
Նիկոլ Փաշինյանի համոզմամբ` հանրաքվեն խթանելու է տնտեսական ակտիվությունը
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին հետաքրքրվեց, թե ապրիլի 5-ին սպասվող հանրաքվեն ինչ ազդեցություն կարող է ունենալ երկրի տնտեսական ակտիվության վրա: Պատգամավորի խոսքով` կա տեսակետ, որ երկու ամիս տևող քարոզարշավն ու հանրաքվեն կարող է բացասական ազդեցություն թողնել տնտեսության վրա:
«2019 թվականի փորձը ցույց տվեց, որ Հայաստանի տնտեսության վրա ազդող հիմնական գործոնը ապագայի նկատմամբ ՀՀ քաղաքացիների վստահությունն է: Ուզում եմ հավաստիացնել, որ այդ քարոզարշավի ընթացքում Հայաստանի քաղաքացիների վստահությունն ապագայի նկատմամբ ավելի կուժեղանա, ինչը նշանակում է, որ տնտեսական ակտիվությունն ավելի կմեծանա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի վստահեցմամբ` հանրաքվեն ոչ միայն բացասական ազդեցություն չի ունենալու, այլ հակառակը` կունենա աշխուժացնող ազդեցություն:
«Մանավանդ, ինչպես երևում է, արտերկրում գտնվող մեր բազմաթիվ քաղաքացիներ պատրաստվում են գալ քվեարկելու համար, մենք ոնց որ թե ստեղծում ենք տուրիզմի նոր տեսակ, որը կոչվում է ընտրական տուրիզմ»,- ասաց Փաշինյանը:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ ընտրական տուրիզմը նոր չի ստեղծվում:
Վարչապետն ափսոսանք հայտնեց, որ առաջինը Հայաստանը չի հորինել ընտրական տուրիզմը:
«Ուզում եմ դիմել մեր հայրենակիցներին, ովքեր Հայաստանի քաղաքացիություն ունեն, անպայման այս ընթացքն օգտագործեն: Մանավանդ հիմա շատ ցածր սակագներով էժան ավիատոմսեր կարելի է գնել մի շարք եվրոպական քաղաքներից և ժամանել Հայաստան»,- ասաց նա:
Փաշինյանը վստահեցրեց, որ աննախադեպ ծավալի կապիտալ ծախսերը, որոնք Կառավարությունը պլանավորել է, խթանելու է տնտեսությունը, ինչպես նաև անշարժ գույքի շուկայում տիրող ակտիվությունը:
Մեկնաբանել