HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Մարուքյան-Փաշինյան «փոխհրաձգություն»` ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ բանավեճ ծավալվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև:

«Անհասկանալի է ինձ համար, պարոն վարչապետ, եթե պետք է գաք ուժեղ ելույթ ունենաք, հետո Սիսակին (նկատի ունի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին) ասեք մի հատ հարց կտաս, գամ, ելույթս սրբագրեմ, արդարանամ, իմաստը ո՞րն է»,- հարցրեց Մարուքյանը` դիմելով Փաշինյանին:

Մարուքյանն ասաց, որ հայտնի բանավեճից հետո Կառավարության կողմից Վանաձորում նշանակված աուդիտի շրջանակներում փնտրում են «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամների:

«Պայմանագիրը չի կնքվել, քանի որ մենք հրապարակեցինք, և բացահայտվեց էդ պատմությունը, բայց ես ուզում եմ իմանալ` ո՞վ է հանձնարարել հարցերի պլանի մեջ գրել ԼՀԿ-ից ո՞վ կա աշխատող»,- հարցրեց Մարուքյանը:

Փաշինյանն արձագանքեց` այսօր էլ ասել է այն, ինչ նախորդ ելույթում է ասել:

«Ինձ միշտ թվացել է` մենք նույն դաշտում ենք եղել` ժողովրդի կամարտահայտման խոչընդոտումը համարում ենք հակապետական ուժեր»,- ասաց Փաշինյանը` դիմելով Մարուքյանին:

Վարչապետը, դիմելով երբեմնի դաշնակցին, հիշեցրեց վերջինիս ելույթների տոնայնությունը.

«Նայեք հեղափոխությունից հետո Ձեր ելույթների տոնայնությունը, բառապաշարը, հետո նայեք Ձեր ելույթները Սերժ Սարգսյանի ներկայությամբ, նայեք Ձեր տոնայնությունը ու համեմատեք էսօրվա հետ: Վայելեք այն ազատությունը, որ հեղափոխությունը ձեզ բերել է, բայց գոնե ընդունեք դա, Դուք կարո՞ղ էիք Սերժ Սարգսյանի ներկայությամբ այդպես խոսել, ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլ որևէ վարչապետի ներկայությամբ: Ես հասկանում եմ` կարող է էդ աթոռից է, որտեղ նստած եք, ոգեշնչում է առաջանում»,- հեգնեց Փաշինյանը` փորձելով հիշեցնել, որ Մարուքյանը զբաղեցնում է իր նախկին տեղը:

Անդրադառնալով վանաձորյան աուդիտին` Փաշինյանը նման հանձնարարություն տվողի «հարցերը լուծելու» խոստում տվեց:

Փաշինյանն անդրադարձավ նաև Մարուքյանի հասցեին առերևույթ հնչած սպառնալիքներին` ասելով, որ հանձնարարել է ԱԱԾ տնօրենին և ոստիկանապետին զբաղվել այդ խնդրով:

«Պարոն Մարուքյան, ինչի մտածում եք Ձեզ պիտի սպառնա՞մ, էդ լո՞ւրջ եք ասում»,-ասաց Փաշինյանը:

Մարուքյանը հակադարձեց` մինչ հեղափոխությունը յոթ տարի պատգամավոր է եղել, իսկ Սերժ Սարգսյանն այդ տարիների ընթացքում միայն մեկ անգամ է խորհրդարան եկել: Մարուքյանն ասաց, որ Սերժ Սարգսյանի` վարչապետի ընտրության օրը երկու ելույթի իրավունք է ունեցել, երկու անգամ էլ ելույթ է ունեցել:

Մարուքյանը նաև ասաց, որ նախորդ մյուս վարչապետերի մասին ևս ասել է այն, ինչ մտածել է իրենց մասին:

«Ես զարմանում եմ` կարո՞ղ է իշխանությունը պրոբլեմ է առաջացնում հիշողության մեջ, տենց բաները ո՞նց կարաք մոռանաք, էդ որտե՞ղ էինք սփրթնած, որ իրավապաշտպան էի, է՞դ ժամանակ էի սփրթնած, որ սաղ օրը բանտերում էի կամ որ անկախ պատգամավոր էի. էդ ինչ վիրավորական բառեր են»,- ասաց Մարուքյանը:

Հիշեցնենք, որ այսօր Փաշինյանն ասել էր, որ այն ժամանակ, երբ որպես ընդդիմադիր ելույթներ էր ունենում, մի շարք ընդդիմադիր գործիչներ սփրթնում էին դահլիճում:

Անդրադառնալով իր խոսքի տոնայնությանը Մարուքյանն ասաց, որ խոսել է այն տոնայնությամբ, որով վարչապետն իրենց սպառնացել է:

Վարչապետն էլ արձագանքեց` հիշողության կարիք չկա, «փառք Աստծո` Յութուբ կա»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter