HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ի՞նչ արարք կատարելու մեջ են մեղադրվում ՊՎԾ պաշտոնատար անձինք․ դատախազը շուրջ մեկուկես ժամ ընթերցում էր Դավիթ Սանասարյանի և մյուսների մեղադրանքը

Պետական վերահսկողական ծառայության պաշտոնատար անձանց և « Զորաշեն» ՍՊԸ-ի տնօրեն Տարոն Ավետիսյանի վերաբերյալ փետրվարի 14-ին կայացած դատական նիստի ընթացքում դատախազ Գևորգ Սարգսյանը ներկայացրեց ամբաստանյալների մեղադրանքը, որը տևեց շուրջ մեկուկես ժամ։

Այսպես, ըստ մեղադրանքի Դավիթ Սանասարյանը, տեղյակ լինելով, որ իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Սամվել Ադյանը փաստացի կառավարում է տարբեր առևտրային կազմակերպություններ, որոնք ներգրավված են պետական գնումների գործընթացքում, անտեսելով օրենսդրական արգելքը՝ վերջինիս նշանակել է պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացի վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնատարի պաշտոնում՝ այսպիսով, փաստացի, թույլ տալով, որ Ադյանը վերահսկողական լիազորություն իրականացնի իր կողմից կառավարվող կազմակերպությունների տնտեսական գործունեության ոլորտում։ Այնուհետև Սամվել Ադյանի միջնորդությամբ ՊՎԾ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարի կողմից Գևորգ Խաչատրյանը նշանակվել է նույն վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատար։

Ըստ մեղադրանքի՝  2018-2019 թվականների ընթացքում Սամվել Ադյանը և Գևորգ Խաչատրյանը, անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայողական շահերին հակառակ և ապօրինի կերպով միջամտել վերահսկվող օբյեկտներ հանդիսացող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և « Վանաձոր» բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին։ Մասնավորապես՝ ըստ գործի՝ նրանց պարտադրել են փոփոխել ինչպես ավտոկլավի տեխնիկական բնութագիրն, այնպես էլ  հեմոդիալիզի սարքերի շահագործման փաստաթղթերով նախատեսված դիալիզատորների տեխնիկական բնութագրերն ու կազմել բժշկական կենտրոնների իրական կարիքներին և սարքերի շահագործման փաստաթղթերին չհամապատասխանող տեխնիկական բնութագրեր՝ նպատակ ունենալով հայտարարված մրցույթներում ապահովել իրենց հետ փոխկապակցված «Զորաշեն» ՍՊԸ-ի հաղթանակը։

Դավիթ Սանասարյանն, ըստ մեղադրանքի՝ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից ՊՎԾ նշված աշխատակիցների կողմից վերահսկվող օբյեկտների և դրանց ծառայողների նկատմամբ ապօրինի գործողություններ կատարելու վերաբերյալ տվյալներ ստանալով՝ ոչ միայն որևէ միջոց չի ձեռնարկել վերահսկող օբյեկտների գործունեությանը միջամտելու հանգամանքները պարզելու, դրանց գնումների գործընթացների նկատմամբ անձնական շահարգրգռվածությամբ պայմանավորված ներգործությունը կանխելու ուղղությամբ, այլև նախարարին պատասխանելու նպատակով վերջինից ստացված հաղորդագրություններն ուղարկել է Սամվել Ադյանին, որպեսզի նա գրի և իրեն ուղարկի դրանց պատասխանները։ Այնուհետև Սանասարյանն այդ պատասխաններն ուղարկել է առողջապահության նախարարին։

Բացի այդ, ըստ մեղադրանքի, Դավիթ Սանասարյանը, Սամվել Ադյանից տեղեկանալով, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին ներկայացրած պահանջները չեն ապահովել «Զորաշեն» ՍՊ ընկերության հաղթանակը, կատարել է Ադյանի խնդրանքն ու բժշկական կենտրոնի ծառայողներին պատժելու նպատակով տվել այնտեղ ուսումնասիրություն կատարելու վերաբերյալ հանձնարարագիր։

Նույն նպատակով Սամվել Ադյանը, չսպասելով ուսումնասիրության ավարտին և դրա արդյունքների ամփոփմանը, Դավիթ Սանասարյանի համաձայնությամբ բժշկական կենտրոնի դեղատան պահեստում հայտնաբերված առանձին խախտումների վերաբերյալ փաստաթղթերն ուղարկել է ոստիկանություն։

Վերը նշված գործողությունների հետևանքով, ըստ մեղադրողի՝ խարխլվել է պետական մարմիների հեղինակությունը, խաթարվել է ՊՎԾ-ի բնականոն գործունեությունը, խախտվել են գնման գործընթացին մասնակցող կազմակերպությունների իրավունքներն ու օրինական շահերը, խաթարվել է գնումների բնականոն գործընթացը։ Սանասարյանի գործողությունների հետևանքով բժշկական կենտրոնների կարիքների համար հայտարարված գնման ընթացակարգերի տեխնիկական բնութագրերում ներառվել են գնման ենթակա դիալիզատորներին ներկայացվող այնպիսի պահանջներ, որոնց համապատասխան դիալիզատորների ձեռքբերումը ոչ միայն չի բխել նշված բժշկական կենտրոնների կարիքներից, այլև վտանգի տակ է դրել առանձնապես խոշոր չափերի արժեք ունեցող դիալիզի սարքերի անխափան շահագործումը և որակյալ բժշկական  ծառայության մատուցումը։ ՊՎԾ աշխատակիցների միջտամտությամբ փոփոխված գնման գործընթակարգերի տեխնիկական բնութագրերով գնման ենթակա սարքավորումներին ներկայացվել են նախորդ տեխնիկական բնութագրերին զիջող պահանջներ։

Ըստ գործի՝ 2018 թվականի օգոստոսին Առողջապահության նախարարություն է ստացվել ԱՆ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կարիքների համար անհրաժեշտ սարքավորումների ցանկը, որի մեջ նշված է եղել  նաև դրանց տեխնիկական բնութագրերը։

Նշված բժշկական սարքավորումները ձեռք բերելու նպատակով Առողջապահության նախարարության կողմից 2018-ի հոկտեմբերի 12-ին հայտարարվել է 2018 թվականի կարիքների համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման համապատասխան ծածկագրով գնման ընթացակարգ, որից հետո Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար և նշված գնման ընթացակարգի հանձնաժողովի նախագահ Հարություն Հարությունյանին է զանգահարել Սամվել Ադյանը և ուղղորդված գնման գործընթացներից խուսափելու պատրվակով հորդորել  փոխել «Տուբերկուլիոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կարիքների համար անհրաժեշտ սարքավորումների տեխնիկական բնութագրերը։

Նշված հեռախոսազրույցից հետո Հարություն Հարությունյանը, նկատի ունենալով Ադյանի պաշտոնեական դիրքը, հանձնարարել է ՀՀ ԱՆ գլոբալ հիմնադրամի աշխատակից Ռոլանդ Սահակյանին փոփոխել նշված սարքավորումների տեխնիկական բնութագրերը, ինչը վերջինս կողմից կատարվել է։ Սարքավորումներում փոփոխություններ կատարելու խնդրով Ռոլանդ Սահակյանի հետ հեռախոսազրույցներ, ապա նաև ՊՎԾ վարչական շենքում հանդիպում է ունեցել նաև Գևորգ Խաչատրյանը։

ՊՎԾ պաշտոնատար անձանց ուղղորդմամբ գնման ընթացակարգերի տեխնիկական  բնութագրերը փոփոխելուց հետո  2018  թվականի հոկտեմբերի  20-ին համապատասխան ծածկագրով գնման ընթացակարգը վերահայտարարագրվել է և դրան մասնակցել են 19 կազմակերպություններ, որոնցից նվազագույն գնային առաջարկ է ներկայացրել «Զորաշեն» ՍՊԸ-ն։ Այս ընկերության կողմից ներկայացված  փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում կասկածներ են առաջացել և ուսումնասիրություններով  պարզվել է, որ ընկերության կողմից ներկայացված երկու հավաստագրեր կեղծված է։

Նկատի ունենալով, որ «Զորաշեն» ՍՊԸ-ի կողմից ներկայացված տեխնիկական բնութագրերը չեն համապատասխանում սահմանված  պահանջներին՝ գնման ընթացակարգի հանձնաժողովի կողմից նշված ընկերությանը էլետրոնային փոստի միջոցով ուղարկված գրությամբ առաջարկվել է մեկ աշխատանքային օրվա ընթացքում շտկել արձանագրված թերությունները։ Ի պատասխան  նշված գրության ՝ 2018  թվականի դեկտեմբերի 5-ին «Զորաշեն» ՍՊԸ-ի էլետրոնային հասցեից գնման ընթացակարգի հանձնաժողովի քարտուղար Հասմիկ Մնացականյանի էլեկտրոնային հասցեին ստացվել է մեղադրողի գնահատմամբ՝  կեղծված հավաստագրերի վերաբերյալ անարժանահավատ տեղեկատվություն և ներկայացվել նոր հավաստագիր, որի  վրա այն տրամադրած կայքի վերաբերյալ տեղեկատվություն չի եղել և դրա ծագման աղբուրը հնարավոր չի եղել պարզել։

Մեղադրողն ընթերցեց, որ  դեկտեմբերի սկզբին Սամվել Ադյանի նախաձեռնությամբ Հարություն Հարությունյանի աշխատասենյակում  տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում Սամվել Ադյանն ու Գևորգ Խաչատրյանը փորձել են գնման ընթացակարգի հանձնաժողովի անդամներին համոզել, որ «Զորաշեն» ընկերության կողմից ներկայացված հավաստագիրը վավեր է, և ընկերության կողմից ներկայացված պատճառաբանությունները հավաստի են, ինչին հանդիպման մասնակիցներն առարկել են։ Հարություն Հարությունյանը «Զորաշեն» ՍՊԸ-ի կողմից կեղծ հավաստագրեր ներկայացնելու և նշված ժողովի ընթացքում ՊՎԾ աշխատկիցների ակնհայտ շահագրգռվածության մասին տեղեկացրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, ով հեռախոսազանգի միջոցով  այդ մասին տեղյակ է պահել Դավիթ Սանասարյանին։ Վերջինս էլ, ըստ գործի, հայտնել է, որ նշված ընկերությունը պատկանել է  իր աշխատակցին, վստահեցրել, որ հավաստագրերի հետ կապված որևէ խնդիր լինել չի կարող։

Ի վերջո «Զորաշեն» ՍՊԸ-ի պարզաբանումն ընդունվել է ի գիտություն և ընկերության կողմից ներկայացված հայտը  գնահատվել է բավարար։ 2019 թվականի հունվարի 18-ին Առողջապահության նախարարության և «Զորաշեն» ընկերության միջև կնքվել է պետության կարիքների համար ապրանքի մատակարարման վերաբերյալ պայմանագիրը, որով վաճառողը պարտավորվել է սահմանված կարգով գնորդին մատակարարել սարքավորումներ, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 58  մլն 800 հզ դրամ։

ՄԵղադրողն ընթերցեց, որ 2019  թվականի հունվարին Գևորգ Խաչատրյանն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն և տնօրեն Արման Հովակիմյանի հետ քննարկել հեմոդիալիզի ստենդավորման պարագաների գնման գործընթացում առաջացող խնդիրները, հայտնել, որ Առողջապահության նախարարության և ՊՎԾ-ի կողմից մշակվում է ստանդարտիզացված տեխնիկական բնութագրեր, որոնք երկու ամսից կդրվեն շրջանառության մեջ։ Գևորգ Խաչատրյանն առաջարկել է մինչև նոր տեխնիկական բնութագրերի պատրաստումը երկու ամսվա համար գնումները կատարել նախկին տեխնիկական բնութագրերով։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ը հեմոդիալիզի տեխնիկական սարքավորումները ձեռք են բերել «Ֆրեզեն» ընկերությունից և հեմոդիալիզի պարագաների գնման մրցույթի պայմաններում եղել է այդ սարքավորումների անվճար սպասարկման պայման։ Պայմանագրով նախատեսված է եղել նաև, որ հեմոդիալիզի ոչ օրիգինալ պարագաներ օգտագործելու հետևանքով սարքավորումների տեխնիկական  անսարքություններ առաջանալու պարագայում  բժշկական կենտրոնը կզրկվի երաշխիքային սպասարկումից, բացի այդ՝ հիվանդների առողջությանը կարող է այդպիսով վնաս պատճառվել։ Գևորգ Խաչատրյանի առաջարկի հիման վրա «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը նախկին տեխնիկական բնութագրերով հայտարարել է դիալիզի պարագաների մրցույթ։ Մի քանի օր անց Սամվել Ադյանը գրություն է ուղարկել բժշկական կենտրոն՝ հայտնելով, որ ՊՎԾ-ի կողմից իրականացված մշտադիտարկման շրջանակներում բժշկական կենտրոնի կողմից հայտարարված գնումների ընթացակարգի ուսումնասիրությամբ հայտնաբերվել են մի շարք խախտումներ, և դրանք վերացնելու ուղղությամբ առաջարկվել է կատարել իրենց կողմից  ներկայացված տիպային բնութագրերին համապատաասխան փոփոխություններ՝ նշելով կոնկրետ տեխնիկական  չափանիշներ։

Ադյանի գրության հիման վրա  գնման ընթացակարգը հայտարարվել է չկայացած,  և  տեխնիկական բնութագրերը փոփոխելուց հետո հայտարարվել է գնման նոր ընթացակարգ, որից մի քանի օր անց Սամվել Ադյանն ու Գևորգ Խաչատրյանն այցելել  են բժշկական կենտրոն և տնօրենի միջոցով հանդիպել դիալիզի բաժանմունքի վարիչ Դիանա Ալոյանի հետ։ Տեխնիկական բնութագրերը փոփոխելուց հետո բժշկական կենտրոնի կարիքների համար գնման ընթացակարգին մասնակցել է նաև «Զորաշեն» ընկերությունը։  Ըստ մեղադրանքի՝ «Զորաշեն»-ի հայտը բավարարելու համար և բժշկական կենտրոնի վրա ճնշում գործադրելու նպատակով, Սամվել Ադյանի խնդրանքով Դավիթ Սանասարյանի կողմից գրություն է ուղարկվել, որով տնօրենից պահանջվել է 2 աշխատանքային օրվա ընթացքում ՊՎԾ ներկայացնել բժշկական կենտրոնի կողմից 2016-2018 թվականների ընթացքում հեմոդիալիզի պարագաների գնման նպատակով հայտարարված մրցույթների  հրավերները, կնքված պայմանագրերի, հանձնման, ընդունման ակտերի, մրցույթներին հայտ ներկայացրած մասնակիցների հայտերի և հոմեդիալիզի սարքավորումների տեխնիկական սպասարկման ծառայությունների պայմանագրերի պատճենները։

Հայտարարված գնման ընթացակարգի հանձնաժողովն, այունամենայնիվ, որոշում է կայացրել «Զորաշենի» հայտը մերժել, քանի որ դիալիզատորների մանրէազերծման մեթոդը չի համապատսխանել պահանջվող տեխնիկական բնութագրերին։ Սամվել Ադյանը Դավիթ Սանասարյանին հայտնել է, որ «Զորաշենի» հայտը մերժվել է, որից հետո ինչպես արդեն նշեցինք, այնտեղ սկսվել են ստուգումներ ու հայտնաբերվել խախտումներ։ Ստուգում իրականացնողների մեջ է եղել նաև Գևորգ Խաչատրյանը, ով, ըստ քրեական գործի՝ բժշկական կենտրոնի աշխատակիցների նկատմամբ դրսևորել է անհարգալից և ագրեսիվ վերաբերմունք, փորձել  ճնշումներ գործադրել նրանց վրա, մեղադրել «Զորաշենի» հայտը մերժելու մեջ։

Ստեղծված իրավիճակում, ըստ մեղադրողի, Առողջապահության  նախարար Արսեն Թորսյանը կրկին զանգահարել է Սանասարյանին և հայտնել, որ Սամվել Ադյանի առաջարկած տեխնիական բնութագրերի փոփոխության հետևանքով կարող է բժշկական կենտրոնն ունենալ ֆինանսական կորուստներ, որ հեմոդիալիզի սարքավորումները կարող են խափանվել, վտանգել հիվանդների առողջությունը, սակայն նույնիսկ նշված տեղեկատվությունը ստանալուց  հետո Սանասարյանը գործողություններ չի ձեռնարկել աշխատակիցների գործողություննեը կանխելու, նրանց կարգապահական տույժի ենթարկելու ուղղությամբ։

Նմանատիպ պահանջներ ներկայացվել է նաև «Վանաձոր» բժշկական կենտրոնին։ Բժշկական  կենտրոնի տնօրեն Վահագն Խաչատրյանը սակայն ասել է, որ իրենց սարքավորումները նոր են, ինչպես նաև պահանջել գրավոր երաշխիքներ այն մասին, որ ՊՎԾ-ի պահանջները կատարելու դեպքում հեմոդիալիզի սարքավորումները չեն վնասվի, չի վտանգվի հիվանդների առողջությունը։

Գևորգ Խաչատրյանը, սակայն, ըստ մեղադրանքի, սպառնացել է իրենց կողմից ներկայացված պահանջները չկատարելու դեպքում բժշկական կենտրոնում ստուգումներ իրականացնել։

Վերը նկարագրված հանգամանքների վերաբերյալ է ՊՎԾ պաշտոնյաներին մեղադրանք առաջադրվել։ Ինչ վերաբերում է մյուս ամբաստանյալ Տարոն Ավետիսյանին, վերջինս «Զորաշեն» ՍՊԸ-ի տնօրենն է։ Այս ընկերությունն, ինչպես արդեն վերը նշեցինք, ըստ մեղադրանքի փոխկապակցված է ՊՎԾ արդեն նախկին պաշտոնյաներ Սամվել Ադյանին և Գևորգ Խաչատրանին։

Մեղադրանքներն ընթերցելուց հետո միայն Դավիթ Սանասարյանը խոսեց դրա վերաբերյալ՝ հայտնելով, որ մեղադրանքը չի ընդունում, իսկ մյուս երեք ամբաստանյալները նշեցին, որ մեղադրանքի վերաբերյալ այս պահին չեն ցանկանում դիրքորոշում հայտնել։

Լուսանկարում՝ դատախազ Գևորգ Սարգսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter