HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Կառավարությունը որոշեց քրեականացնել ծնողական իրավունքից հրաժարվելուն հարկադրելը

Կառավարությունն այսօր ընդունեց որոշում, որով քրեական պատասխանատվություն է նախատեսվում անձին՝ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու միջոցով ծնողական իրավունքից հրաժարվելուն հարկադրելու, հորդորելու, խաբեության, վստահությունը չարաշահելու կամ վիճակի խոցլիությունն օգտագործելու համար: Այս արարքները կպատժվեն տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով կամ 1-4 տարվա ազատազրկմամբ:

Ավելի խիստ պատժամիջոցներ են սահմանված այն դեպքերում, երբ նույն արարքը կատարվել է բուժաշխատողի կողմից կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դրա սպառնալիքով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ: Այս դեպքերում անձը կպատժվի ազատազրկմամբ 2-5 տարի ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկվելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա:

Եթե այս արարքները կատարվեն կազմակերպված խմբի կողմից կամ անզգուշությամբ առաջացնեն տուժողի մահ կամ այլ ծանր հետևանքներ, ապա ազատազրկումը կարող է լինել 4-8 տարի ժամկետով:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի խոսքով՝ առաջարկվող կարգավորումը բխում է երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայից և դրան կից երեխայի վաճառքի, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի վերաբերյալ կամընտիր արձանագրությունից, երեխայի պաշտպանության և օտարերկյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայից, ինչպես նաև երեխայի որդեգրման մասին Եվրոպական կոնվենցիայից, որը Հայաստանը ստորագրել է 2008 թվականին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter