HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոռոգման ջուրը կարող է թանկանալ․ կառավարության որոշման նախագծի հետքերով

Ոռոգման ջուրը կարող է թանկանալ։ Դրա մասին է վկայում 2019թ․ հոկտեմբերի 31-ին e-draft-ում հրապարակված «Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգի զարգացմանն ուղղված հայեցակարգին հավանություն տալու մասին» կառավարության որոշման նախագծը։

Նախագիծը փորձ է համալիր մոտեցմամբ անդրադառնալու ոռոգման համակարգի տեխնիկական և ֆինանսական կայության խնդիրներին և, եթե մի կողմ դնենք դրա հիմքում ընկած ֆինանսական բաղադրիչը (որն այս նախագծի մաս չէ, այլ ընդհանուր առմամբ բխում է 2020-2022 ՄԺԾԾ փաստաթղթից), բավականին գրագետ են սահմանված խնդիրների շրջանակը։ Բայց քանի որ պետական կառավարման մեջ ցանկացած բարի ցանկության հիմքում մի քանի 0-ով վերջացող թիվ է դրված, իսկ կառավարությունը երբեք չի փայլել ոռոգման համակարգում ներդրումներ անելու իր պատրաստակամութամբ՝ այս ծրագիրը պետք է վերլուծել հենց թվերի ֆոնին։

Այսպիսով ծրագրով ի թիվս այլ փոփոխությունների առաջարկվում է․

1․ Վերանայել ջրառ իրականացնող կազմակերպության վաճառվող ոռոգման ջրի սակագները, անցնել ինքնածախսածածկվող սակագնի (որպես իրականացման ժամկետ նախատեսված է 2021 թվականը)։

2․ Մշակել տարբերակված (բլոկային) սակագնային համակարգի մեթոդաբանություն։

Հաշվի առնելով, որ թ՛ե ջրառ իրականացնող կազմակերպությունները, թե՛ ոռոգում իրականացնող կազմակերպությունները այժմ աշխատում են վնասաբերությամբ և կուտակում են պարտքեր՝ ապահովել ինքնածախասածածկող սակագին նշանակում է սահմանել այնպիսի գին, որը կգերազանցի ծախսերը։ Այստեղ երկու տարբերակ կա՝ կամ պիտի ծախսերը կրճատվեն, որպեսզի առանց թանկացման ապահովվի ինքնածախսածածկումը, կամ պիտի ջուրը թանկանա։ Ես պնդում եմ, որ եթե այս ծրագիրն ու դրա հիմքում ընկած ֆինանսական բաղադրիչը մնան անփոփոխ՝ անխուսափելիորեն տեղի է ունենալու երկրորդը՝ ջուրը թանկանալու է։ Եվ այս հոդվածով փորձելու եմ ապացուցել վերոնշյալ պնդումը։

Ինչպես նշեցի գինը չթանկացնելու միակ տարբերակը ծախսերը կրճատելն է։ Այդ իսկ պատճառով կարևոր է հասկանալ թե այդ ի՞նչ ծախսեր են և ինչպե՞ս են գոյանում։ Ծախսերը պայմանականորեն կարելի է դասակարգել հետևյալ խմբերում․

1․ Էլեկտրաէներգիայի ծախսեր (որոնք սակագնի 50%-ից ավելին են կազմում)։

2․ Համակարգի պահպանման, ընթացիկ և կապիտալ վերանորոգման ծախսեր։
3․ Շահագործման ծախսեր առանց էլեկտրաէներգիայի (այստեղ են աշխատավարձերը, գույքի ձեռքբերումը և վարձակալությունը, վառելիքաքսուկային նյութերը, տնտեսական, ներկայացուցչական այլ ծախսերը և այլն)։ 

4․ Վնասները, որոնք մտնում են սակագնի մեջ (ջրակորուստներ, թերի հաշվառում, պարտքերի գծով տույժ/տուգանքներ, վարկերի տոկոսներ և այլն)։ 

Միջնաժամկետ ծախսերի ծրագրով 2020-2022թթ. միջոցներ են հատկացված և պետք է իրականացվեն հետևյալ ծրագրերը․

Էլեկտրաէներգիայի ծախսերը կրճատելու ուղղությամբ 3 խոշոր ծրագրեր են իրականացվում՝ Կապսի, Վեդու ջրամբարների շինարարությունը և «Եվրասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող ոռոգման համակարգերի զարգացման ծրագրի խորհրդատվություն և կառավարում» ծրագիրը, որոնք միասին թույլ կտան խնայել մոտ 27 մլն կվ*ժ էլեկտրաէներգիա, որի արժեքը 1,134,000 մլն դրամ է, կամ համակարգի ընդհանուր միջին ծախսի մոտ 17 տոկոսը։

Համակարգի պահպանման, կապիտալ և ընթացիկ վերանորոգման ուղղությամբ ջրային տնտեսության հիդրոտեխնիկական սարքավորումների տեղադրում և ռոգման համակարգերի հիմնանորոգում իրականացնելու նպատակով մինչև 2022 թվականը նախատեսվում է հատկացնել համապատասխանաբար mt 1.2 և 1.8 միլիարդ դրամ, որը մոտ 20.000 կմ մայր, երկրորդային և ներտնտեսային ջրանցքներ ունեցող ոռոգման համակարգում չնչին ծավալի աշխատանքներ իրականացնելու հնարավորություն կտա։

Ինստիտուցիոնալ փոփոխություններին ուղղված ծրագրերի արդյունքները առկա տվյալներով հնարավոր չէ չափելի կերպով գնահատել, սակայն, փորձը ցույց է տալիս, որ դրանք մեծ խնայողությունների չեն հանգեցնում։

Վնասների կրճատմանն ուղղված ամենատեսանելի միջոցառումը ՍԿԱԴԱ սարքավորումների լայնածավալ տեղադրումն է, որը արդյունավետ գործիք է մայր և երկրորդային ջրանցքներում կորուստները հսկելու համար, սակայն ներտնտեսային ցանցում, որտեղ կորուստների մեծ մասն է՝ դրանք կիրառական նշանակություն չունեն։ 

Այսպիսով կարող ենք արձանագրել, որ հատկացված միջոցները կբավարարեն մինչև 2022թ. առավելագույնը 20 տոկոսով ծախսերը կրճատելուն, սակայն, այդ նույն ժամանակահատվածում նախատեսվում է անցնել ինքնածախսածածկվող սակագնային քաղաքականության։ Հետևաբար պետությունը նախատեսում է դադարեցնել սուբսիդավորումը և համակարգի առնվազն 9 միլիարդ դրամի ծախսերը ծածկել ջրօգտագործողներից կատարվող գանձումներով։ Սա իր հերթին նշանակում է, որ ոռոգման ջրի վճարը այժմյան 11 դրամ/խմ-ից կհասնի միջինում 15 դրամ/խմ-ի։ Ինչու՞ ենք շեշտում «միջինում», որովհետև նախատեսված տարբերակված սակագնի մեթոդաբանությունը ենթադրում է, որ տարբեր ջրօգտագործողների խմբեր կվճարեն տարբեր գին։ Այստեղ կարևորություն է ստանում թե ի՞նչ սկզբունքներ են դրվելու տարբերակման հիմքում։ 

Բանն այն է, որ սոցիալական արդարության տեսանկյունից ճիշտ է թվում առավել խոշոր հողակտոր մշակողներին (ովքեր ենթադրվում է, որ առավել ապահովված են) առավել բարձր գին առաջադրվի։ Սակայն այս դեպքում դա կարող է բացսական ազդեցություն ունենալ, որովհետև համեմատաբար խոշոր հողակտորներ մշակողները համեմատաբար առավել պարտաճանաչ են վճարումների հարցում, իսկ գնի բարձրացումը կարող է հանգեցնել հավաքագրման մակարդակի անկման և չնպաստել առաջադրված խնդրի լուծմանը։ Մյուս կողմից առավել փոքր հողակտոր մշակողների համար չվճարելու առանցքային պատճառը սակագնի բարձր լինելը չէ, այլ՝ պատշաճ ծավալով և ժամանակին ծառայություններ չստանալը, որի բերումով հաճախ նրանք կրում են վնասներ։ 

Կան տարբերակման այլ չափորոշիչներ ևս, սակայն այս նյությում դրանց ամբողջական ցանկին չարժե անդրադառնալ։ Միայն արժե նշել, որ կառավարությունը շատ հստակ պետք է պատկերացնի երկընտրանքը․ կա՛մ այս համակարգում պետք է արվեն խոշոր կապիտալ ծախսեր, կա՛մ՝ ինչին ձեռք տան փուլ է գալու։ Ուստի սակագնային քաղաքականության վերանայումը առանց համակարգի ծախսերի կրճատման արկածախնդրություն է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter