HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Եթե այսօր վերադառնամ, նորից թույլ չեմ տալու, որ պետության հաշվին մարդիկ գերշահույթ ստանան»․ Դավիթ Սանասարյանը չընդունեց մեղադրանքը

Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) չընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի, այսօր շարունակվում է Սանասարյանի, Պետական վերահսկողական ծառայության նախկին պաշտոնատար անձանց՝ Գևորգ Խաչատրյանի, Սամվել Ադյանի և «Զորաշեն» ՍՊԸ-ի տնօրեն Տարոն Ավետիսյանի վերաբերյալ գործի քննությունը։

Այսօրվա դատական նիստի ընթացքում դատախազ Գևորգ Սարգսյանն ընթերցեց Դավիթ Սանասարյանի մեղադրանքը։ Սանասարյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով։ Ըստ մեղադրանքի՝ Սանասարյանը, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով` իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Սանասարյանը հայտարարեց, որ իրականությանը չի համապատասխանում այն, ինչ իր մասին ասվում է մեղադրական եզրակացության մեջ, որ մեղադրանքը շինծու է։

«Այս պահին ինձ մեղադրում են այն բանի համար, որ, իմանալով, որ իմ աշխատակիցը կառավարում է կոնկրետ կազմակերպություն և գործին զուգահեռ իրականացնում իր բիզնես շահերը։ Ես ասում եմ, որ նման բան չկա։ Իմ աշխատակցին ես բազմիցս հարցրել եմ, թե արդյոք կապ ունի՞ այդ կազմակերպության հետ, և նա ինձ հավաստիացրել է, որ կապ չունի»,- ասաց Դավիթ Սանասարյանը՝ նշելով, որ այդ խոսակցություններին վկա անձինք են եղել։

Սանասարյանը նշեց, որ իրեն հայտնի չէ գեթ մեկ դեպք, որ Պետական վերահսկողական ծառայության գործողությունների հետևանքով դիալեզով հիվանդ որևէ հիվանդ տուժած լինի:

«Ես չեմ զղջում, որ ուսումնասիրություն է իրականացվել հենց «Վանաձոր» և «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ներում։ Եթե այսօր վերադառնամ, նորից թույլ չեմ տալու, որ պետության  հաշվին մարդիկ գերշահույթ ստանան»,- հայտարարեց Դավիթ Սանասարյանը։

Նշենք, որ մինչ գործով դատաքննության անցնելը դատարանը մերժեց Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը։ Այս միջնորդությունը ներկայացվել էր նախորդ դատական նիստի ընթացքում, դրա քննությունը շարունակվեց այսօր, ապա դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ և վերադառնալով՝ հրապարակեց մերժման մասին որոշումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter