HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Վարորդին ծեծած ոստիկանի նկատմամբ կայացված արդարացման որոշումը բողոքարկվել է

2019թ․ օգոստոսի 28-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանն արդարացրել է Ճանապարհային ոստիկանության ծառայող Արտակ Ղազարյանին, որին մեղադրանք էր առաջադրվել վարորդ Էդգար Դավթյանին ծեծելու համար։ Միջադեպը տեղի էր ունեցել 2015 թ․-ին, մեղադրանք առաջադրելուց հետո Արտակ Ղազարյանի լիազորությունները դադարեցվել են։

Էդգար Դավթյանը և նրա փաստաբանները բողոքարկել են առաջին ատյանի դատարանի որոշումը, գործը գտնվում է Վերաքննիչ քրեական դատարանում։

Այսօր նախագահող դատավոր Տիգրան Սահակյանի, դատավորներ Մհեր Մարաբյանի և Ռուզաննա Բարսեղյանի մասնակցությամբ մեկնարկեց դատական նիստը, որին Դավթյանի փաստաբաններ Լուսինե Մարտիրոսյանը և Հովսեփ Սարգսյանը ներկայացրին դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նկատմամբ ինքնաբացարկի միջնորդություն։ Միջնորդության մեջ փաստաբանները նշել էին, որ դատավոր Բարսեղյանը Էդգար Դավթյանի քրեական գործով դատավարության ժամանակ եղել է նախագահող դատավոր։

Ինչպես է տուժող Էդգար Դավթյանը դարձել մեղադրյալ և դատապարտվել

Էդգար Դավթյանին ճանապարհային ոստիկանության աշխատակիցը կանգնեցրել և հայտնել է, որ պետք է վարչական ակտ կազմի, քանի որ մեքենայի պետհամարանիշը փակցված չի եղել։ Ոստիկանների և Էդգարի մեջ քաշքշուք է սկսվել, Էդգարը հանել է գազային ատրճանակը, որպեսզի չմոտենան, սակայն ոստիկանները նրա ձեռքից վերցրել են այն։ Էդգարը «Հետքի» հետ զրույցում պատմել է, որ ոստիկաններից Արտակ Ղազարյանը քաշել է ձեռքից և ծնկով հարվածել ոտքին, սկսել գոռգռալ։ Նա փորձել է ձեռքը քաշել, սակայն Արտակ Ղազարյանը երկու անգամ հարվածել է գլխին։

Դեպքից հետո ճանապարհային ոստիկանության ծառայող Արտակ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 309 հոդվածով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հիմքով։ Մինչև գործը գտնվել է նախաքննության փուլում, 2016թ․-ի ապրիլին Էդգար Դավթյանի նկատմամբ ևս մեղադրանք է առաջադրվել, ՔՕ-ի 316 հոդվածով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Էդգարի գործը քննվել է ավելի արագ, և կարճ ժամանակ անց՝ 2018-ի հունվարին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ Էդգար Դավթյանը դատապարտվել է 1 տարվա ազատազրկման, Էդգարի մեղադրական դատական ակտը հիմք ընդունելով՝ Արմավիրի դատարանը արդարացրել է Արտակ Ղազարյանին։ Էդգարի փաստաբանները բողոքարկել են դատապարտման ակտը, սակայն Վերաքննիչը՝ նախագահությամբ Ռուզաննա Բարսեղյանի, մերժել է բողոքը, իսկ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել։

Փաստաբաններն այս անգամ բողոք են ներկայացրել Արտակ Ղազարյանի արդարացման ակտի դեմ,  Վերաքննիչ դատարանից պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և կայացնել մեղադրական դատավճիռ։

Դավթյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ խաթարվել է արդարադատության բուն էությունը, փաստական հանգամանքները երկու գործում տարբեր ձևերով է ներկայացվել։ «Իրավունքի գերակայության տեսանկյունից Էդգար Դավթյանը դատապարտվել է մի արարքի համար, որը եղել է ոչ ամբողջական  փաստական տվյալների հիման վրա, մյուս կողմից ճանաչվել է տուժող, ևս խախտվել է նրա իրավունքը, քանի որ ամբաստանյալի (Արտակ Ղազարյան) նկատմամբ արդարացման դատական ակտ է կայացվել՝ հղում անելով Էդգարի մեղադրական դատական ակտին»,- նշեց փաստաբանը։

Այսօրվա նիստը հետաձգվեց, քանի որ դատավոր Ռուզաննա Բարսեղյանը որոշեց բավարարել ինքանբացարկի միջնորդությունը, դատարանի կազմը որոշելու համար նիստը նշանակվեց մեկ այլ հերթի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter