HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Անտարկտիկայում ջերմաստիճանն առաջին անգամ գերազանցել է +20°C-ը

Բրազիլացի օդերևութաբանները հայտնել են, որ Անտարկտիդայի հյուսիսային ծայրամասի մոտ գտնվող Սիմոր կղզում օդի ջերմաստիճանը հասել է +20,75°C։ Նման բարձր ջերմաստիճան Անտարկտիկայում գրանցվել է պատմության մեջ առաջին անգամ:

Սակայն բրազիլացի գիտնական Կառլոս Շեֆերի խոսքերով, այս ցուցանիշը, որը գրանցվել է փետրվարի 9-ին, ստացվել է մեկանգամյա չափման արդյունքում և չի հանդիսացել երկարաժամկետ բազմակի չափումների մաս։ Այդ է պատճառը, որ այս ցուցանիշը չի կարելի օգտագործել կլիմայի փոփոխության միտումների կանխատեսման համատեքստում։ Օդերևութաբանը հայտնել է, որ գրանցված ջերմաստիճանը ցուցանիշներից միայն մեկն է և ազդանշան է այն բանի, որ շրջանում տեղի են ունենում անսովոր փոփոխություններ։

Նախորդ շաբաթ Անտարկտիդա մայրցամաքում գրանցվել է ռեկորդային բարձր ջերմաստիճան։ Անտարկտիկական թերակղզում ջերմաստիճանը հասել է մինչև +18,3°C-ի։ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության տվյալներով՝ վերջին 50 տարիներին Անտարկտիկայի միջին ջերմաստիճանը բարձրացել է գրեթե 3°C-ով։ Անտարկտիդայի արևմտյան հատվածների սառցադաշտերի 87 %-ը նահանջել է մայրցամաքի խորքային հատվածներ։ Նույն կազմակերպության տվյալներով՝ վերջին 12 տարիների ընթացքում սառցադաշտերի կրճատման արագությունը մեծացել է գլոբալ տաքացման արդյունքում։

2020 թվականի հունվարը եղել է ամենատաք ամիսը՝ Անտարկտիկայում իրականացվող օդերևութաբանական դիտարկումների պատմության ընթացքում։ Անտարկտիկայում, որի կազմի մեջ մտնում են Անտարկտիդա մայրցամաքը, հարակից կղզիները և ափերը ողողող օվկիանոսային տարածքը, ձյան և սառույցի տեսքով կենտրոնացված է Երկիր մոլորակի խմելու ջրի 70 %-ը։ Եթե այդ զանգվածն սկսի ինտենսիվորեն հալվել, համաշխարհային օվկիանոսի մակարդակը կբարձրանա 50-60 մետրով, չնայած այդ գործընթացը կձգվի հարյուրամյակներ։

Այդուհանդերձ, Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը կարծում է, որ 21-րդ դարի վերջին ծովի մակարդակը կբարձրանա 30-110 սմ-ով։ Անտարկտիկայում նախորդ ռեկորդային ջերմաստիճանը գրանցվել է Սիգնյու կղզում 1982 թվականի հունվարին։ Այդ ժամանակ առավելագույն ջերմաստիճանը կազմել էր +19,8°C։ Նախորդ տարի հուլիսին էլ Արկտիկայում գրանցվել է տարածաշրջանի պատմության ամենաբարձր ցուցանիշը՝ +21°C։ Այն գրանցվել է Էլսմիր կղզու հյուսիսային հատվածում, որը համարվում է Կանադական Արկտիկական արշիպելագի մաս։

Ավելի վաղ, հայտնել էինք, որ աշխարհի խոշորագույն այսբերգը, որն անջատվել է Արևմտյան Անտարկտիդայում գտնվող սառցադաշտից, մոտ ժամանակներում կշարժվի դեպի հյուսիս։ Վիթխարի այսբերգը, որը  ստացել է A68 պայմանական անվանումը, 2017 թվականի հուլիսին պոկվել է շելֆային սառցադաշտից։ Առաջին տարվա ընթացքում այսբերգը գրեթե չի տեղաշարժվել՝ հայտնվելով ծանծաղուտի մեջ։ Ներկայումս այն շարժվում է հյուսիսարևելյան ուղղությամբ և գրեթե հասել է օվկիանոսում մշտական սառցային հատվածի եզրին։ A68 այսբերգը գտնվում է հարավային լայնության 63 աստիճանի վրա, և գիտնականները կարող են վստահորեն կանխատեսել այսբերգի հետագա շարժման հետագիծը։ Շրջանցելով թերակղզու հյուսիսային ծայրակետը՝ ահռելի այսբերգը կշարժվի հյուսիս և կմտնի Հարավային Ատլանտիկայի համեմատաբար տաք ջրերը։

Գլխավոր լուսանկար՝ www.nypost.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter