HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտոնյաների հետ փոխկապակցված փոխադրողները չեն ստուգվել․ մյուսները զգուշացվել են

Հայաստանից միջպետական ուղևորափոխադրում իրականացնող ընկերությունների գերակշիռ մասը ստուգման են ենթարկվել, որի արդյունքում մի շարք տնտեսվարողներ զգուշացվել են խախտումների համար։

Ստուգողներն այս փուլում շրջանցել են Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի հետ կապվող և Էջմիածնի նախկին փոխքաղաքապետի ընկերությունները։

«Հայավտոկայարան» ընկերության տնօրենը դիմել է վարչապետին կից Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին՝ ներկայացնելով խախտումների բնույթն ու խախտումներ կատարած ընկերությունների տվյալները։ Տեսչության տրանսպորտային անվտանգության վարչությունն էլ, գնալով այդ գրության հետքերով, կանոնավոր փոխադրում իրականացնող 26 կազմակերպության մոտ խախտումներ է հայտնաբերել։ Խախտումները նույն բնույթն ունեն՝ փոխադրողները պայմանագրեր չեն կնքել ավտոկայանների հետ և որտեղից նպատակահարմար են համարել, այնտեղից էլ փոխադրում են կատարել։

«Արտոնյալները»

Տեսչությունն իր ստուգման շրջանակում չի ստուգել Երևան-Մոսկվա կանոնավոր փոխադրում իրականացնող «Բաս Վոյաժ» ընկերությունը: Այս ընկերությունը փոխկապակցված է Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Մանուկյանի հետ։ Չնայած նրան, որ Մանուկյանի պաշտոնական կենսգրությունում գրված է, որ ինքը հիմնադրել է շատ նման անունով մեկ այլ ընկերություն՝ «Բուս Վոյաժ» ՍՊԸ-ն՝ նախորդ տարիներին հանդես է եկել նաև որպես «Բաս Վոյաժ» ՍՊ ընկերության ներկայացուցիչ։ Մանուկյանը և «Բաս Վոյաժ» ՍՊԸ-ի հիմնադիրը ներգրավված են եղել «ԱլբերտՍևինս» բարեգործական կազմակերպությունում։

«Բաս Վոյաժ» ՍՊԸ-ն Երևան-Մոսկվա ուղղությամբ փոխադրում պետք է իրականացնի «Հյուսիսային» ավտոկայանից, բայց փոխադրում է իրականացնում Երևանի իրենց գրասենյակի մոտից՝ Մատենադարանի հարևանությամբ։

Թե ինչու չի ստուգվել «Բաս Վոյաժ» ՍՊԸ-ն, տեսչությունն իր բացատրությունն ունի։

«2019 թ.-ին տրանսպորտային անվտանգության վարչությունը «Բաս Վոյաժ» ընկերության նկատմամբ վերահսկողություն չի իրականացրել, բայց կազմակերպության ավտոտրանսպորտային գործունեությունը գնահատվել է բարձր ռիսկայնությամբ, 2020 թվականի ստուգումների տարեկան ծրագրով «Բաս Վոյաժ» ընկերությունն ընդգրկվել է տարվա 3-րդ եռամսյակում նախատեսված ստուգման ենթակա օբյեկտների ցանկում»,– փոխանցեց տեսչության հանրային կապերի բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը։

Չի ստուգվել նաև Երևան-Թեհրան միջպետական փոխադրող՝ «Վասպուրական-238» ՍՊԸ-ն։ ՏԿ և ենթակառուցվածքների նախարարության տվյալներով՝ հենց այս ընկերությունն է Երևանից Թեհրան փոխադրում կատարողը։ Էջմիածնի նախկին փոխքաղաքապետ, ծնունդով Թեհրանից Վազրիկ Գրիգորյանին պատկանող ընկերության միջոցների վրա արգելանք է դրված։ Բնական է, որ այս պայմաններում ՍՊԸ-ն աշխատեցնելը շահեկան չէր լինի (եկամուտները կկուտակվեին, բայց դրանք օգտագործել չէր լինի)։ Հավանաբար հենց այդ պատճառով էլ «Վասպուրական-238» ՍՊԸ-ն իր անունով փոխադրում չի իրականացնում։ «Հայավտոկայանի» փոխանցմամբ՝ «Վասպուրական-238» ՍՊԸ-ի փոխարեն փոխադրում է իրականացնում «Ուրարտու-17» ՍՊԸ-ն։ Այդ ընկերությունն էլ միջպետական փոխադրող չէ։ Մի խոսքով, եթե տեսչական մարմինը ստուգեր այս փոխադրողների գործունեությունը, վստահաբար էական խախտումներ կհայտնաբերեր։ Բայց չի ստուգել։

Ինչո՞ւ և ի՞նչ խախտումներ են անում փոխադրողները

«Հայավտոկայարան» պետական ՓԲԸ-ն Հայաստանի տարբեր քաղաքներում ունի ավտոկայաններ։ Օրենսդրության պարտադիր պայման է՝ միջպետական փոխադրողների երթուղու սկզբնակետը ավտոկայանը պետք է լինի։ Դրանից էլ հետևում է, որ փոխադրողները պետք է պայմանագիր կնքեն ավտոկայանների հետ և ստանան կարգավարի (դիսպետչեր), վարորդին զննող բժշկի, սպասարկման տարածքի և ևս մի քանի այլ ծառայություն։

«Հայավտոկայարան» ՓԲԸ-ի փոխտնօրեն Ժիրայր Հովասափյանի կարծիքով՝ ուղևորափոխադրող ընկերությունները խուսափում են պայմանագրեր կնքել, որպեսզի «Հայավտոկայարան»-ին գումար չվճարեն։

Նա դժվարացավ նշել սպասարկման համար գանձվող գումարի ֆիքսված չափ։ Տարբեր ընկերությունների դեպքում՝ կախված երթուղու ուղղությունից, երթերի քանակից, գանձվող գումարի չափը տարբեր է, հիմնականում համաձայնեցնում են տնտեսվարողի հետ՝ առաջարկելով 2 տարբերակներից մեկը․ առաջին՝ մի երթի ընթացքում ստացված հասույթի որոշակի տոկոսը, երկրորդ՝ 1 հոգու տոմսի արժեքը։

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի նախազգուշական ծանուցումից հետո, մինչ 10-օրյա ժամկետի ավարտը, 26 ընկերություններից 17-ը կնքել են համապատասխան պայմանագրեր։ Պայմանագրեր չկնքած ընկերություններից են՝ «Բաս Վոյաժ» ՍՊԸ-ն, «Վասպուրական-238» ՍՊԸ-ն, «Վագտրանս» ՍՊԸ-ն։ Նախազգուշացում ստացած 26 ընկերություններից 10-ը տեղական փոխադրողներ են, մյուսները՝ օտարերկրյա։

Տնտեսվարողները խուսափում էին պաշտոնական որևէ պատասխան տալ, բայց մեզ հետ զրույցում ասում էին, որ «Հայավտոկայարան»-ը չի մատուցում այն ծառայությունները, որի դիմաց գումար է գանձում։ Ստացվում է, որ տնտեսվարողը պետք է գումար վճարի, բայց դրա դիմաց չստանա ծառայություն կամ ստանա անորակ ծառայություն։ Պայմանագրում նշված կետերը ուղղակի մնում են թղթի վրա, դրանք չեն գործում։ Փոխադրողները դժգոհում են նաև անկանոն փոխադրում իրականացնողներից և չվերահսկվող տնտեսվարողներից, որոնք լիցենզիայի բացակայության պայմաններում կարողանում են ցածր արժեքով տոմսեր առաջարկել և առանց հարկ վճարելու՝ մրցել հարկ վճարողների հետ։

Նրանցից ոմանք նաև նշում էին, որ օրենքը պետք է գործի բոլորի համար, եւ եթե պետք է պահպանվի սկզբնակետն ու վերջնակետը, կանոններին պետք է հետևեն բոլոր տնտեսվարողները։

Գլխավոր լուսանկարում՝ Վազրիկ Գրիգորյանը և Հովհաննես Մանուկյանը (ձախից աջ)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter