HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ադրբեջանում ամփոփել են արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները

ԵԱՀԿ դիտորդներն արձանագրել են բազմաթիվ խախտումներ, որոնք գրանցվել են մի քանի օր առաջ Ադրբեջանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանում տեղի ունեցած արտահերթ ընտրությունների արդյունքներով 125 հնարավոր մանդատներից 71-ն ստացել է իշխող «Նոր Ադրբեջան» («Ենի Ազերբայջան») կուսակցությունը, որը գլխավորում է երկրի նախագահ Իլհամ Ալիևը։ Մնացած մանդատները բաժին են հասել առավել փոքր կուսակցություններին կամ անկախ թեկնածուներին, որոնք ընդունելի են եղել Ալիևի վարչակարգի կողմից։

Միջազգային դիտորդները ձայների հաշվարկման ժամանակ արձանագրել են ընթացակարգային էական խախտումներ և բարձրացրել ընտրության թափանցիկության և արդարության բացակայության հարցը։ Ընդդիմությունն էլ կոչ է արել բողոքի ցույցեր կազմակերպել ընդդեմ խեղաթյուրված ընտրությունների։ 

Իլհամ Ալիևը երկուշաբթի երեկոյան հայտնել էր, որ միջազգային դիտորդները կողմնակալ վերաբերմունք են ունեցել ընտրությունների նկատմամբ։

«Մենք արդեն սովոր ենք միջազգային դիտորդական առաքելությունների կողմից նման բացասական եզրակացությունների ստացման հանգամանքին։ Երբեմն այդ եզրակացությունները պատրաստվում են ընտրությունների անցկացումից առաջ, ընդ որում ոչ տվյալ կազմակերպությունների կողմից, այլ ուրիշ վայրերում, որոնք ավելի ուշ փոխանցում են այդ կազմակերպություններին։ Մենք բազմիցս նկատել ենք այդ երևույթը»,- նշել է Ալիևը։

Նա հավելել է, որ Ադրբեջանում չի հիշում որևէ խորհրդարանական ընտրություն, որին մասնակցած լինի 1300 թեկնածու և դա հիմք է հանդիսացել Ադրբեջանի նախագահի համար՝ ընտրությունները համարել մրցակցային։

Ընդդիմադիր ReAL («Հանրապետական այլընտրանք») կուսակցության առաջնորդ Իլգար Մամեդովը, Reuter գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ ընտրություններն ուղեկցվել են խախտումներով, որոնք իրենց մասշտաբներով եղել են աննախադեպ՝ Ադրբեջանի ողջ պատմության մեջ։ Ավելի վաղ Մամեդովը հայտնել էր, որ այս ընտրությունները պատմական հնարավորություն են ընդդիմության և ժողովրդի համար՝ կոչ անելով քաղաքական ուժերին մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

Ընտրությունների դիտարկմամբ զբաղվող միջազգային առաքելության պաշտոնական հայտարարության համաձայն՝ բազմաթիվ միջազգային դիտորդներ անհանգստություն են հայտնել հիմնարար իրավունքների և ազատությունների ոտնահարումների դեպքերի առթիվ։ Ընտրախախտումներն արձանագրվել են ընտրական տեղամասերի 7 %-ում, ինչը վիճակագրորեն բավականին բարձր ցուցանիշ է։ Խախտումների թվում դիտորդները գրանցել են ընտրողների վրա ճնշումների բազմաթիվ դեպքեր, իսկ ընդդիմությունն էլ հայտարարել է լցոնումների մասին։

ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության հատուկ համակարգող Արթուր Գերասիմովը հայտարարել է՝ չնայած նրան, որ նկատվում է առաջընթաց ընտրական գործընթացներում, այդուհանդերձ գրանցվել են էական խախտումներ։ Կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ նա ներկայացրել է ընտրողների, թեկնածուների և նրանց ներկայացուցիչների վրա ճնշումների փաստեր՝ նշելով, որ դիտորդներն ակնկալում էին առավել թափանցիկ և ժողովրդավարական ընտրությունների անցկացում։ Զուգահեռաբար, ԱՊՀ դիտորդական խումբը հայտնել է, որ ընտրություններն անցել են ժողովրդավարական և մրցակցային պայմաններում։

Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հայտնել է, որ ընտրությունների ժամանակ ստացել են 261 դիմումներ, որոնք հիմնականում ունեցել են տեխնիկական և խորհրդատվական բնույթ։ Ըստ ԿԸՀ-ի՝ այդ դիմումներն արագ լուծում են ստացել։ ԿԸՀ փոխնախագահ Ռովզաթ Քասիմովը լրագրողներին հայտնել է, որ սոցցանցերում հրապարակված փաստերը և տեսագրությունները մանրակրկտորեն կուսումնասիրվեն։ 

Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ընտրությունների արդյունքները։ Ընտրություններին մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 47,81 %-ը։ 125 հնարավոր մանդատներից Ալիևի ղեկավարած «Նոր Ադրբեջան» կուսակցությանը բաժին է հասել 71-ը, 3 մանդատ ստացել է «Քաղաքացիական համերաշխություն» կուսակցությունը, 7 կուսակցություններ ստացել են մեկական մանդատ, իսկ 44 մանդատներ էլ ստացել են անկախ պատգամավորները, որոնք շատերի պնդմամբ լոյալ վերաբերմունք ունեն Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ։

Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին Ադրբեջանում տեղի ունեցան 6-րդ գումարման Միլի Մեջլիսի արտահերթ ընտրությունները։ Ընտրություններին մասնակցել են 19 կուսակցություններ, սակայն թեկնածուների մեծ մասը եղել են անկախ թեկնածուներ։ Ընտրությունների ընթացքին հետևել են 77 700 տեղական և 880 միջազգային դիտորդներ, այդ թվում ԵԽԽՎ-ից, ԱՊՀ-ից, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովից, Շանհայի համագործակցության կազմակերպությունից և Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդից։

Լուսանկարը՝ European Parliament, Flickr

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter