HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրում է ձվի էժանացումը. նախնական տվյալներով՝ հաստատվում է գերարտադրության վարկածը

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հնաձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախնական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ձվի հայկական շուկայում վերջին շրջանում գրանցվող գնանկումը պայմանավորված է գերարտադրությամբ։ Այս մասին այսօր Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած աշխատանքային քննարկմանը հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։

Հայկական շուկայում վաճառվող ձվի գինը ներկայում 30 դրամի սահմաններում է՝ այն պարագայում, երբ մեկուկես-երկու ամիս առաջ ավելի քան կրկնակի թանկ է եղել։ Այս երևույթն անհանգստացրել է ձու արտադրող փոքր տնտեսվարողներին, որոնք պնդում են, որ շուկայում այսօր գոյացած գինը իրենց արտադրած ձվի գնի ինքնարժեքից ցածր է։ Մրցակցության հանձնաժողովը ներկայում ուսումնասիրում է՝ արդյոք շուկայում կա՞ն խոշոր արտադրողների կողմից մրցակցային խախտումներ։

«Նոր տարվա նախաշեմին և դրանից հետո շուկայում հայտնվել են հայկական արտադրության ձվեր՝ բավականին ցածր գներով։ Փոքր արտադրողների համար դրանք առաջացրել են խնդիրներ՝ կապված ինքնարժեքի հետ։ Գինն անոմալ է։ Սա ձվի համար ավելի բարձր գնով վաճառելու սեզոն է։ Այսինքն՝ այս երևույթը շուկայի մրցակցային միջավայրի վրա ունի ազդեցություն։ Սակայն, այն տեղեկատվությունը, որը շրջանառվում է մամուլում՝ կապված ձվի մեծ քանակի ներմուծման հետ, այս պահին հերքվում է։ Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ Հայաստան ձվի ներմուծում չի արձանագրվել»,- նշեց Գեղամ Գևորգյանը։

Ըստ նրա՝ հաջորդ խնդիրը հասկանալն է, թե արդյոք ձվի գերարտադրության պատճառով առաջացած այս գնանկումն ունի՞ տնտեսական մրցակցության խախտման հատկանիշներ։ Մասնավորապես՝ գերիշխող տնտեսվարող սուբյեկտների կողմից փոքրերին դուրս մղելու քաղաքականությու՞ն է, թե՞ օբյեկտիվ տնտեսական գործոններն են պատճառը. «Հարցում ենք կատարել խոշոր տնտեսվարող սուբյեկտներին, ինքներս էլ կատարում ենք ինքնարժեքի հաշվարկներ, հարցում ենք կատարել նաև ձու ածող հավերի ներմուծման թվաքանակի հետ կապված։ Եվ մի հարց էլ կա՝ եթե կա գերարտադրություն ձվի ոլորտում, ապա պետք է հասկանանք նաև ժամկետները, որովհետև սպառման կոնկրետ ժամկետներ կան։ Շուկայում այս պահին կարող են հայտնաբերվել երևույթներ, որոնք անհանգստացնող են։ Կան ձվի քաշի ստանդարտներ և պետք է հասկանալ՝ արդյոք սպառողներին չե՞ն մոլորեցնում»։

ՏՄՊՊՀ նախագահի խոսքով՝ ձվի շուկայի ներկայիս ուսումնասիրությունը կտևի առնվազն երկու ամիս։ Տվյալների հավաքագրումն, ըստ նրա, միայն իրենց հանձնաժողովից կախված չէ։ Այստեղ դերակատարում ունեն նաև տնտեսվարող սուբյեկտներն ու այն պետական մարմինները, որոնցից ՏՄՊՊՀ-ն ստանում է այդ տվյալները։ «Եթե այս ուսումնասիրության արդյունքում պարզվի, որ կա գերիշխող դիրքի չարաշահում, ապա ընդհուպ մինչև քրեական պատասխանատվություն է սահմանված։ Այդ պատճառով էլ մենք պետք է բավականին զգույշ լինենք մեր գնահատականների մեջ։ Կանխարգելող որոշակի միջոցառումներ ենք ձեռնարկել մեր մյուս գործընկերների հետ։ Հուսով եմ՝ մոտ օրերս արդեն նախնական արդյունքներ կունենանք»,- ասաց Գեղամ Գևորգյանը։

ՏՄՊՊՀ-ն նաև ուսումնասիրում է ձվի շուկայում գործող խոշոր, միջին ու փոքր տնտեսվարողների տեսակարար կշիռը, գյուղացիական տնտեսությունների կողմից արտադրվող ու վաճառվող ձվի քանակը և այլն։ Նախնական տվյալներով՝ շուկայում այսօր գերիշխող դիրքերում են 4 խոշոր արտադրողներ։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը հետաքրքրվեց՝ արդյոք կա՞ն տվյալներ ածան հավերի քանակի փոփոխությունների վերաբերյալ։ ՏՄՊՊՀ անդամ Էդգար Ճաղարյանը պատասխանեց, որ ուսումնասիրվում է դինամիկան. «Ուսումնասիրում ենք, թե քանի ածան հավ է եղել, քանի ձու են ածել ամսական և ամբողջ դինամիկան ուսումնասիրելուց հետո պարզ կդառնա իրավիճակը։ Բայց արդեն ակնհայտ է, որ գերարտադրություն կա։ Վերջին 30 տարում այսպիսի գերարտադրություն չի եղել»։

Պատգամավորը նաև հետաքրքրվեց, թե ինչու ավելցուկային ձուն չի արտահանվում։ «Ստացվում է, որ հիմա պետք է արտադրության հզորությունները սահմանափակենք։ Եթե խոշորը գերարտադրություն ունի, ի՞նչ անի ավելցուկային ձուն։ Պետք է խթաններ մտածել արտահանելու, վերամշակելու ուղղությամբ»,- նշեց Հայկ Գևորգյանը։ ՏՄՊՊՀ ներկայացուցիչները նշեցին, որ հարցը Էկոնոմիկայի նախարարության տիրույթում է։

«Իմ քայլը» խմբակցության մեկ այլ պատգամավոր Վարազդատ Կարապետյանը շեշտեց խոշոր տնտեսվարողների կողմից փոքրերին շուկայից դուրս մղելու վտանգների մասին։ «Վտանգը մեծ է, որ խոշորները կփորձեն դուրս հանել փոքրերին, որոնք սկսել են զարգանալ։ Պետք է հասնակալ՝ արդյո՞ք փոքր տնտեսվարող սուբյեկտները չե՞ն ենթարկվում մեծերի կողմից հակամրցակցային գործիքների կիրառմանը և ճնշմանը։ Ունենք դրական միտում, որ արտադրությունն ավելացել է։ Պետք է հետևողական լինենք։ Եթե նմանօրինակ վարքագիծ կա, խնդրում ենք դադարեցնել»,- նշեց պատգամավորը։ Ըստ նրա՝ պլանավորում են առաջիկայում Ազգային ժողով հրավիրել նաև ձու արտադրողներին՝ և՛ խոշորներին, և՛ փոքրերին։

«Եթե խոշորները խախտումներ են արել կամ գործողություններ, որոնք վնասել են փոքր տնտեսվարողներին, մեզ աջակցելու պարագայում, նրանք հնարավորություն կունենա արժանանալ մեղմ պատժի կամ ազատվել պատժից»,- ասաց ՏՄՊՊՀ նախագահը։

Ինչպես ավելի վաղ գրել ենք, թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը ձվի գնանկումը բացատրում է հիմնականում հանրապետությունում սննդային ձվի գերարտադրությամբ։ Այսինքն՝ արտադրվել է ավելին, քան անհրաժեշտ է բնակչությանը։ Եվ առաջարկի ու պահանջարկի անհավասարակշռությունը տնտեսվարողներին ստիպել է էժանացնել ձվի բացթողման գինը՝ փորձելով նպաստել սպառման ավելացմանը։ Իսկ գերարտադրության հիմնական պատճառներից են թռչնաբուծությամբ զբաղվող ֆերմերային տնտեսությունների քանակի աճն ու խոշորներ թռչնաբուծարանների վերազինումը, որը թույլ է տվել նրանց ավելի մեծ խմբաքանակով ձու արտադրել։

Սերգեյ Ստեփանյանի խոսքով՝ նման իրավիճակներից խուսափելու համար անհրաժեշտ են ապրանքային ձվի վերամշակման գործարաններ, որտեղ ձվի ավելցուկային խմբաքանակը կվերամշակվի ձվի փոշու և հեղուկի, որն էլ օգտագործվում է տարբեր արտադրությունների մեջ։ Ինչ վերաբերում է դեմպինգի (ապրանքների ինքնարժեքից ցածր գնով վաճառելը շուկաներում՝ մրցակիցներին դուրս մղելու նպատակով) մասին կասկածներին՝ թռչնաբույծների միության նախագահը ժխտում է այն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter