HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Էկո խնդիրների բարձրաձայնում` ռոք երաժշտության միջոցով. Գյումրու ռոք դպրոցի մարտահրավերը

«Գյումրին ռոքվի քաղաք է». սա «Բամբիռ» խմբի հիմնադիր ու ղեկավար Գագիկ Բարսեղյանի՝ Ջագի սիրած արտահայտություններից մեկն է: Լսե՞լ էր երբեւէ այդ մասին ռեժիսոր դառնալու հովերով տարված Ժիրայրը մինչեւ ճակատագրական հանդիպումը՝ դժվար է ասել, սակայն Ջագի հետ ծանոթյունն ու ռոքի մասին զրույցներն էին, որ հետագայում պիտի ծնունդ տային Գյումրիում ռոք դպրոց ունենալու գաղափարին:

23-ամյա Ժիրայր Մարտիրոսյանի եւ Ջագի հանդիպումը 2015թ-ին էր: Ժիրայրը հիշում է, որ այդ ժամանակ մասնակցում էր դերասան, ռեժիսոր Հովհաննես Հովհաննիսյանի «Մեսրոպ Մաշտոց»ներկայացման մասսայական տեսարաններին: Մի օր, փորձերից հետո, թատրոնի տեխնիկական մասի ռեժիսոր Ռոբերտ Քոչարյանը տղային որոշում է ծանոթացնել Գագիկ Բարսեղյանի հետ:

«Կարելի է ասել օձիքիցս բռնեց ու տարավ, ասեց հարցեր չտաս՝ տեղ ենք գնում,-ծիծաղելով հիշում է Ժիրայրը,-կյանքում չէի պատկերացնի, որ մոտիկից պիտի շփվեմ Ջագի հետ, Նարեկենք էլ էդ ժամանակ նոր էին եկել Իռլանդիայից, էդ ժամանակ լսում էի իրենց գործերը, մի խոսքով թույն էր, վերջն էր, պիկն էր... էս պահին կդժվարանամ բառերով փոխանցել էն ժամանակվա տպավորությունս ու զգացողություններս: Մի խոսքով սկսեցի էդ օրվանից ավելի շատ ուշադրություն դարձնել իրանց գործերին: Մի օր հարցրեցի Ջագին. «Վարպետ, ինչու՞ Հայաստանում պրոֆեսիոնալ, ազդեցիկ ռոք խմբեր չկան», ասեց՝ «որովհետեւ ռոք-շկոլա չկա»: Էդ արտահայտությունը ճակատագրական եղավ ինձ համար»:

Ժիրայրը խոստովանում է, որ երաժշտական դասական կրթություն չունի. երեք ամիս կիթառ նվագել սովորել է Արարատ Ալեքսանյանի մոտ, սակայն դա խոչընդոտ չէր ռոք դպրոցի մասին երազանքի ճանապարհին:

«Սկսեցի համացանցով որոնել աշխարհում հայտնի ռոք դպրոցները, ուսումնասիրել իրենց անցած ուղին, նաեւ հասկանում էի, որ մնալով Հայաստանում, չեմ կարողանալու բոլոր մտադրություններս իրականացնել: Որոշեցի դուրս գալ Հայաստանից, գնացի Անապա, այնտեղ ծանոթացա ծնունդով հայ երաժիշտների հետ: Ցերեկն աշխատում էի՝ ժամը 10-ից 18-ը բանվորություն էի անում, երեկոյան մի խմբի հետ նվագում էի փաբում, համերգների էի մասնակցում, լավ էլ վաստակում էի, բայց Ջագի հետ խոսակցությունը հանգիստ չէր տալիս»,-խոստովանում է զրուցակիցս:

Հայաստան վերադառնում է ռոք դպրոցի ստեղծման հստակ մտադրությամբ, ասում է՝ մի աղջիկ կար, ում խոստացել էի ու պիտի ապացուցեի, որ կհասնեմ նպատակիս: Հա, դժվար է, երբ ունես մեկ կիթառ ու լիքը մտքեր, չունես համախոհներ ու դպրոց ենթադրող նույնիսկ ամենամոտավոր, շոշափելի կառույցի պատկեր: Հայտնվեցին համախոհները, հետո՝ վայրը, որտեղ փորձեր էին անում:

«Սկզբում տեղավորվել էինք Շիրազի թանգարանի նկուղային հարկում: Շատ չենք մնացել, որովհետեւ տեղը խոնավ էր, հեչ հարմար չէր պարապելու համար, հետո գնացինք Հայորդաց տուն, բայց էնտեղ էլ երկար չմնացինք: Մակարյան Լիլիթի հետ ծանոթությունը մեզ տանիք ապահովեց Գյումրու Երիտասարդական պալատում: Այստեղ մնացել ենք 3 տարուց ավելի: Սա մի հարթակ էր, որի շնորհիվ կարողացանք նաեւ դպրոց հասկացությունը զարգացնել»,-նկատում է զրուցակիցս՝ հավելելով, որ այդ ընթացքում ինքը հասցրել է ծառայել հայոց բանակում, իսկ խումբը՝ շնորհիվ պալատի վարած հետեւողական քաղաքականության՝ չի ցրվել:

22-25 աշակերտ, որոնք անվճար հաճախում են դասերի, աղջիկների ռոք խումբ, հրապարակային եւ փաբային ելույթներ, գյումրու մշակութային կյանքում ակտիվ մասնակցություն եւ այս ամենը ռոք դպրոցի անվան տակ: Ժիրայրը չի շտապում խմբին անուն տալ: Ասում է, պահը չի հասունացել, գուցե շատ կարեւոր մի ծրագրից հետո այն ինքն իրեն ծնվի:

«Որոշել ենք 2020թ.-ը հայտարարել կանաչ տարի եւ բարձրաձայնել երկրում առկա էկո խնդիրները: Ռոքը մտածողություն է փոխում, ռոքը հեղափոխական երաժշտություն է եւ ասելիքը տեղ հասցնելու, տարբեր խնդիրներ բարձրաձայնելու երեւի թե լավագույն միջոցը,-ասում է Ժիրայր Մարտիրոսյանը,-ես նոր բան չեմ ասում, 60-ականներին Վիետնամի պատերազմի դեմ խաղաղության քարոզով հանդես էին գալիս հենց ռոք խմբերը, հիշենք թեկուզ Վուդսթոքի փառատոնը»: Իսկ ի՞նչ էր տեղի ունեցել Վուդսթոքում անցած դարի 60-ականներին.

1969թ.օգոստոսի 15-18-ին, ԱՄՆ Վուդսթոք քաղաքում տեղի ունեցավ 400.000-անոց զանգվածային համերգ Բոբ Դիլանի, Ջոան Բաեզի, Ջո Քոքերի, Ջենիս Ջոպլինի, Ջիմի Հենդրիքսի, Կառլոս Սանտանայի, Ռավի Շանքարի եւ մյուսների մասնակցությամբ, որի ընթացքում երկրպագուները ազատ սեր էին գովերգում, բողոքում Վիետնամի պատերազմի և ատոմային ռումբերի դեմ: «Երեք օր խաղաղություն եւ երաժշտություն» խորագրով անկացվող ռոք փառատոնին կազմակերպիչներն ակնկալում էին 50 հազար հանդիսատեսի մասնակցություն, սակայն սպասելիքները 10 անգամ գերազանցվեցին: Դրանք խելագար մի քանի օրեր էին, որի ավարտին հասան միայն քչերը( 35.000 մարդ): Հետագայում Վուդսթոքը դարձավ մի ամբողջ սերնդի խորհրդանիշ` հիփիների դարաշրջանի ավարտի եւ սեքսուալ հեղափոխության սկզբի:

Տղաները վուդսթոքյան փառատոնին մասնակից խմբերի հետ համեմատվելու եզրեր չեն փնտրում, ուղղակի հասկացել են, որ արվեստը պիտի ինքնանպատակ չլինի, պետք է ծառայի շատ կարեւոր նպատակների, բարձրացնի կարեւորագույն հարցեր: Գյումրու ռոք դպրոցը որոշել է սկսել վտանգված բնական եւ ոչ բնական հուշարձանների մասին բարձրաձայնումից:

«Հիմա մենք չելենջ ենք անում, այսինքն մարտահրավեր ենք նետում բոլորին, ովքեր պատրաստ կլինեն միանալ մեզ, այդ թվում եւ երաժիշտների: 10 մարզում 10 հուշարձանի մասին է բարձրաձայնվելու, տեղում ծառատունկ ու համերգ է կազմակերպվելու: Ներկայանալու ենք 8 նոր երգով: Սկսելու են Արարատի մարզից»,-ասում է Ժիրայրը՝ հավելելով, որ այս պահին զբաղված են ֆինանսական միջոցների հայթայթմամբ եւ այդ նպատակով տեղեկատվական տեսանյութ են տարածել համացանցում:

Գլխավոր լուսանկարը՝ Գյումրու ռոք դպրոցի ֆեյսբուքյան էջից

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter