HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բժշկական դիմակները 2-4 անգամ թանկացել են

Չինաստանում կորոնավիրուսի համաճարակի տարածումից հետո Հայաստանում բժշկական դիմակները թանկացել են, իսկ խոշոր դեղատնային ցանցերում դրանք գրեթե սպառված են։

Դիմակները Հայաստան են ներկրվում հիմնականում հենց Չինաստանից։ Մենք այցելեցինք մի քանի դեղատուն՝ պարզելու, թե հիմա ինչ արժե բժշկական դիմակը։

«Ալֆա-ֆարմ»-ից մեզ տեղեկացրին, որ դիմակները նախկինում վաճառել են 30 դրամով, սակայն այժմ դեղատների ցանցը բժշկական դիմակներ չունի, քանի որ վերջին օրերին դրանք շատ արագ սպառվել են, իսկ Չինաստանից ներկրման հնարավորություն այս պահին չկա։

«Վագա-ֆարմ»-ի տնօրեն Վահե Վարսանյանի հետ զրույցում պարզվեց, որ դիմակները վաճառում են 25 դրամով։ «Վագա-ֆարմ»-ը դիմակներ մատակարարում է նաև այլ դեղատների, սակայն այժմ դադարեցրել է մատակարարումը, քանի որ դրանց քանակը բավարար չէ։

«Լևոն և Լամարա» դեղատանը դիմակները վաճառում են տուփով։ Տուփի մեջ կա 5 դիմակ, արժեքը՝ 400 դրամ։ Այսինքն՝ 1 դիմակի արժեքը 80 դրամ է։

«Ֆարմա-սթար» դեղատնից մեզ հայտնեցին, որ այժմ դիմակները վաճառում են 70 դրամով, գները փոփոխվել են, պատճառը չնշեցին։

«Գեդեոն Ռիխտեր» դեղատնային ցանցում բժշկական դիմակների մշտական գինը եղել է 50 դրամ, վերջերս վաճառել են 100 դրամով, բայց այս պահին ցանցում բժշկական դիմակներ չկան։

Տիգրան Մեծ 40 հասցեում գտնվող դեղատանը բժշկական դիմակի արժեքը 100 դրամ է, ածուխով սև դիմակն արժե 120 դրամ։ Դեղատան աշխատակցի խոսքով՝ դիմակ մատակարարողներն են բարձրացրել գինը, դեղատունը ինչ գնով ստանում, այն գնով էլ վաճառում է։

Ստացվում է, որ խոշոր դեղատնային ցանցերում դիմակների գները չեն փոխվել, բայց մասնավոր դեղատներում կան գնային փոփոխություններ։

Դեղ արտադրողների միության տնօրեն Թագուհի Փիրուզյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այն ընկերությունները, որոնք Դեղ արտադրողների միության անդամ են և Հայաստանում դեղ արտադրողներ են, չեն արտադրում բժշկական դիմակներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter