HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անտառտնտեսության ղեկավարն անտառային հողեր է վարձել չնչին վարձավճարով. մաս 1, Սյունիք

Ովքեր եւ ինչպես են վարձակալել Հայաստանի անտառային տարածքները

«Հետք»-ը սկսել է ուսումնասիրել Հայաստանի անտառային տարածքների վարձակալությունների պատմությունը: Շարքի առաջին մասում կանդրադառնանք Սյունիքի մարզում վարձակալությամբ տրված անտառային տարածքներին:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Սիսիանի անտառտնտեսությունում 4 անտառային տարածք է վարձակալության տրամադրվել: Երկուսը՝ «Արշակյաններ Էներջի» ՍՊԸ-ին, մեկը՝ Արկադյա Արշակյանին և երրորդը՝ «Զոր-Զոր» ՍՊԸ-ին:

Անտառտնտեսության ղեկավարը՝ անտառային հողերի վարձակալ

Սիսիանի անտառտնտեսության նախկին ղեկավար Արկադյա Արշակյանը նույն անտառտնտեսության հողատարածքները վարձակալել է իր պաշտոնավարման ժամանակ: Արկադյա Արշակյանը 2009 թ.-ից Սիսիան քաղաքում՝ անտառտնտեսության շենքի դիմաց, 0.2 հա հողակտոր է վարձակալել 40 տարի ժամկետով և վճարում է տարեկան 110 հազար դրամ: Արկադյա Արշակյանն այդքանով չի բավարարվել, նա նույն տարում անտառային ևս երկու հողակտոր է վարձակալել, մեկը՝ 8.7 հա, մյուսը՝ 5.62 հա, որոնց համար համապատասխանաբար վճարվում է 105 և 68 հազար դրամ:

Այս հողակտորները վարձակալվել են «Արշակյաններ Էներջի» ՍՊԸ-ի միջոցով: Ընկերությունը 2006 թ-ին հիմնադրել է Արկադյա Արշակյանի որդին՝ Արման Արշակյանը, որը արդեն 3 տարի է՝ զբաղեցնում է նույն անտառտնտեսության ղեկավարի պաշտոնը: 2010 թ.-ից ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետերը դարձել է Արկադյա Արշակյանը և շարունակում է տնօրինել ընկերության բաժնետոմսերը մինչ օրս: «Նախկինում, եթե չեմ սխալվում, գեսի անվան տակ էր, հիմա չգիտեմ՝ ինչ է անում»,- «Արշակյաններ էներջի» ՍՊԸ-ի գործունեության մասին ասաց Արման Արշակյանը:

ՍՊԸ-ի վարձակալած տարածքների մի մասում վերջին տարիներին պտղատու ծառեր են տնկվել, մյուս մասը հանգստյան գոտի է: Սիսիանի  անտառտնտեսության ղեկավար Արման Արշակյանը շահերի բախում չի համարում այն, որ ինքն անտառտնտեսությունն է ղեկավարում, իսկ իր հայրը վարձակալել է անտառտնտեսության տարածքները:

Վարձակալած տարածքները մյուսներից անհամեմատ էժան գներով վերցնելը տնօրեն Արման Արշակյանը այսպես բացատրեց. «Էդ նախկինում է արվել, նախկինում ուրիշ գին է եղել, հիմա ուրիշ գին է, փոխվել է»: Հանգստի գոտի համարվող հատվածում նաև բետոնից ու քարից կառուցված տաղավար կա: Դրա պատճառաբանությունը ղեկավարությունն ունի՝ ազատամարտիկի անունով է կառուցվել, չեն կարողացել արգելել: «Նախաձեռնություններ կան, բայց հլը կոնկրետ բան չկա»,- վարձակալած տարածքների ապագայի մասին ասաց Արման Արշակյանը:

«Արշակյաններ էներջի» ընկերությունը շահագործել է Սյունիքի մարզի Իշխանասարի հրաբխային խարամի հանքավայրը, որի ընդերքօգտագործման իրավունքը, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանի հրամանով՝ 2019թ. հունվարին դադարեցվել է: Նախարարի պաշտոնակատարի համար հիմք է հանդիսացել 2018թ. նոյեմբերին ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը և դրա արդյունքում հայտնաբերված խախտումները: Ընկերությունը շուրջ 1,3 մլն դրամի ընդերքօգտագործման վճարների մասով ապառքներ է կուտակել, ինչպես նաև 365 հազար դրամ՝ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի մասով, սահմանված ժամկետներում լիազոր մարմնին չի ներկայացրել 2017թ. հաշվետվությունները: Սահմանված ժամկետներում չի վերացրել զգուշացման հիմքերը: 2011-2014թթ. ընկերությունը նաև ջրօգտագործման թույլտվություն է ունեցել Որոտան գետի վրա ձկնաբուծական գործունեություն ծավալելու համար

«Զոր-Զոր» ՍՊԸ-ն, որի հիմնադիր-բաժնետերը Սիսիանում հաշվառված Դավիթ Դավթյանն է, 7 հա է վարձակալել Սիսիանի անտառտնտեսությունից, որի դիմաց վճարել է 84 հազար դրամ: Ընկերությունը պետք է տնկարան հիմներ և ձկնաբուծարան շահագործեր Որոտան գետի վրա, որի շուրջբոլորն անտառային հողեր են: Պայմանագրի ժամկետն ավարտվել է 2018թ. ապրիլինՍիսիանի անտառտնտեսության ղեկավար Արման Արշակյանի տվյալներով՝ վարձակալները տարածքը չեն օգտագործել:

Սակայն, մինչ դա, «Հայանտառ» ՊՈԱԿ-ը 2015թ. նոյեմբերին դիմել է Սիսիանի դատարան՝ պահանջելով «Զոր-Զոր» ՍՊԸ-ից հօգուտ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի բռնագանձել 616233 ՀՀ դրամ՝ որպես պարտքի գումար: Դատարանը վճարման կարգադրություն է արձակել, որը չի բողոքարկվել և մտել է ուժի մեջ:

Անտառային հողերը վարձակալելու համար Կառավարությունը 2010 թ-ին սահմանել է վարձավճարների նվազագույն չափը: Սյունիքի մարզի անտառային հողերը հանգստի նպատակով օգտագործման տրամադրելու դեպքում 1 հեկտարի համար սահմանված է առնվազն 216 հազար դրամ տարեկան վարձավճար: «Հայանտառ» ՊՈԱԿ-ը, օրինակ, «Արշակյաններ Էներջի» ՍՊԸ-ից միայն 8.7 հա հողակտորի համար պետք է գանձեր 1 միլիոն 879 հազար դրամ՝ 105 հազար դրամի փոխարեն: «Հայանտառ»-ը, ունենալով վարձավճարը վերանայելու իրավասություն, Կառավարության համապատասխան որոշման ընդունումից 9 տարի անց չի շտապում վերանայել վարձավճարը:

Քարտեզի վրա նշված կետերը սեղմեք, որ տեսնեք վարձակալած տարաքծը

Սյունիքի անտառտնտեսություն

Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի (նախկին՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի) «Սյունիքի» անտառտնտեսության տարածքում անտառային տարածքների վարձակալները 5-ն են՝ Վահագն Հայրապետյանը, Հակոբ Ասատրյանը, Վահագն Համբարձումյանը, Անուշավան Աղաբեկյանը և «Սյուն» ՀԿ-ն:

Անտառտնտեսության գրասենյակից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա՝ Գորիս-Երևան ճամփեզրին է գտնվում Գորիսում հյուրանոցային բիզնեսով զբաղվող Վահագն Հայրապետյանի վարձակալած 0.2 հա հողակտորը, որն անտառապատ չէ: Մինչև 2035 թ. վարձակալած տարածքում որևէ բան կառուցված չէ, և իր բուն նպատակին՝ հանգստի գոտի կազմակերպելուն, չի ծառայում: Վահագն Հայրապետյանն այդ հողակտորի համար տարեկան վճարում է 60 հազար դրամ: Բոխի, կաղնի, սոճենի են աճում տարածքում:

«Սյուն» ուսուցողական-խորհրդատվական հասարակական կազմակերպությունը անտառային տարածքներից 1.2 հա է վարձակալել, որը գտնվում է Հալիձոր-Տաթև բնակավայրերի ճանապարհին: «Սյուն» ՀԿ-ն տարածքի համար տարեկան վճարում է 260 հազար դրամ վարձավճար: Անտառապատ տարածքում տեղադրված են տաղավարներ: «Սյուն» ՀԿ-ն հիմնադրվել է 2000 թ-ինԳորիսում, կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը Կարեն Տեր-Մկրտչյանն է, որը կապ ունի նաև «Դելտա-Գլոուբ» ՍՊԸ-ի հետ: ՀԿ-ն և ՍՊԸ-ն գրանցված են Կարեն Տեր-Մկրտչյանի հաշվառման հասցեում՝ Գորիսի Մամիկոնյան փողոցի բնակարաններից մեկում:

«Սյուն» ՀԿ-ն պարզվում է՝ իր հերթին վարձակալության է տրամադրել տարածքըԱյժմ տարածքը հսկում է հալիձորցի Ալբերտ Անդրանիկյանը: Տարածքում զրուցարաններ են տեղադրված, որոշակի գումարով քաղաքացիներին թողնում են հանգստանալ, խորոված անել, ժամանակ անցկացնել: Ալբերտ Անդրանիկյանը պատմեց, որ տեղացիներն են գալիս ընտանիքներով, նաև դպրոցականներ, իսկ ինքը վերահսկում է, որ հրդեհ չլինի, աղբ չթափեն և այլն: Տարածքը ցանկապատված է մասնակի, դարպասներ են տեղադրվել:

«Որ եկել եմ ստեղ, սաղ զիբիլանոց էր, եկել եմ, կարգուկանոնը պահում ենք, որ մարդիկ գան, նորմալ լինի»,- պատմեց Ալբերտ Անդրանիկյանը:

Ներկայիս վարձակալն ասում է, որ ծանոթ չէ ՀԿ-ի գործունեությանը, պարզապես խոսել է Կարեն Տեր-Մկրտչյանի հետ, վերցրել է տարածքը: Նա չցանկացավ ասել, թե որքան վարձավճար է տալու «Սյուն» ՀԿ-ին, ասաց՝ դեռևս հստակ գին չեն պայմանավորվելԲոխի, կաղնի, սզնի տեսակի ծառեր կան տարածքում:

Հալիձոր-Տաթև ճանապարհի 3.3-րդ կիլոմետրին է գտնվում Անուշավան Աղաբեկյանի վարձակալած 0.6 հա անտառային տարածքը: Մինչև 2036 թ. կնքված վարձակալության պայմանագրի տարեկան վճարը կազմում է 130 հազար դրամ: Մեր այցելության ժամանակ տարածքում էր գտնվում վարձակալը, որը վերահսկում էր նոր կառուցվող քոթեջի և հարակից շինության աշխատանքը: Բետոնե հիմքերով կառուցապատմանը ականատես եղավ նաև Գորիսի անտառտնտեսության ղեկավար Արմեն Իշխանյանը:

Հալիձոր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող շուրջ 80 հա անտառային հողերի սկզբնամասում (դեպի Հալիձոր) կա ևս երկու վարձակալ: Քաղաքացիներ Հակոբ Ասատրյանը և Վահագն Համբարձումյանը համապատասխանաբար՝ 0.5 հա և 0.055 հա հողակտորներ են վարձակալել Սյունիքի անտառտնտեսությունից, սակայն, տարածքը վարձակալության նպատակին՝ հանգստի գոտի կազմակերպելուն չեն ծառայեցնում: Այդուհանդերձ վարձակալները ամեն տարի վճարում են 108 հազար և 60 հազար դրամ վարձավճար:

Վահագն Համբարձումյանի և Հակոբ Ասատրյանի՝ հանգստի նպատակով վարձակալած 0.055 հա և 0.5 հա անտառային տարածքները նպատակային նշանակությամբ չեն օգտագործվում: Դրանց դիմաց վարձակալները վճարում են համապատասխանաբար 60 և 108 հազար դրամ:

«Հարսնաձոր» քոթեջները անտառապատ տարածքում

Սյունիքի անտառտնտեսության տարածքում՝ Հալիձոր բնակավայրից դեպի Տաթև բնակավայր տանող ճանապարհի 2.5-րդ կիլոմետրի վրա, ճանապարհի ձախ հատվածում գործում է «Հարսնաձոր» հանգստի գոտին: 0.8 հա մակերեսով անտառապատ տարածքում տեղակայված են բետոնե հիմքով, փայտյա 10-ից ավելի քոթեջներ: Սյունիքի անտառտնտեսության ղեկավարը նշում է, որ այդ տարածքի հետ կապված վեճ կա: Նախկինում այդ վայրն ու դրան հարակից 80 հեկտար անտառային տարածքը պատկանել է անտառտնտեսությանը, սակայն տարիներ առաջ այն դարձել է Հալիձոր բնակավայրի սեփականությունը: Անտառային կոմիտեի տնօրենի տեղակալ Ռուբեն Կարապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ խոսքն ընդամենը 0.8 հա հողակտորի մասին է, որտեղ տեղակայված է «Հարսնաձոր» հանգտսի գոտին: Կարապետյանի խոսքով, նախկինում իրենք ճանապարհի աջ և ձախ հատվածում ընդհանուր 2 հա անտառային տարածքը վարձակալության են տրամադրել «Սյուն» ՀԿ-ին, որից հետո Տաթև համայնքի ղեկավարը դիմել է ՊՈԱԿ-ին՝ նշելով, որ 0.8 հա-ն պատկանում է համայնքի Հալիձոր բնակավայրին և կցել է կադաստրի կողմից այդ ամենը հավաստող գրություն: Դրանից հետո «Հայանտառ» ՊՈԱԿ-ը լուծել է 2 հա-ի համար կնքված պայմանագիրը և վերակնքել է պայմանագիր «Սյուն» ՀԿ-ի հետ 1.2 հա-ի համար, որը գտնվում է ճանապարհի աջ մասում (Հալիձորից դեպի Տաթև):

Տաթև համայնքի ավագանու և Կառավարության որոշումները համադրելու արդյուքնում պարզվում է, որ Հալիձոր բնակավայրից Տաթև բնակավայր տանող ճանապարհի ձախ հատվածի պետական հողերը 2006 թ-ին անհատույց դարձել են Հալիձոր համայնքի սեփականությունը: Կառավարության 2006 թ-ի 515 Ն որոշմամբ հաստատվել է Հալիձոր համայնքի վարչական սահմանների նկարագիրը և որոշվել է գյուղի սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերը համայնքին սեփականության իրավունքով անհատույց փոխանցել: Որքան էլ զարմանալի է, բայց անտառապատ հողակտորները համարվել են գյուղատնտեսական նշանակության: Իսկ արդեն 2019 թ-ին նույն այդ հողերից 5 հա-ն Տաթև համայնքի ավագանին հանել է աճուրդի, որպեսզի վարձակալության տրամադրի 1 հեկտարի համար տարեկան ընդամենը 310 հազար դրամ վարձավճարով:

Փաստացի ստացվում է, որ անտառային հողերը գյուղատնտեսականի անվան տակ փոխանցվել է համայնքին, որն էլ այն գյուղատնտեսական նշանակության համար սահմանված արժեքով վարձակալության է տրամադրում:

ՀՀ անտառային օրենսգրքի 20-րդ հոդվածը սահմանում է. «Պետական անտառային հողերում անտառային տնտեսության վարման և անտառօգտագործման հետ չկապված շինարարական ու պայթեցման աշխատանքների, օգտակար հանածոների արդյունահանման, մալուխների, խողովակաշարերի և այլ կոմունիկացիաների անցկացման, հորատման և այլ աշխատանքներն իրականացվում են պետական կառավարման լիազորված մարմնի տված համաձայնության հիման վրա: Համաձայնությունը տրվում է բնապահպանական փորձաքննության դրական եզրակացության հիման վրա:

Կառավարության 2007 թ-ի 806 Ն որոշումը սահմանում է պետական անտառների և անտառային հողերի օգտագործման տալու կարգը, որի ընդհանուր դրույթի 5-րդ կետը սահմանում է, որ անտառային հողերում շենքեր և շինություններ կառուցել թույլատրվում է միայն անտառային տնտեսության կարիքների համար, որի պայմանները և կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:

Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ կետը սահմանում է, որ փորձաքննության ենթակա են նաև սույն հոդվածի 3-րդ մասում չթվարկված բոլոր նախատեսվող գործունեությունները, որոնք իրականացվելու են բնության հատուկ պահպանվող և անտառային տարածքներում, պատմամշակութային հուշարձանների սահմաններում, ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում:

Շարունակելի…

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter