HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ֆինանսների նախարար. «Պետական պարտքի աճը վկայում է, որ երկրի նկատմամբ վստահությունը մեծացել է»

«Մենք պատրաստ ենք լսել ցանկացած քննադատություն և դա մեզ համար վերածել առաջադրանքի»,- այս մասին այսօր Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հայտարարեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն՝ ի պատասխան Հաշվեքննիչ պալատի ներկայացրած ուսումնասիրության։ Հայաստանի hաշվեքննիչ պալատը պետական պարտքի կառավարման ոլորտում որոշակի բացթողումներ ու ռիսկեր է հայտնաբերել։ Ուսումնասիրվել է պետական պարտքի 2017-2018 թվականների կառավարումը՝ նպատակ ունենալով պարզել, թե արդյոք պարտքի կառավարման առկա համակարգը երաշխավորու՞մ է արդյունավետ կառավարում։

Ատոմ Ջանջուղազյանը հաստատեց, որ հաշվեքննության արդյունքում արդեն իսկ ձևավորվել է միջոցառումների ծրագիր։ Նախարարը շեշտեց, որ չեն պաշտպանվում, «որովհետև դրա անհրաժեշտությունը չկա, որովհետև բոլորիս նպատակը ոլորտը բարելավելն է»։ Այնուամենայնիվ, ըստ նախարարի, հաշվեքննության եզրակացության մեջ կան որոշակի կետեր, որոնց հետ իրենք համաձայն չեն։ Օրինակ՝ պետական պարտքի սահմանման հետ կապված։ Հաշվեքննիչ պալատի մասնագետներն արձանագրել են, որ պետական պարտքի սահմանումը և դրա կառավարման շրջանակը բավարար համապարփակ չեն։ Ըստ նրանց՝ պետական պարտքի շրջանակներում պետք է ներառել, օրինակ, պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների պարտքերը։

«Այսօր կա պարտքի որոշակի սահմանում, որից դուրս է մնում պետական մասնակցություն ունեցող ընկերությունների պոտենցիալ պարտքը։ Այս ցանկը կարելի է ընդլայնել։ Եթե մենք բյուջեի ազդեցության վրա ունեցած տեսնակյունից ենք գնահատում, ապա միայն պետական մասնակցության ընկերությունները չեն, որ ռիսկ են ներկայացնում պետական բյուջեի համար, պակաս կարևոր չեն նաև հանրային կարգավորման տիրույթում գտնվող և զրո պետական մասնակցություն ունեցող ընկերությունների մոտ առաջացող կամ պոտենցիալ ռիկսերը։ Մենք պետք է ոչ թե միայն հարցի ֆորմալ մասը քննարկենք, այլ՝ առհասարակ ռիսկերը փորձենք նույնականացնել։ Մեր կարծիքով՝ նույն հանրային կարգավորման տիրույթում գտնվող ընկերությունների մոտ գերենացվող ռիսկերը պետական բյուջեի տեսանկյունից նույնպես ռիսկեր են, որովհետև նրանց կապակցությամբ պետք է որոշումներ կայացվեն՝ կամ գնում ենք, օրինակ, սակագների փոփոխության, կամ աջակցություն ենք ցուցաբերում այդ ընկերություններին, որ ռիսկերը կառավարենք»,- նշեց ֆինանսների նախարարը։

Արձագանքելով պարտքի կառավարման բնագավառում ներքին աուդիտի բացակայությանը՝ նա նկատեց, որ տեղին արձանագրում է. «Հիմա ջանքեր է գործադրվում, որ իրավիճակը փոխվի ներքին աուդիտի բնագավառում»։

Ինչ վերաբերում է Հաշվեքննիչ պալատի այն դիտարկմանը, որ Ֆինանսների նախարարության և Կենտրոնական բանկի միջև գործակալական պայմանագիրը հրապարակված չէ, Ատոմ Ջանջուղազյանը արձանագրեց, որ հիմա քննարկում են գործակալական պայմանագրում փոփոխություններ կատարելու հարցը։

Նա նաև համաձայն է, որ պարտքի կառավարման ոլորտում կանխատեսումների որակը պետք է բարելավվի։

Ընդհանուր առմամբ, ըստ ֆինանսների նախարարի, պետական պարտքի աճը պետք է համակողմանիորեն դիտարկել։ Նրա խոսքով՝ պետք է հաշվի առնել մեդալի հակառակ՝ դրական կողմը։  «Մենք մի կողմից որպես թերություն ենք ներկայացնում պետական պարտքի աճը՝ ասելով, որ 2008 թվականի համեմատ այն կրկնպատկվել է, ՀՆԱ-ի նկատմամբ հարաբերակցությունը բարձրացել է, բայց մյուս կողմից՝ դա վկայում է, որ երկրի նկատմամբ վստահությունը մեծացել է։ Նշանակում է, որ այդքան պարտք են առաջարկվել երկրին։ Հակառակ դեպքում դա կմնար նույն մակարդակին և կգնահատվեր, որ երկիրը անկանխատեսելի վարքագիծ ունի»,- նշեց ֆինանսների նախարարը։

Նա նաև նկատեց, որ այսօրվա դրությամբ 7 մլրդ դոլարանոց պետական պարտքի կազմում բազմաթիվ վարկային ծրագրեր կան, և հնարավոր չէ մեկ ընդհանրացված գնահատական տալ դրանց։ Ըստ նրա՝ դրանց վերաբերյալ հնարավոր ռիսկերն ու չարաշահումները կարող են ի հայտ գալ միայն, երբ դրանցից յուրաքանչյուրը փորձաքննության ենթարկվի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter