HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Անտառային հողում ապօրինի շինություններ են կառուցել․ տուգանվել է Տաթեւի համայնքապետը

Սյունիքի մարզում անտառային հողի վրա առանց օրինական փաստաթղթերի կառուցապատում թույլ տալու համար 150 հազար դրամով տուգանվել է Տաթև խոշորացված համայնքի ղեկավարը։ Պետությանը պատճառված վնասը գնահատված չէ։

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչությունը նախորդ տարվա հոկտեմբերին արձանագրություն է կազմել, որ Տաթև համայնքի Հալիձոր գյուղի վարչական տարածքում՝ անտառային հողում, առանց համապատասխան փաստաթղթերի շինություններ են կառուցվել։

Այդ կառուցապատման մասին «Հետքը» նախորդ տարի գրել էր, երբ անդրադարձել էր Սյունիքի մարզի անտառային հողերի վարձակալության պատմություններին։ Մենք Գորիսի անտառտնտեսության ղեկավարի հետ ականատես եղանք, թե ինչպես է անտառային հողում նոր շինություն կառուցվում։

Անտառային կոմիտեի տվյալներով՝ Հալիձոր գյուղի ճանապարհին 0.6 հա անտառային հողը մինչև 2036 թվականը վարձակալել է Անուշավան Աղաբեկյանը։ Տեսչության տվյալներով, հողի մակերեսը 0.2 հա–ով ավելացել և ենթավարձակալության է տրվել «Արմենուհի Հայրապետյան Անուշավանի» ԱՁ–ին։ Անհատ ձեռներեցն էլ, առանց հողի նպատակային նշանակությունը փոխելու, կառուցել և ստուգման ժամանակ շահագործել է «Օլդ Հալիձոր» հանգստյան գոտին։

Քանի որ անտառային հողը Տաթև համայնքի Հալիձոր գյուղի վարչական տարածքում է, հողում քաղաքաշինական գործունեության նկատմամբ հսկողության պատասխանատուն համայնքի ղեկավարն է։ Տեսչության աշխատակիցները տուգանել են Տաթև համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանին:

Համայնքի ղեկավարին պատասխանատվության ենթարկելուց բացի, պետությանը պատճառված վնասի հարց կա, որին անդրադարձ չի կատարվել։ Խախտումը վերացնելու և խախտում կատարած անձին պատասխանատվության ենթարկելու հարցով տեսչությունը դիմել է Սյունիքի մարզպետարան։

Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter