HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նախարարությունում դեռ չգիտեն, թե քանի խոշորացված համայնք կունենա Արմավիրի մարզը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից «Հետք»-ին տեղեկացնում են, որ Արմավիրի մարզում միավորվող համայնքների ստույգ թվաքանակի մասին տեղեկատվություն այս պահին հնարավոր չէ տրամադրել, քանի որ «այն սովորաբար փոխվում է համայնքներում անցկացվող քննարկումների արդյունքում»:

Արմավիրի մարզում համայնքների միավորում նախատեսվում է իրականացնել 2020-2021 թթ-ին: Արդեն գրել ենք, որ մարզի համայնքապետարանները ստացել են փաթեթներ, որոնք վերաբերում են համայնքների խոշորացմանը: Գյուղերում անակնկալի էին եկել՝ տեսնելով խոշորացվող համայնքների փունջը: Օրինակ՝ ըստ նախագծի, Էջմիածնի տարածաշրջանի համայնքների «փնջերից» մեկում խոշորացվելու է 16 համայնք:

Դողս միավորված համայնք ձևավորելու համար Աղավնատուն, Ամբերդ, Այգեշատ, Արագած, Գեղակերտ, Դաշտ, Դողս, Լեռնամերձ, Ծաղկալանջ, Ծաղկունք, Ծիածան, Հայթաղ, Հովտամեջ, Մրգաստան, Շահումյան, Շահումյանի թռչնաֆաբրիկա համայնքները խոշորացվելու են և դառնան բնակավայր: 

Համայնքապետերին ուղարկված մեկ այլ փնջով էլ առաջարկվում է ձևավորել Տարոն միավորված համայնք՝ Արշալույս համայնքային կենտրոնով, որի մեջ միավորվելու են Արշալույս, Առատաշեն, Ակնալիճ, Արտիմետ, Գրիբոյեդով, Տարոնիկ, Խորոնք համայնքները:

Առատաշեն համայնքում փետրվարի 6-ին բողոքի ակցիա էին կազմակերպել գյուղացիները՝ պահանջելով վերանայել մոտեցումը: Այս գյուղում ևս դեմ են համայնքների խոշորացմանը:

Նախագծով առաջարկվել է նոր ձևավորված համայնքների ՏԻՄ ընտրություններն անցկացնել հունիսի 14-ին:

Թեև նախագծերն արդեն ուղարկվել են համայնքապետերին և առանց քննարկում կազմակերպելու, անակնկալի բերել համայնքի բնակիչներին, ինչն էլ մեծ դժգոհությունների առիթ է հանդիսացել, այնուամենայնիվ նախարարությունից պատասխանում են, որ համայնքային փնջերի և դրանց կենտրոնների վերաբերյալ տեղեկատվություն հնարավոր կլինի տրամադրել համայնքներում քննարկումներից հետո: Դրա արդյունքում փոփոխություններ պետք է կատարվեն ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքում:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գլխավոր քարտուղարին փոխարինող Համլետ Բատիկյանի գրավոր փոխանցմամբ՝ համայնքների միավորման վերաբերյալ քննարկումներ կազմակերպվել են Արմավիրի մարզպետարանում՝ համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Նախատեսվում են նաև քննարկումներ միավորվող համայնքների բնակիչների հետ:

Ծաղկունքի համայնքապետ Դավիթ Կարապետյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ խոշորացման հարցի շուրջ խոսվել է, բայց ոչ մեկի հետ չեն քննարկել այդ հարցը: Առավոտ արթնացել են ու ստացել փաթեթը: Այս համայնքում նախատեսում են տեղական հանրաքվեով որոշել միավորման նպատակահարմարությունը:

Հ. Բատիկյանի կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ տեղական հանրաքվե անցկացնելու նախաձեռնությունը պատկանում է համայնքի բնակիչներին, ուստի այդ մասին չեն կարող տեղեկատվություն տրամադրել:

Նախարարությունից տեղեկացնում են նաև, որ մարզում համայնքների միավորման սցենարների վերաբերյալ վերլուծություն են կատարել «Համայնքների ֆինանսիստների միավորուն» ՀԿ-ն և «ՀաՄաՏեղ» ծրագիրը: Դրանք ևս լրացուցիչ հիմք կհանդիսանան Արմավիրի մարզի համայնքների միավորման հետագա ծրագրերը կազմելու համար:

Նշենք, որ համայնքների միավորման սկզբունքները և չափանիշները սահմանված են Կառավարության 2011թ. նոյեմբերի 11-ի «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգին հավանություն տալու մասին» թիվ 44 արձանագրային որոշմամբ:

Ըստ այդ հայեցակարգի՝ գործող վարչատարածքային բաժանումը լուրջ և էական խոչընդոտ է համայնքների կարողությունների ամրապնդման և տեղական ինքնակառավարման համակարգի հետագա զարգացման համար: Ստեղծված իրավիճակի հիմնական պատճառը տեղական ինքնակառավարման համակարգի մասնատվածության բարձր աստիճանն է, փոքրաթիվ բնակչությամբ գյուղական համայնքների գերակշռող թվով: Ըստ այդմ՝ «Համակարգի արդյունավետ գործունեությունը մեծապես պայմանավորված է համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման սկզբունքի ընտրությունից»:

Նշենք, որ ըստ հայեցակարգի, Արմավիրի մարզ 97 համայնքներից միայն 13-ն ունեն մինչև 1000 բնակիչ, որից 3-ը՝ 300 բնակիչ, 3-ը՝ 301-500 բնակիչ և 7-ը՝ 501-1000 բնակիչ: Մնացած 84 համայնքները 1000-ից ավել բնակիչ ունեն: Հանրապետության մասշտաբով Արմավիրի մարզը մինչև 1000 բնակիչ ունեցող համայնքների թվով վերջին տեղն է զբաղեցնում: Համեմատության համար նշենք, որ Արարատի մարզում նմանատիպ համայնքների թիվը 18 է, որտեղ ևս պետք է իրականացվի համայնքների միավորում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter