HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Մասիսի ավագանու անդամի շինարարությունը կասեցվել է․ «Թումոյի» հարցով կրկին կդիմեն վարչապետին

Արարատի մարզի Մասիս քաղաքում ավագանու անդամի կողմից` «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համար նախատեսված տարածքի դիմաց իրականացվող շինարարությունը կասեցվել է։ Մասիսի զարգացման հիմնադրամից, որը ծրագրել է կառուցել «Թումո»-ն, հայտնեցին, որ շինարարությունը դադարեցվել է, իսկ Մասիսի բնակիչները վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված ստորագրահավաք են սկսել։

«Հետք»–ը նախորդ տարեվերջին գրել էր, որ Մասիսի ավագանու անդամը խնդիրներ է ստեղծել քաղաքում կառուցվելիք «Թումո» ստեղծարար  տեխնոլոգիաների կենտրոնի համար։ Ավագանու անդամ Էդմոնդ Ստեփանյանը հողեր է ձեռք բերել և շինարարություն սկսել այնպիսի տարածքում, որը փակելու է Մասիսում ծրագրված ստեղծագործական կենտրոնի ճակատային մասը։ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն էլ շինթույլտվություն էր տվել տարածքում սառնարանային տնտեսություն կառուցելու համար։

Մինչ մեր հրապարակումը, Մասիսի զարգացման հիմնադրամը դիմել էր մի շարք գերատեսչությունների ղեկավարների, այդ թվում` վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Դիմումների արդյունքում, ամիսներ անց, վարչապետի աշխատակազմը պատկան մարմիններից տեղեկացել է, որ շինարարությունը դադարեցվել է։ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն էլ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին հայտնել է, որ ավագանու անդամին այդ տարածքում շինթույլտվություն տալուց հաշվի են առել բնակավայրերի կառուցապատման գիծը։

Այս ամենին զուգահեռ Մասիսի բնակիչները վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված ստորագրահավաք են սկսել։ Մասիսի զարգացման հիմնադրամից հայտնեցին, որ ստորագրահավաքին արդեն 1400 քաղաքացի է միացել։ Ստորագրող քաղաքացիները վարչապետից ակնկալում են, որ նա կմիջամտի ավագանու անդամի, քաղաքային իշխանության և «Թումո» կենտրոնի կոնֆլիկտին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter