HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Էդուարդ Բաբայանի գործով սուտ ցուցմունք տալու վերաբերյալ մեղադրանքը պաշտպանող դատախազին ներկայացված բացարկի միջնորդությունը մերժվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Վարդան Գրիգորյանի, մերժեց սուտ ցուցմունք տալու մեջ մեղադրվող Վյաչեսլավ Հարությունովի պաշտպանի միջնորդությունը՝ դատախազ Վարդգես Սարգսյանին գործի վարույթից հեռացնելու վերաբերյալ։ Վերջինս կշարունակի պաշտպանել Հարությունովի մեղադրանքը։

Հարությունովը տուժող է եղել Բաբայանի վերաբերյալ քրեական գործով: Ըստ այդ  գործի՝ «Օլիմպավան» մարզական համալիրում Էդուարդ Բաբայանը նրան բազմաթիվ հարվածներ է հասցրել՝ առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելով:

«Օլիմպավան»-ում տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ տուժողի, այսինքն՝ Վյաչեսլավ Հարությունովի հաղորդման համաձայն՝ նրան նախ «հարված է հասցրել Գագիկ Ծառուկյանը, ապա ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Գագիկ Ծառուկյանի անվտանգության ղեկավար՝ 46-ամյա Էդուարդ Բաբայանն ու ևս մեկ անձ, որի ինքնությունը պարզվում է»: Հետագայում Վյաչեսլավ Հարությունովը փոխել է ցուցմունքն ու հայտնել, թե սայթաքել ու վայր է ընկել, իրեն Բաբայանը չի հարվածել, իսկ Գագիկ Ծառուկանն իր «եղբայրն է»։

Հարությունովը դատարանում ևս պնդել է, թե Բաբայանն իրեն չի հարվածել, որ ինքն իրեն տուժող չի համարում, բայց Էդուարդ Բաբայանը մեղավոր է ճանաչվել: Պատգամավորի վերաբերյալ դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ, որից հետո արդեն Հարությունովի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել սուտ ցուցմունք տալու հոդվածով: Ըստ մեղադրանքի՝ Հարությունովը սուտ ցուցմունքներ է տվել գործի թե՛ նախաքննության, թե՛ դատաքննության ընթացքում:

Վյաչեսլավ Հարությունովի վերաբերյալ հունվարի 15-ին կայացած դատական նիստի ընթացքում նրա  պաշտպան Ռոման Սարգսյանը կասկածի տակ էր դրել դատախազ Սարգսյանի անաչառությունն ու բացարկի միջնորդություն ներկայացրել։

 2019-ի նոյեմբերի 15-ի դատական նիստի ընթացքում պաշտպանը միջնորդել էր Գագիկ Ծառուկյանին, Բաբայանին, ԲՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավորի՝ Իվետա Տոնոյանին, ինչպես նաև այլ անձանց ներառել դատակոչի ցուցակում, որի դեմ դատախազ Սարգսյանն առարկել է։ Ըստ Ռոման Սարգսյանի՝ վերը նշված անձանց դատակոչի ցուցակում ներառելու և նրանց հարցաքննելու միջնորդության դեմ դատախազ Սարգսյանի ներկայացրած առարկությունները կասկած են հարուցում նրա անաչառության վերաբերյալ։

Պաշտպանը բացարկի միջնորդություն ներկայացնելիս նշել էր, որ Ծառուկյանի, Էդուարդ Բաբայանի, ինչպես նաև իր կողմից մատնանշված մյուս անձանց ցուցմունքները կարող էին կասկածի տակ դնել Էդուարդ Բաբայանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը, մինչդեռ դատախազ Սարգսյանը, ով մեղադրող դատախազ է եղել նաև Էդուարդ Բաբայանի գործով, շահագրգիռ է, որ հաստատվի Էդուարդ Բաբայանի գործով իր պաշտպանած մեղադրանքը։

Դատարանը հունվարի 15-ին հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ բացարկի վերաբերյալ որոշում կլայացնելու, և հայտնել, որ, նկատի ունենալով, որ նույն օրը որոշման հրապարակումից հետո նիստը շարունակվել չի կարող, հրապարակումը կլինի հաջորդ, այսինքն՝ այսօրվա դատական նիստի ընթացքում։

Լուսանկարում՝ ձախից՝ Ռոման Սարգսյանը, Վյաչեսլավ Հարությունովը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter