HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի հանքափորները դադարեցրին գործադուլը

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի 55 հանքափորներն այսօր դադարեցրին գործադուլը: Կոմբինատի տնօրենը հանքափորներին խոստացավ բարձրացնել աշխատավարձը և բարելավել աշխատանքային պայմանները:

Կոմբինատի տնօրեն Սամվել Խաչատրյանն առավոտյան ընդունեց աշխատավարձի բարձրացման և փակ հանքային տեղամասերում աշխատանքային ծանր պայմանների բարելավման պահանջով երեք օր գործադուլ անող հանքափորների ներկայացուցիչներին: Տնօրենի և հանքափորների հանդիպմանը, որը կայացավ ԼՀԿ-ում, լրագրողներին չթույլատրեցին մասնակցել:

Մոտ 30 րոպե տևած հանդիպումից հետո հանքային 9-րդ տեղամասի հանքափոր Գառնիկ Քառյանը հանքափոր գործընկերներին և լրագրողներին տեղեկացրեց տնօրեն Սամվել Խաչատրյանի խոստման մասին՝ հանքափորների աշխատավարձը, առանց պլանի կատարման նախապայմանի կբարձրանա: Հանքում հանքափորների աշխատանքային պայմանների բարելավման, այդ թվում նաև աշխատանքային գործիքներով, սննդով, արտահագուստով, տրանսպորտով, հանքի  օդափոխության  նորմալ ապահովման և մյուս հարցերը կկարգավորվեն առաջիկայում:

«Մեզ հետ պայմանավորված չափով է մեր աշխատավարձը բարձրացվել: Մեկ մետր հորատման համար սահմանված նախկին 14 հազար դրամի փոխարեն  այսուհետ հանքափորներիս կվճարեն 15 հազար դրամ, այսինքն՝ յուրաքանչյուր  մետր հորատման համար մեզ կվճարեն 1000  դրամ ավել, 1խմ հունքի համար նախկինում վճարված 960 դրամի փոխարեն այսուհետ կվճարեն 1300 դրամ: Սա այն է, ինչ հանքափորներս  նախապես պայմանավորվել էինք  տնօրեն Ս. Խաչատրյանի հետ»,- ասաց Գառնիկ Քառյանը: Հանդիպմանը ներկա հանքափոր Գևորգ Ռեզյանը հայտնեց, որ տնօրեն Ս. Խաչատրյանին զգուշացրել է՝ գործադուլավորներից որևէ մեկին գործադուլին մասնակցելու համար պատժելու, աշխատանքից հեռացնելու,  աշխատանքից կրճատելու դեպքում  հանքափորների գործադուլը կվերսկսվի: Գևորգ Ռեզյանի խոսքով՝ Ս. Խաչատրյանը հանքափորների ներկայացուցիչներին հավաստիացրել է, որ ամեն ինչ հանքափորների ուզածով է լինելու:

Ախթալայի համայնքապետ Արկադի Թամազյանն այսօր  հեռախոսով մեր հարցմանը պատասխանեց, որ երեկոյան ուշ ժամի՝ «Հետքի» հրապարակումից հետո Ախթալայի համայնքապետարանում գործադուլավոր հանքափորների հետ հանդիպում է կայացել, ապա հանքափորների պահանջները քննարկվել են ԼՀԿ-ի տնօրեն Սամվել Խաչատրյանի հետ: «Հանքափորների պահանջներն ընկերությունն արդեն բավարարել է: Այսօր ժամը 10-ի սահմաններում պարոն  Խաչատրյանն ընդունել է հանքափորների ներկայացուցիչներին և այդ մասին հայտնել է նրանց»,-ասաց համայնքապետը:

Հիշեցնենք, որ նախօրեին «Հետքը» Շամլուղ մտնող ճանապարհի եզրին հանդիպել է Ախթալայի ԼՀԿ-ի հանքային 4 տեղամասերի՝ 3 օր գործադուլի մեջ գտնվող 55 հանքափորների հետ: Հանքափորները «Հետքին» պատմել են հանքային  փակ  տեղամասերում իրենց աշխատանքային ծանր պայմանների, ԼՀԿ-ի տնօրինության՝ տարիներ շարունակ ցուցաբերած անտարբերության և իրենց ծանր աշխատանքի դիմաց վճարվող ցածր աշխատավարձի մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter