
Ֆերիկի բնակիչները դիմել են դատարան՝ պահանջելով առոչինչ ճանաչել նախկին պատգամավորին ու մերձավորներին վաճառված հողամասերի աճուրդները
Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքի չորս բնակիչ դիմել է վարչական դատարան՝ պահանջելով առոչինչ ճանաչել ավագանու նախկին անդամների կայացրած որոշումը՝ համայնքին սեփականության իրավունքով պատկանող արոտավայրերը օտարելու մասին:
Ֆերիկ համայնքի բնակիչներ Ամար Մամոյանը, Թոռուն Քյալաշյանը, Մամե Մամոյանը և Քամլ Սադոյանը զբաղվում են գյուղատնտեսական գործունեությամբ և անասնապահությամբ։ Նրանք վերջերս տեղեկացել են, որ դեռևս 2006թ. իրենց համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշմամբ` Ֆերիկ համայնքում գտնվող 9 ծածկագրերի տակ հաշվառված համայնքի արոտավայրերը 20.02.2006թ. օտարվել են այլ անձանց։
Այդ ամենի հետևանքով Ֆերիկ համայնքն այլևս չունի արոտավայր, և վերը նշված անձինք զրկվել են իրենց համայնքում անասնապահությամբ զբաղվելու հնարավորությունից, այդ թվում՝ համայնքի վարչական սահմաններում գտնվող, նախկինում համայնքին պատկանած արոտավայրերն օգտագործելու հնարավորությունից։
Նշենք, որ «Հետք»-ը պարբերաբար անդրադարձել է Ֆերիկ համայնքին: Գրել էինք, որ գյուղն ամբողջությամբ եզդիաբնակ է, և բոլորը զբաղվում են անասնապահությամբ:
Համայնքի ավագանու 18.12.2005թ. կայացրած թիվ 6 արձանագրային որոշմամբ՝ օտարվել է ավելի քան 118,92 հեկտար համայնքին սեփականության իրավունքով պատկանող արոտավայրերը։ Նման որոշման կայացումը հանգեցրել է այնպիսի իրավիճակի, որտեղ ոչ միայն հայցվորները, այլև համայնքի ողջ բնակչությունը զրկվել է անասնապահությամբ զբաղվելու հնարավորությունից, և բնակիչներին այլ ելք չի մնացել, քան համայնքից արտագաղթելը։
Տեղեկացնենք, որ արոտավայր հանդիսացող նշված հողերը Կառավարության թիվ 1819-Ն որոշմամբ Ֆերիկ համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցվել է 24.12.2003թ.։
Դատարան դիմած գյուղացիները գտնում են, որ համայնքի ավագանու որոշումը, որով թույլատրվել է համայնքին սեփականության իրավունքով պատկանող արոտավայրերն օտարել, հանդիսանում է առոչինչ վարչական ակտ: Ըստ նրանց՝ համայնքի ավագանին արոտավայրերը օտարելու լիազորություն չուներ, արոտավայրը չի հանդիսանում օտարման ենթակա գույք, և նման որոշում չէր կարող կայացվել: Դրանով այլ անձանց տրամադրվել է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք, ուստի անհրաժեշտ է դատական կարգով հաստատել այդ որոշումների առոչինչ լինելը և վերացնել դրանց արդյունքում առաջացած հետևանքները։
Թիվ 0103-0001 ծածկագրային հողամասի կադաստրային գործում առկա տվյալների համաձայն՝ Ֆերիկ համայնքի ավագանին 18.12.2005թ․ թիվ 6 նիստով արձանագրային որոշում է կայացրել՝ աճուրդային կարգով վաճառել համայնքի սեփականություն հանդիսացող 20 հա հողատարածքը: Որոշվել է նաև լոտի չափը սահմանել 20 հա, և հողամասը վաճառել միայն գյուղատնտեսական գործունեություն ծավալելու համար: Յուրաքանչյուր հեկտարի համար մեկնարկային գին է սահմանվել 33 հազար 750 դրամ։
Հայցվորների ներկայացուցիչ, փաստաբան Արտուր Հարությունյանի կողմից հայցադիմումում ներկայացված փաստարկների համաձայն՝ 20.02.2006թ․ կազմված հողամասի աճուրդով վաճառքի արդյունքների մասին թիվ 9 արձանագրության՝ գյուղնշանակության նպատակային նշանակությամբ 20 հա հողամասը վաճառվել է ԱԺ նախկին պատգամավոր, պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդուն՝ Հրանտ Գրիգորյանին։
Արդեն 2018թ. նոյեմբերի 23-ին Հրանտ Գրիգորյանն անշարժ գույքի առուվաճառքի տարաժամկետ վճարման պայմանագիր է կնքել Արա Տագեսյանի և Արի Մհեր Տագեսյանի հետ, և նրանց վաճառել նույն հողամասը, որի գինը կազմել է մոտ 5 մլն դրամ։
0103-0087 ծածկագրային հողամասի չափը կազմել է 9,62 հա: Մեկնարկային գին է սահմանվել յուրաքանչյուր հեկտարի համար դարձյալ 33 հազար 750 դրամ։ Այն դարձյալ գնել է Հրանտ Գրիգորյանը: Վերջինս նույն սցենարով 23.11.2018թ. կնքված անշարժ գույքի առուվաճառքի տարաժամկետ վճարման պայմանագրով վաճառել է Տագեսյաններին՝ 2 մլն 353 հազար դրամ արժեքով։
0103-0093 ծածկագրով հողամասի ընդհանուր չափը կազմել է 9,14 հա: Ավագանու նույն որոշմամբ հողամասի աճուրդում վաճառքի մեկնարկային գինը սահմանվել է յուրաքանչյուր հեկտարի համար 33 հազար 750 դրամ, որը գնել է Հրանտ Գրիգորյանը:
Նախկին պատգամավորը 23.11.2018թ. 2 մլն 235 հազար դրամով օտարել է նույն անձանց՝ Տագեսյան եղբայրներին:
Նույն սցենարով են օտարվել նաև 0104-0054 ծածկագրով 15,4 հա, 0104-0055՝ 20 հա, 0104-0056 ծածկագրով՝ 5,4 հա, 0104-0057՝ 20 հա, 0104-0059 ծածկագրով՝ 20 հա հողամասերը:
Թիվ 0104-0050 ծածկագրով 8,5 հա հողատարածքն էլ վաճառվել է Կարինե Գրիգորյանին։
Համաձայն նույն 20․02․2006թ․ կազմված հողամասերն աճուրդով վաճառելու մասին թիվ 2 արձանագրության՝ թիվ 104-50 ծածկագրով հողամասը գնել է Հրանտ Գրիգորյանի եղբոր՝ Արշալույս համայնքի ներկայիս ղեկավար Զարզանդ Գրիգորյանի կինը՝ Կարինե Գրիգորյանը։ Վերջինս 17.03․2018թ. նոտարական կարգով կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագրով հողամասը հանձնել է սկեսրոջը՝ Թամարա Գրիգորյանին։
Թամարա Գրիգորյանն իր հերթին ամիսներ անց՝ 16․11․2018թ. կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով հողամասը վաճառել է Արա Տագեսյանին, որի գինը կազմել է մոտ 2 մլն 100 հազար դրամ։
«Համայնքի ավագանու կողմից 18.02.2005թ. կայացված որոշումը՝ արոտավայր հանդիսացող հողամասերի մասով, հանդիսանում է առոչինչ վարչական ակտ, և այն չունի իրավաբանական ուժ ու կիրառման ենթակա չէր: Շահագրգիռ անձ հանդիսացող ցանկացած մեկի պահանջով դատարանը պետք է անհապաղ ճանաչի դրա առոչինչ լինելը»,- փաստում է Ֆերիկ համայնքի դատարան դիմած բնակիչների փաստաբանը։
Փաստաբան Հարությունյանը գտնում է, որ նման պայմաններում անհրաժեշտ է վերացնել առոչինչ վարչական ակտի ընդունման և կիրառման հետևանքով ընդունված վարչական ակտերը և կնքված գործարքները։ Այսինքն՝ վերացնել նաև այն բոլոր գործարքները, որ Գրիգորյանները գնված հողամասերի վերաբերյալ հետագայում կնքել են:
Առաջին դատական նիստը նշանակվել է ապրիլի 2-ին:
Մեկնաբանել