
Գևորգ Ղարիբյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
Հունահռոմեական ոճի ըմբիշ, 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում նվաճեց չեմպիոնի տիտղոսը: Սա հայ ըմբիշի կարիերայում ամենամեծ հաջողությունն էր:
Եզրափակիչ գոտեմարտ տանող ճանապարհը Գևորգ Ղարիբյանը հաղթահարեց առանց լուրջ խոչընդոտների: Պայքարը սկսելով որոկավորման փուլից՝ առաջին գոտեմարտում նա 9:1 հաշվով առավելության հասավ բուլղարացի Ավգուստին Սպասովի նկատմամբ: Քառորդ եզրափակչում Գևորգ Ղարիբյանը 8:0 հաշվով պարտության մատնեց Ադրբեջանը ներկայացնող Մուրադ Բազարովին, իսկ կիսաեզրփակչում կրկին 8:0 հաշվով ջախջախեց էստոնացի Հելարի Մաեգիսալուին:
Եզրափակչում հայ ըմբիշի մրցակիցը թուրք Քերեմ Քամալն էր։ Գոտեմարտն ավարտվեց 5։5 հաշվով, սակայն հաղթանակը տրվեց Ղարիբյանին, քանի որ նա 4 միավորանոց հնարք էր կատարել։
Եզրափակիչ գոտեմարտը
Նշենք, որ փետրվարի 11-ին Հայաստանը ներկայացնող Կարապետ Չալյանը 77 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ էր նվաճել։ Իսկ այսօր բացի Գևորգ Ղարիբյանից Հայաստանի հավաքականը կարող է ևս երկու մեդալ նվաճել։ 67 կգ քաշային կարգում Կարեն Ասլանյանը կպայքարի բրոնզե, իսկ 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալի համար։
Մեկնաբանել