիկությունը բավարար չէ, որ ավագանին կատարի վերահսկողական գործառույթ, քանի որ թափանցիկության հարցը լուծվում է պոստֆակտում, երբ գործարքն արդեն կնքված է լինում: Սամսոնյանի խոսքով՝ նման կարգավորման դեպքում ավագանին հնարավորություն է ստանում հարցեր ուղղելու, թե ինչ համայնքային ծառայություններ են մատուցվել կամ մատուցվելու այս ընկերություններին:

ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավաման հանձնաժողովի անդամ Վահե Ղալումյանը ներկայացրեց հանձնաժողովի եզրակացությունը: Ղալումյանն առաջարկեց նախագծին կողմ քվեարկել, իսկ առկա մտահոգությունները քննարկել առաջինից երկրորդ ընթերցմամբ:

Դրական եզրակացություն ներկայացրեց նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը, որի խոսքով նախագծի հեղինակի հետ ունեն պայմանավորվածություն՝ առաջինից երկրորդ ընթերցում անհամաձայնությունները հստակեցնելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter