HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էսքիզներ դիմանկարի համար. Ազատ Գասպարյան

Ո՞վ չէր ճանաչում նրան՝ Ազատ Գասպարյանին, հնարավոր չէր չճանաչեին, չգնահատեին իր արտիստիզմը ինքնաբուխ, անխարդախ ու անշփոթելի էր։ Անձամբ չէի ճանաչում, բայց հին ու հարազատորեն ձգող մտերմություն էր կարծես ստեղծվել մեր միջև՝ մինչ առաջին հանդիպում-ծանոթությունը։

Դժվար չէր նրան ճանաչել փողոցն անցնելիս կամ սրճարանում մարդկանցով շրջապատված՝ իր շարժուկերպով, իր կերցվածքով նույնիսկ հեռվից, երբ հպանցիկ հայացք էիր նետում Ազատ Գասպարյանին։ Շատերը Չարենցի կարոտը իրենից էի «առնում» Չարենց էր մարմնավորել, ավելի ճիշտՉարենցով էր ապրել «Երկունք» ֆիլմի նկարահանման ընթացքում և հետագայում նույնպես ինչպես էր կարողացել ներթափանցել հանճար ողբերգական ու ինքնահերոսացած կերպարի մեջ, որ իր համար կերպարի սոսկական կրկօրինակումչէր, այլ ժամանակաշրջանը մեր առջև «տարածած» Մյասնիկյանով, Շուշանիկ Կուրղինյանով, ժամանակի այլևայլ բարքերով «մատուցած» իրականություն, որտեղ կամա ակամա հայտնվում ես ֆիլմը դիտելիս։Սա Ազատ Գասպարյանի մենաշնորհն էր, իր կյանքի դերը, որ կատարեց ներքին ալեբախվող մռնչյունով։

Ալբերտ Մկրտչյանի պարզապես սքանչելի Գյումրվա եռապատում-ֆիլմում նույնպես ինքնօրինակ էր, եթե մի պահ մտովի վերանանք և մեկ ուրիշ արտիստի պատկերացնենք «սովետական միլիցիայի» կերպարով՝ չենք կարող, անհնարին է, որովհետև միայն իրեն վերապահված դեր ու կերպար էր, բարքերին ճշմարտացիորեն «կառչած», իրեն չափազանց բնորոշ «չէր խաղում», ապրում էր՝ մոռացած դերն ու իր արտիստ լինելու հանգամանքը։

Ազատի երգը նրան մտերիմները արդեն իսկ կվերապրեն այն օրերը, երբ երգում էր, աշուղական,ժողովրդական երգերի իր երգացանկը․․․ Ջիվանու, Շերամի երգերի անզուգական ազատյան կատարումներին առիթներ եղել են, որ լսել եմ, նույնիսկ ձայնակցել։

Օրերից մի օր ԵղՉարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի այդ ժամանակվա տնօրեն Հենրիկ Բախչինյանի առանձնասենյակում հյուրընկալվել էր սփյուռքահայ օպերային անվանի երգչուհի Լի Դուրյանը։ Հանկարծ անակնկալ  ներս է խուժում Ազատ Գասպարյանը՝ ժպտադեմ ու միանգամից, իրեն բնորոշ անսպասելի հումորով, ձեռքերը վեր տարածելով ասում «Էս ինչի՞ եք տխուր-տրտում նստել»։ Նկատելի էր որոշակի գինովցածությունը։ Տիկին Դուրյանի հետ ծանոթանալուց հետո, միանգամից աննկատելիորեն աշխուժություն տիրեց, մթնոլորտը Ազատով գերհագեցավ ու հնչեց նրա երգաձայնը, նույնիսկ իրիկնացող օրն աննկատելի թվաց։

Ազատի հերթական զանգը՝ Շիրակի խոսվածքով էր խոսում «Ֆիլմի տեքստ բդի կարդամ, արևմտահայերեն, բայց տեքստը արևելահայերեն է, կըսեն կռնաս վերածել արևմտահայերենի, շատ չէ, քսան էջ է»։ Նախ ուրախացա ձայնը լսելով, հետո ասացի «Գլխուս վրա»։ Շարունակեց՝ «Արթուր, մենք մինչև հմի մեր գլխու տերը չենք, դու կըսեսծիծաղեցինք՝ մոռանալով որոշակի ժամի պայմանավորվել։ Քիչ անց ես հիշեցրի ու նույն օրը հանդիպեցինք։ Ինքը արևելահայերենը կարդում էր, ես, տեղվույն վրա, վերածում էի արևմտահայերենի։ Երկու ժամից ավելի տևեց մեր աշխատանքը՝ Ազատի հումորային ամենատարբեր դեպքեր հիշելու «ընդմիջումներով»։ Երբ ավարտեցինք, սենյակում համատարած ծխի միջից իրար հազիվ նշմարեցինք ու ինձ նայելով փոքր ինչ տխուր ասաց «Բայց իսկական հայերենը՝ ըսիկ է, ինչ չնաշխարհիկ լեզուկարոտից կխեղդվիմ, ուրիշ տեղեր ման գուկամ՝ Բինգյոլ, Սարիղամիշ, Արդահան ու Մուշ․․․»

Ընդհանրապես այն համատարած կարծիքը կա, որ Ազատ Գասպարյանն ավելի քան կատակերգական ոճայնության արտիստ է, բայց այդպես չէ, իրեն ասել եմ։ 70-80-ական թվականների հեռուստատեսության ամենաշաբաթյա հեռուստաթատրոնների ներկայացումներում խաղացած շատ դերեր չափազանց դրամատիկ «ուղղվածություն» ունեին։ Ու այդ դերերում ինքը այլ կերպ էր ներկայանում, ուղղակի անսպառ հումորով օժտված մարդու  տեսակն էր, որ միախառնվում էր իր ստեղծած դերերի «հոգեբանությանը»։ Այսպիսի արտահայտություն կա թատերագիտության մեջ՝ ողբերգազավեշտ իրականում այդ բնույթի արտիստ էր և երևի թե նաև կյանքում, որ իր արվեստից այնքան էլ չէր տարբերվում, այսինքն կյանքում և բեմում, նկարահանման հրապարակում նա նույն մտավորականն էր, անխարդախ կեցվածքով, արագորեն իր շուրջ համախմբելու ունակ՝ որոշակի ջերմ մթնոլորտ ստեղծելու ներքին արտիստիկ ուժով օժտված։

Մի օր պատահական հանդիպման ժամանակ – արդեն զգացվում էր որ վատառողջ է,- ջերմորեն բարևեց, հարցրեց որպիսությունս և ասաց «Մարդ կյանքում գոնե մի քիչ Չարենց պետք է լինի։ Ու մնաս բարովի ձեռքը վեր պարզելով, կտրուկ թեքվեց և անցավ փողոցը՝ ինձ թողնելով «մի քիչ Չարենց» լինելու իմ մոլորումների մայթեզրին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter