HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

4000 և ավելի ընտրող ունեցող համայնքներում առաջարկվում է ընտրություններն անցկացնել համամասնական ընտրակարգով

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացրած նախագծով՝ առաջարկվում է 4000 և ավելի ընտրող ունեցող համայնքներում և մինչև 4000 ընտրող ունեցող բազմաբնակավայր համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացնել համամասնական ընտրակարգով: Այլ կերպ ասած՝ նախագծով առաջարկվում է 4000 ընտրող ունեցող համայնքներում և մինչև 4000 ընտրող ունեցող խոշորացված համայնքներում քաղաքացիներն ընտրեն համայնքի ավագանի, որն էլ իր կազմից կընտրի համայնքի ղեկավարին:

Իսկ մինչև 4000 ընտրող ունեցող համայնքներում առաջարկվում է ուժի մեջ թողնել գործող մեծամասնական ընտրակարագը:

Ներկայումս գործող օրենսդրությամբ՝ բացառությամբ Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունն անցկացվում է մեծամասնական ընտրակարգով, քաղաքացիները ընտրում են և՛ համայնքի ղեկավարին, և՛ ավագանու անդամներին:

Հրապարակված նախագծում ասվում է, որ ներկայումս շատ համայնքներում ստեղծվել է մի իրավիճակ, երբ ավագանու անդամների լիազորությունները չեն ավարտվել, սակայն ավագանու հետ միաժամանակ ընտրված համայնքի ղեկավարը չի պաշտոնավարում և համայնքի ղեկավարի արդեն 2-րդ, 3-րդ ընտրություններն են կազմակերպվել, ինչը ձեռնտու չէ ո՛չ ֆինանսապես, ո՛չ համայնքային հանրային տրամադրությունների տեսանկյունից: Համայնքներն, ըստ էության, հայտնվում են ընտրական տևական շրջապտույտների մեջ, իրենց բոլոր բացասական հետևանքներով արդյունավետ և համայնքի համար շահեկան տեղական ինքնակառավարման տեսակետից:

«Նախագծերով ամրագրվել են նաև համայնքի ղեկավարի անուղղակի ընտրության կառուցակարգերը, այն է՝ համայնքի ավագանու կողմից համայնքի ղեկավար ընտրելու մեխանիզմները: Դրանով պայմանավորված՝ համայնքի ավագանին իր կազմից կընտրի և կնշանակի համայնքի ղեկավարին, հետևաբար՝ համայնքի ղեկավարն էլ իր հերթին պատասխանատվություն կկրի համայնքի ավագանու առջև:

4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքների ղեկավարների համար կգործի համայնքի ղեկավարի պաշտոնանկության, այն՝ է համայնքի ավագանու կողմից վերջինիս անվստահություն հայտնելու ինստիտուտը: Այն ոչ միայն կհանդիսանա որպես փոխզսպման մեխանիզմ ավագանու և համայնքի ղեկավարի փոխհարաբերություններում, այլև հնարավորություն կընձեռի լիարժեքորեն ապահովելու «Համայնքի ղեկավարը պատասխանատու է համայնքի ավագանու առջև» սահմանադրական նորմի իրացումը»,- նշվում է նախագծում:

Տարածքային կառավարման նախարարությունն ընդգծում է, որ երբ Հայաստանում ավարտին հասցվեն վարչատարածքային բարեփոխումները, օրենսդիրը և (կամ) գործադիրը հետագայում կարող են նաև անդրադառնալ համընդհանուր համամասնական ընտրակարգ սահմանելու օրենսդրական նախաձեռնությանը:

Այս մախագծով առաջարկվում է նաև ավագանու ընտրությունների անցողիկ շեմը, որը կուսակցության դեպքում սահմանվում է 4 տոկոս՝ ներկայիս 6-ի փոխարեն, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում 6 տոկոոս՝ ներկայիս 8-ի փոխարեն:

Առաջարկվող նախագծով փոփոխվելու է նաև 4000-ից ավել ընտրող ունեցող համայնքների ավագանու անդամների քանակը: Մասնավորապես՝

  • 4 000-ից մինչև 10 000 ընտրող ունեցող համայնքներում ավագանին բաղկացած է լինելու 15 անդամից (ներկայիս 11-ի փոխարեն),
  • 10 000-ից մինչև 25 հազար ընտրող ունեցող համայնքներում՝ ավագանին կունենա 21 անդամ,
  • 25 000-ից ավել ընտրող ունեցող համայնքներում՝ 33 անդամ:

Ներկայում 10 000-ից մինչև 70 000 ընտրող ունեցող համայնքի ավագանին կազմված է 15, իսկ 70 000-ից ավել ընտրող ունեցող համայնքների դեպքում 33 անդամից:

Բացառություն է միայն մայրաքաղաք Երևանը, որի ավագանին ունի 65 անդամ, իսկ ավագանու 33 անդամ ունեն միայն Գյումրին և Վանաձորը: Առաջարկվող փոփոխությունների ընդունման դեպքում նշված երեք քաղաքների, ինչպես նաև մինչև 4000 ընտրող ունեցող համայնքների ավագանու անդամների քանակը կմնա նույնը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter