HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեռ Կամսար. «Տուրքադրման նոր աղբյուր»

Օրը ցերեկով, գյուղն ասես մեռած լինի։ Ո՛չ շուն է հաչում, ո՛չ կատու մլավում։ Երբեմնի գյուղի կյանքն աղմկող աքաղաղներն արդեն վաղո՜ւց են հեռացել, իրենց միսիան հավերին հանձնած։ Եթե չլիներ հարկահավաքների եռուզեռը, գյուղը կատարյալ գերեզմանոց կթվար նայողին։

Ի՞նչ է պատահել, գյուղն ինչո՞ւ այսպես մեռավ։

Գյուղը մեռավ նրա համար, որովհետև մեռելներն անսահմանփակ իրավունքներ են վայելում։ Ո՛չ Ստալինի կյանքն են ուսումնասիրում, ո՛չ սահմանադրություն են կարդում, ո՛չ նալոգ են տալիս, ո՛չ անզավակության փող, ո՛չ ինքնահարկ։ Նրանք զերծ են գլխահարկից, պետությանը ցորեն, գարի հանձնելուց, չեն տալիս իրենց հասանելիք 70 ձուն, 47 կիլո միսը, երկու ոչխարի փոստը, 6 կիլո յուղը, կարտոֆիլի տուրքը, նախրատեղի փողը, և այլն, և այլն։ Կարճ ասած՝ նրանք պարզապես կողոպտում են խեղճ պետությանը․․․

Երևակայեցեք՝ միայն Բասարգեչարում երեք գերեզմանոց կա։ Մի-մի անճոռնի քար իրենց վրա քաշած՝ դարերով պառկած են այդ մեռելները, առանց մտածելու, թե կոլխոզների ցանքաշրջանառության տարածությունը փոքրանում է, և չպետք է ոտներն այդպես թշնամաբար երկարել։ Մեկը հարցնող լինի այդ մեռելներին, ա՜յ օղրաշներ, մինչև օրս ի՞նչ եք տվել մեր հարազատ պետությանը՝ գերեզման մտնելիս, մի փոքր մուտքի փող միայն։ Այդ չնչին վճարով կարելի՞ է անվերջ մեռնել։ Ինչու շուկայում մի հին շալվար ծախողն ընդամենը մեկ ժամվա համար 15 ռուբլի «տեղի փող» է տալիս, դուք տարիներով պառկում և կոպեկ «տեղի փող» չեք ուզում վճարել։

Ա՜խ, ափսոս որ կոմունիստ չեմ․ եթե մի փոքր ավելի հիմար լինեի ու մտնեի կուսակցական շարքերը, տես մեռելների գլխին ի՜նչ օյին կհանեի։

Քացի տալով առաջին մեռելին՝ թշվառակա՛ն, կասեի, մինչև ե՞րբ պառկես․ մեռնելը մի օր, երկու օր, երեք օր․․․ Կոլխոզում աշխատողները շաբաթը մի օր հանգիստ չունենան, դուք այսպես անվերջ պառկե՞ք։ Կոլխոզնիկը ձեզանից պակա՞ս մեռած է։ Կամ սովետական երկրում ո՞վ չէ մեռած․ բոլորը ոտները երկարեն պառկե՞ն ձեզ նման․․․

Ես սկզբունքով, իհարկե, բոլորովին դեմ չեմ մեռնելուն, մարդ է, սխալմունք է՝ կպատահի։ Բայց թե մեռնելը սիստեմ դարձնել՝ դա անհանդուրժելի է արդեն։

Հետո՝ մեռնել կարելի է պետական կարիքների համար միայն։ Երբ մեկը պատերազմում չի ընկել, կամ պետության ձեռքով չի գնդակահարվել՝ նա ոչ մի իրավունք չունի մեռնելու։ Տարօրինակ է, չէ՞, երբ մարդս առանց որևէ պատճառի մեռնում է։

Առաջներն ուրիշ, իհարկե, առաջները մարդիկ մեռնում էին, որ դրախտ գնան, իսկ հիմա՞։ Հիմա դրախտում ենք արդեն․ «Հայր Ստալինը» պատրաստ նստած է դրախտի կենտրոնը, նստիր խնկի ծառի վրա ու անվերջ «փառք» տուր, էլ ի՞նչ ես ուզում։

Ճիշտ է, մի քիչ ծառը պակաս է մեր երկրում, բայց Անտառային մինիստրությունն արդեն միջոցներ է ձեռնարկել։ Այդ մինիստրությունն այս տարի միայն Սևանի կղզում 40․000 ծառ է տնկել, որոնցից, ճիշտ է, ոչ մեկը չի կանաչել, բայց ոչինչ, դեռ փոքր են, երբ մեծանան, խելահաս դառնան՝ կկանաչեն անպայման։

Մեզանից ո՞վ փոքր ժամանակ գժություն չի արել․․․

Կամ թե կարիք կա՞, որ անպատճառ ծառ լինի, նոր վրան բարձրանաս․ դու ավանսով բարձրացիր, մինչև մինիստրը տնկե։ Մեզ մոտ ընդունված է նման բան․ մեզ մոտ հիմա թեև կատարյալ սով է, բայց մենք ի հաշիվ ապագայում կառուցվելիք կոմունիստական հասարակարգի կուշտ ուտում ենք։ «Աշխատում ենք ըստ կարողության, վայելում ըստ պահանջի»։

Համենայն դեպս, պետք է սա մեռելների ու կենդանիների տարաձայնություններին մի անգամ ընդմիշտ վերջ տալ։ Այսպես ո՛չ ապրել կարելի է, ո՛չ մեռնել։ Ամեն ինչ խառնված է իրար։ Ո՞րն է մեռել, որը կենդանի, չես տարբերում։ Ամեն պառկող ինքզինքը մեռել է հայտարարում ու ամեն ման եկող՝ կենդանի։ Իր ինքնությունն ապացուցող փաստաթուղթ պիտի ունենա մոտը յուրաքանչյուրը՝ հաստատված գավառական ռայկոմներից, այսպես․ «Տրվում է սույնը այսինչ այնինչյանին առ այն, որ նա իսկապես մեռած է, կամ՝ իսկապես կենդանի է», թե չէ առանց նման պաշտոնական գրության մենք ո՛չ մեռյալ կունենանք մեր երկրում, ո՛չ կենդանի․․․

             ------

Մեռելների ու կենդանիների տարբերությունը կայանում է նրանում, որ առաջիններին գերեզմանի որդերն են կրծում, իսկ երկրորդներին՝ բոլշևիկները։

Ոչ մեկը սրանցից հավիտենական կյանք չի ժառանգելու․․․

                                                                                 1949թ․,  Տորֆի աքսորավայր, անտիպ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter