
Ինտերնետի շուկան հասույթով առաջին անգամ գերազանցել է բջջային կապին
Հայաստանում ինտերնետի շուկան արդեն երկրորդ պլան է մղել բջջային կապը։ 2019 թվականի տվյալներով՝ առաջին անգամ, կապի շուկայում ինտերնետ հասանելիության ծառայություններից ստացվող հասույթը գերազանցել է բջջային կապից ստացվող հասույթին։
Եթե տասը տարի առաջ կապի ոլորտում, ըստ հասույթի, բջջային կապը զբաղեցնում էր մոտ 60 %-ը, ինտերնետը՝ ընդամենը 13 %-ը, իսկ մնացածը բաժին էր ընկնում լարային հեռախոսին ու կապի այլ ծառայություններին, ապա այսօրվա դրությամբ բջջային կապի տեսակարար կշիռը 35.6 % է, իսկ ինտերնետինը՝ 36.1 %։
Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների (ՀՀ ՎԿ)՝ 2019 թվականի հունվար-դեկտեմբերին կապի ոլորտի հասույթը Հայաստանում կազմել է 147.2 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 0.5 %-ով։ Այս գումարից մոտ 14.8 մլրդ դրամը գոյացել է հեռուստառադիոծրագրերի հեռարձակումից, հիմնական մասը՝ 132.5 մլրդ դրամը՝ հեռահաղորդակցությունից, որի առյուծի բաժինն էլ ապահովում են բջջային կապն ու ինտերնետ հասանելիության ծառայությունները։
Հեռահաղորդակցության ընդհանուր հասույթը 2018 թվականի համեմատ կրճատվել է 2.9%-ով։ Այդ թվում՝ բջջային կապի հասույթը կրճատվել է 7.4%-ով ու կազմել 52.5 մլրդ դրամ, մինչդեռ ինտերնետի հասույթն ավելացել է 4.5%-ով՝ կազմելով 53.1 մլրդ դրամ։
Լարային հեռախոսի հասույթը կազմել է 8 մլրդ դրամ՝ նվազելով 9%-ով։
Մալուխային հեռուստատեսային համակարգերի սպասարկման և շահագործումից ստացվող հասույթը 6.7 մլրդ դրամ է, աճը՝ 13.5%։
Բջջային կապի հասույթը Հայաստանում սկսել է կրճատվել 2014 թվականից, և անկումը անշեղորեն շարունակվում է մինչ այսօր։ Պատճառը OTT (անգլ. Over the Top) ծառայությունների ընդլայնումն է։ Դրանց ամենահայտնի օրինակներից են Skype-ը, Viber-ը, Messenger-ը, WhatsApp-ը և այլն։ Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ՝ Հայաստանում այս ծառայությունները փոխարինելու են եկել բջջային կապին։ Հետևաբար OTT ծառայությունների տարածումը հանգեցրել է հեռախոսակապի դերի նվազմանը և պակասել է բջջային օպերատոների հասույթն այս շուկայում։ Փոխարենը մեծացել ու ընդլայնվել է ինտերնետի շուկան։ Արդյունքում, այսօր ստացվել է, որ օպերատորներն ինտերնետից ավելի շատ հասույթ են ստանում, քան բջջային կապից։
Ինչպես երևում է ստորև տեղադրված ինֆոգրաֆիկայում, մինչև 2013 թվականը ներառյալ բջջային կապից ստացվող հասույթը գնալով ավելացել է, որից հետո այն սկսել է անկում գրանցել։ Ի հակառակ դրան՝ որոշակի շեղումներով դինամիկ աճել է ինտերնետից ստացվող հասույթը։ Մեր առօրյայում զգալի նվազել է նաև լարային հեռախոսակապի դերը, որի հասույթը ևս գնալով ընկել է։
Քանի որ բջջային կապի դերը չնայած հասույթի նվազմանը՝ դեռևս մեծ է կապի շուկայում, հետևաբար վերջինիս անկումը բացասաբար է ազդում կապի ոլորտի ամբողջ հասույթի վրա։
Կապի շուկայի կշիռը Հայաստանի ծառայությունների ոլորտում 2019 թվականի տվյալներով կազմել է 7.1 %: Այս ցուցանիշով կապի ոլորտը ծառայությունների կազմում առաջատարների ցանկում չէ, սակայն մի շարք ոլորտներից էլ առաջ է։ Համեմատության համար նշենք, որ կրթության տեսակարար կշիռն, օրինակ՝ 2.8 % է, առողջապահության և բնակչության սոցիալական սպասարկմանը՝ 4.2 %, անշարժ գույքի հետ կապված գործունեությանը՝ 3.1 % է և այլն։ Առաջատարը մշակույթ, զվարճություններ և հանգիստ ոլորոտն է՝ 23.7 %-ով, որի հասույթի հիմնական մասն ապահովում են բուքմեյքերական ընկերություններն ու խաղատները։
Մեկնաբանել