
Մահացած 2 զինծառայողի հարցով վարչապետը հանդիպում է ունեցել պաշտպանության նախարարի և գլխավոր շտաբի պետի հետ
Այսօր դեռևս չպարզված հանգամանքներում մահացած պաշտպանության բանակի երկու զինվորի հարցով վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասն զրույց է ունեցել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով Արման Բաբաջանյանի հարցադրմանը:
«Իհարկե, ցանկացած դեպք շատ մեծ խնդիր է մեզ՝ բոլորիս համար: Կարծում եմ` առաջին խնդիրն է պաշտպանության նախարարի և շտաբի պետի համար: Ես իմ տեսակետը հայտնել եմ` էս խնդիրը հասկանալու համար պետք է տեսնենք բակերում երեխաներն ինչպես են իրար հետ շփվում: Վերջերս ես զարմացա, երբ իմացա, որ ընդհուպ պատգամավորներ ինչ-որ միջավայրերի մասին խոսելիս ասում են գողական ապրելակերպը մեր ազգային ավանդույթների պահպանման համար կարևոր է»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանը հիշեցրեց, որ իր վարչապետ դառնալուց հետո Կառավարությունը զինվորների վարտիքի որակապես փոխման խնդիր է դրել, ինչից հետո լվացքի մեքենաներով են ապահովվել զորամասերը:
«Հետո պարզվեց, որ մեր զինվորների արժանապատվության համար պրոբլեմ է, երբ իրենց վարտիքը լվացքի մեքենայի մեջ հայտնվի ուրիշի վարտիքի հետ: Էսօրվա իմ քննարկման հիմնական հարցն է եղել, որ մենք մինչև գենետիկ մակարդակում այդ պրոբլեմը պետք է ախտորոշենք: Իմ սկզբունքն է, որ սա քրեական ենթամշակույթի արտահայտման ձևերից է»,- ասաց Փաշինյանը:
Մեկնաբանել