HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Հրապարակումից հինգ ամիս անց դատախազությունը չի ստացել Նորատուսցի Ալիկի և մյուսների գործով Վերաքննիչ դատարանի դատական ակտը

Դատախազությունը դեռևս չի ստացել «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած միջադեպի գործով անցնող Ալիկ Բանդուրյանի, Պետրոս Իսրայելյանի և Արմեն Գասպարյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դատական ակտը: Այս մասին «Հետք»-ին ասաց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Վերջինիս խնդրել էինք հայտնել՝ Բանդուրյանի և մյուսների վերաբերյալ որոշումը բողոքարկվե՞լ է, թե՞ ոչ:

Հիշեցնենք, որ 2016 թվականի նոյեմբերին Երևանում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում միջադեպ է տեղի ունեցել, որի հետևանքով երկու անձ մահացել է։ Ըստ մեղադրանքի՝ Ալիկ Բանդուրյանը, տեղյակ լինելով Պետրոս Իսրայելյանի և 2016 թվականի նոյեմբերի 13-ին «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում սպանված Մուշեղ Մուշեղյանի միջև լարված հարաբերությունների մասին, անձնական շահագրգռվածությունից ելնելով` Պետրոս Իսրայելյանին դրդել է այլ անձանց հետ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառել, և Պետրոս Իսրայելյանը, նրա մտերիմ Գևորգ Ավետիսյանը, ինչպես նաև քննությամբ չպարզված անձինք, նախապես պայմանավորված լինելով Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս հասցնելու մեջ, համատեղ, ուղղակի դիտավորությամբ, մեկը մյուսի գործողությունները գիտակցելով և միմյանց լրացնելով, սուր կտրող-ծակող գործիքների, մահակների, բահերի կոթերի և այլ առարկաների գործադրմամբ տուժող Մուշեղ Մուշեղյանի մարմնի տարբեր մասերին բազմաթիվ հարվածներ են հասցրել, սակայն Մուշեղյանն ինքնապաշտպանության է դիմել, և նրա հետ վիճաբանող անձինք ուղղակի դիտավորությամբ նրան զրկել են կյանքից: Միջադեպի ժամանակ մահացել է նաև Գևորգ Ավետիսյանը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը 2018-ի դեկտեմբերի 18-ին հրապարկված դատավճռով, դիտավորությամբ առողջությանը ծանր մարմնական վնասվածք հասցնելուն դրդելու մեջ մեղադրվող Ալիկ Բանդուրյանին և նախապատրաստվող հանցագործության մասին իմանալու, բայց իրավապահներին չհայտնելու մեջ մեղադրվող Արմեն Գասպարյանին արդարացրել, իսկ «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած միջադեպի ժամանակ Մուշեղ Մուշեղյանի սպանության մեջ մեղադրվող Պետրոս Իսրայելյանի արարքը որակել էր առողջությանը միջին ծանրության մարմնական վնասվածք հասցնել, նրան դատապարտել 4 տարի ժամկետով ազատազրկման և համաներմամբ ազատել պատժի կրումից:

Գլխավոր դատախազությունը բողոքարկել էր դատավճիռն ու պահանջում էր երեք ամբաստանյալներին մեղավոր ճանաչել ըստ մեղադրանքի նրանց վերագրվող արարքներում ու Ալիկ Բանդուրյանին դատապարտել՝ 8, Պետրոս Իսրայելյանին՝ 14, Արմեն Գասպարյանին՝ 1,5 տարվա ազատազրկման:

Բողոք էր ներկայացրել նաև Պետրոս Իսրայելյանի պաշտպան Միհրան Պողոսյանը՝ պահանջելով արդարացնել իր պաշտպանյալին։

2019 թվականի սեպտեմբերի 11-ին Վերաքննիչ դատարանը հրապարակել է բողոքների վերաբերյալ դատական ակտ, որով պաշտպան Միհրան Պողոսյանի բողոքը մերժվել է, իսկ դատախազության բողոքը՝ մասնակի բավարարվել։ Դատարանն Ալիկ Բանդուրյանին մեղավոր է ճանաչել դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնասվածք հասցնելուն դրդելու մեջ, դատապարտել 4 տարի ազատազրկման և նրա նկատմամբ համաներում կիրառել, իսկ մյուս ամբաստանյալների մասով առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողել է օրինական ուժի մեջ։

Այսինքն՝ 5 ամիս է՝ դատախազությունը չի ստացել Վերաքննիչ դատարանի դատական ակտը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter