HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատասխան Վահան Իշխանյանի «Ֆերանտեի «Իմ հանճարեղ ընկերուհին» զուգահեռներ Երևանի և Նեապոլի միջև» հոդվածին

Աղասի Թադևոսյան, մշակութային մարդաբան

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, ԵՊՀ դասախոս

Վահան Իշխանյանը «Հետք» թերթում հրատարակած իր «Ֆերանտեի «Իմ հանճարեղ ընկերուհին» զուգահեռներ Երևանի և Նեապոլի միջև» հոդվածում քննադատական անդրադարձ է կատարել 2019 թվականին իմ կողմից իրականացված «Բարոյականություն և սեռականություն, խոսույթներ և պրակտիկաներ» հետազոտությանը: Այդ քննադատության մեջ, իմ կարծիքով, թույլ են տրվել մի շարք ոչ ճիշտ մեկնաբանություններ, որոնց կցանկանայի անդրադառնալ ներկայացրածս արձագանքում:

Նախ, Իշխանյանն իր հոդվածում սխալ է ներկայացրել իմ մասնագիտությունը: Հետազոտությունում, որից նա օգտվել է, իմ մասնագիտությունը հստակ նշված է որպես մշակութային մարդաբան, այնինչ Վ. Իշխանյանն ինձ ներկայացրել է որպես պատմաբան: Հուսով եմ դա կանխամտածված չէ և պարզապես վրիպակ է:

Վահան Իշխանյանն իր քննադատության մեջ պնդում է, որ ներկայիս Հայաստանին բնորոշ և որպես «ազգային» մեկնաբանվող մի շարք բարոյական նորմեր ու պրակտիկաներ, որոնց ձևավորումը ես կապում եմ խորհրդային շրջանի հետ, սխալ է, և դրանց մեջ տեսնում իմ կողմից հակասովետական թեզեր ստեղծելու կանխամտածվածություն:  

Անդրադառնալով Իշխանյանի քննադատությանը, կցանկանայի ասել, որ գրանցածս որակական հետազոտական տվյալները թույլ են տալիս ինձ պնդել, որ այսօրվա մեր առօրյա վարքագծին բնորոշ և որպես ազգային մեկնաբանվող բարոյական նորմերից շատերը ձևավորվել են հենց Խորհրդային շրջանում, հատկապես 1950-1970-ական թվականներին և որոշ փոխակերպումներ ապրել 1990-ականներից հետո: Դրանք ձևավորվել են ավանդական շրջանից ժառանգված սոցիալական նորմերում խորհրդային տարիներին տեղի ունեցած փոխակերպումների հետևանքում: Վահան Իշխանյանի 1950-ականների Նեապոլի վերաբերյալ բերած նկարագրությունները նման են ոչ թե մինչխորհրդային շրջանի ավանդական հայկական հասարակության բարքերին, ինչպես նա փորձում է ակնարկել իր քննադատության մեջ, այլ՝ հենց 1950-1970-ական թվականների հատկապես խորհրդահայ քաղաքային միջավայրերին բնորոշ իրողություններին: Գրանցված նյութերը թույլ են տալիս ասել, որ 1970-ականների երկրորդ կեսը ու 1980-ականները առանձնանում են հենց այն բանով, որ այս տարիներին թաղային ու բակային միջավայրերում տղաների վարքուբարքի վրա ուժեղանում է այսպես կոչված «գողական» նորմերի ազդեցությունը, որոնք, սերտաճելով առօրյա պրակտիկաներին, սկսում են ընկալվել որպես «հայկական», իսկ արդեն հետխորհրդային շրջանում մեկնաբանվում են որպես «ազգային»:

Փորձելով մեղադրել ինձ խորհրդահայ շրջանի պատկերը խեղաթյուրելու մեջ, իր հոդվածում Վահան Իշխանյանը նշում է, որ «Սովետական Հայաստանում չկար այն հետսովետական Հայաստանին բնորոշ սովորույթը, որ տղան աղջկա հետ հանդիպելու համար թույլտվություն էր վերցնում նրա եղբորից: Այդպես էր Նեապոլում, Լիլիայի հետ հանդիպելու համար նրա երկրպագուները թույլտվություն են վերցնում նրա եղբորից»: Այս դրվագում Իշխանյանը փորձում է ցույց տալ, որ Խորհրդային շրջանը պահպանողական չի եղել, այլ հետխորհրդային շրջանում է ի հայտ եկել աղջկա վրա եղբոր վերահսկողությունը հաստատելու պրակտիկան: Վստահորեն կարող եմ ասել, որ Վահանի Իշխանյանի այս պնդում սխալ է: Իմ և այլ ազգագրագետների կողմից քաղաքային առօրեականությանը վերաբերող որակական հետազոտական տվյալներում բազմաթիվ են վկայությունները, որ Խորհրդային Հայաստանում 1950-1980-ական թվականներին բավական տարածված պրակտիկա է եղել աղջկա հետ հանդիպելու համար եղբոր, հոր և նույնիսկ հորեղբոր տղայի թույլտվությունը խնդրելը: Ավելին, աղջկա հետ հանդիպելու, նրան ուղեկցելու համար հաճախ գործել է նաև թաղի տղաների համաձայնությունը ստանալու պրակտիկան: Ես ունեմ ուշխորհրդային շրջանի հայ հասարակությանը վերաբերող բազմաթիվ նյութեր, գրանցված Երևան, Լենինական, Կիրովական և այլ խորհրդահայկական քաղաքներից, որոնցում կան վկայություններ այն կռիվների մասին, որոնք տեղի են ունեցել աղջկա եղբոր, ազգակից տղաների կամ թաղամասի տղաների ու նրա երկրպագուների միջև, հենց աղջկա հետ հանդիպելու ու ուղեկցելու թույլտվության առիթներով: Իմ ասածը կարող են վկայել նաև այն ազգագրագետները, ովքեր խորհրդային այդ շրջանի առօրեականության վերաբերյալ հետազոտություններ են կատարել: Նշածս ժամանակահատվածում խորհրդահայ միջավայրում կինը՝ չնայած ազատագրված էր ավանդական հայկական սոցիալական նորմերի ծայրահեղ ճնշումներից, սակայն լիովին ազատագրված չէր, ինչպես փորձում է ներկայացնել Վահան Իշխանյանը և ուշ խորհրդային շրջանի (1960-1980) հայկական հասարակությունը դեռևս մնում էր զգալիորեն պատրիարխալ, առօրյա կյանքում տղամարդու արտահայտված գերիշխանությամբ, պահպանողական հասարակություն: Նշված առումով որոշ բացառություններ կարելի էր հանդիպել խորհրդահայ մտավորական խավում, որին բնորոշ պրակտիկաները տարբերվում էին թաղային առօրեականում ընդունվածից:

Հետաքրքիր է, որ Իշխանյանը իր հոդվածի տարբեր մասերում նաև հակասում է ինքն իրեն: Եթե վերը մեջբերված հատվածում՝ ինձ ուղղված քննադատության համատեսքտում, նա փորձում է երևանյան խորհրդահայ իրականությունը տարբերակելով նեապոլյանից, ներկայացնել ոչ պահպանողական, որտեղ կինը ազատագրված էր, և չէին գործում քրոջ հանդեպ եղբոր վերահսկողության պահպանողական բարքերը, ապա իր հոդվածի սկզբում հենց ինքն է երևանյան միջավայրը բնութագրում որպես պահպանողական: Հոդվածի սկզբում նա գրում է. «Ֆերանտեի 50-ականների Նեապոլը հայ ընթերցողին տանում է երևանյան միջավայր, երևանյան մանկությունդ, ուր գրեթե նույն այն նեապոլական պահպանողական բարքերն են իշխում»: Հետաքրքիր է, որ Իշխանյանը, տարվելով ինձ քննադատելով, իր հոդվածի սկզբում ու վերջում բերած իր իսկ խոսքում արմատականորեն տարբեր մտքեր է հայտնում ու հայտնվում ինքն իր հետ հակասության մեջ: Մի տեղում նա պնդում է, որ Նեապոլի պահպանողականությունը նման էր երևանյան իր մանկության միջավայրին, իսկ մյուս տեղում պնդում, որ դրանք իրար նման չէին: Իշխանյանի նկարագրած երևանյան միջավայրը, որտեղ իր իսկ պնդմամբ «գրեթե նույն այն նեապոլական պահպանողական բարքերն են իշխում», վերաբերում է հենց ուշխորհրդային շրջանին, այն դեպքում, երբ Իշխանյանն ինձ մեղադրում է հենց նույն բանի՝ խորհրդային շրջանը որպես պահպանողական ներկայացնելու մեջ:

Ինչ վերաբերում է խորհրդային շրջանի հակաարևմտյան քարոզչության հետխորհրդային արձագանքների վերաբերյալ իմ անդրադարձին, ապա կցանկանայի պարզաբանել, որ այստեղ խոսքը վերաբերում է հատկապես դրա մերօրյա փոխակերպումներին և պահպանողական շրջանակների կողմից այնպիսի շահարկումներին, որոնցում թիրախավորվում է հատկապես անհատի անձնական կյանքի ազատության իրավունքը: Խորհրդային շրջանում բավական տարածված էր «արևմուտքի անբարոյական բարքերի»  մասին խոսույթը, որին սովետական քարոզչության կողմից հակադրվում էր զարգացած սոցիալիզմի շրջանի անհատի բարոյականությունը: Իմ ձեռքի տակ կան Խորհրդային Հայաստանում պետականորեն հրատարակված քարոզչական մի շարք գրքույկներ, որոնցում նշածս բառացիորեն կարելի է կարդալ բազմաթիվ անգամներ: Այսինքն, այն ինչի մասին ես խոսում եմ, ոչ թե իմ անձնական կարծիքն է, այլ՝ հետազոտական աշխատանքի հիման վրա արված եզրակացություն:

Ինչ վերաբերում է Վահան Իշխանյանի կողմից իմ հասցեին հնչեցված այն կարծիքին, որում նա մեղադրում է ինձ կանխամտածված կերպով հակասովետական թեզեր ստեղծելու մեջ, ապա կցանկանայի հատուկ նշել, որ որպես հետազոտող ես չունեմ հակասովետական տրամադրություն և չեմ ունեցել նման նպատակ: Հակառակը, ինքս իմ հանրային մի շարք ելույթներում դեմ եմ արտահայտվել հակասովետական, հատկապես «հոմոսովետիկուսի» արհեստականորեն ստեղծված կարծրատիպի դեմ, փորձելով ներկայացնել խորհրդային հասարակության թե դրական և թե բացասական կողմերը:

Վահան Իշխանյանը նաև մեղադրում է ինձ տարբեր ժողովուրդներին բնորոշ նման երևույթները համեմատելու գիտական սկզբունքը չկիրառելու մեջ: Կցանկանայի նշել, որ Իշխանյանի նշած գիտական սկզբունքը, որը գիտության մեջ հայտնի է համեմատական կամ պատմահամեմատական մեթոդ անվանումով, ազգագրության կամ մշակութային մարդաբանության մեջ առավել տարածված ու գործածելի է եղել 19-րդ դարի վերջում և 20-րդ դարի կեսերին: Հետագայում այն իր մի շարք թերությունների պատճառով բազմիցս քննադատվել է և մարդաբանական հետազոտություններում ոչ միշտ է համարվում նախընտրելի հետազոտական մեթոդ: Հարկ եմ համարում նշել նաև, որ հետազոտության սկզբում ես ներկայացրել եմ իմ կողմից կիրառված մեթոդը ու ներկայացրել դրա հիմնավորումը:

Վերջում կցանկանայի նաև նշել, որ այս նյութի հետ կապված գրավոր կերպով այլևս պատասխան չեմ գրելու և գրավոր բանավեճի մեջ չեմ մտնելու ժամանակիս սղության պատճառով, սակայն պատրաստ եմ ցանկացած լսարանի առջև հանրային բանավեճի մեջ մտնել Վահան Իշխանյանի հետ և պաշտպանել հետազոտության մեջ ներկայացրածս մտքերն ու եզրակացությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter