HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի հայց է ներկայացրել

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալ Իգոր Սարգսյանը 2019թ․ նոյեմբերի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ հայց է ներկայացրել Վարչական դատարան։  

Նա դատարանից պահանջում է վարչապետ Փաշինյանի 2019թ․ հոկտեմբերի 23-ի թիվ 1539-Ա որոշումն անվավեր ճանաչել։ Հիշեցնենք, որ այդ որոշմամբ Նիկոլ Փաշինյանն ազատել էր Իգոր Սարգսյանին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից։

Իգոր Սարգսյանը, որպես իրավական հետևանք, նաև պահանջում է վերականգնել իրեն Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում։

Դատավոր Դանիել Դանիելյանը 2019թ․ դեկտեմբերի 3-ին վարույթ է ընդունել Իգոր Սարգսյանի հայցը։ Միաժամանակ դատարանը որոշել է ՀՀ վարչապետից պահանջել մեկշաբաթյա ժամկետում Վարչական դատարանին ներկայացնել ազատման որոշման ընդունման համար հիմք հանդիսացած բոլոր նյութերը:

Իգոր Սարգսյանի շահերը դատարանում ներկայացնող փաստաբան Մկրտիչ Դավթյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ վիճարկում են կեղծ տեղեկությունների հիման վրա վարչապետի ազատման վարչական ակտը։

«Ակնկալում ենք, որ դատարանում կհիմնավորենք, որ Տեսչական մարմնի ղեկավարը կեղծ տեղեկություն է ներկայացրել վարչապետին, որն էլ հիմք է հանդիսացել վարչական ակտի ընդունման համար»,- նշեց փաստաբանը։

Մկրտիչ Դավթյանը մանրամասնեց, որ խոսքը Բնապահպանության և ընդերքի տեսչության նորանշանակ ղեկավար Վիգեն Ավետիսյանի մասին է, ով նախկինում զբաղեցրել է ԲՆ ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչության պետի պաշտոնը, որը, ըստ փաստաբանի, տվել է Ամուլսարի շահագործման թույլտվությունը։

Ըստ փաստաբանի, վարչապետին զեկուցած կեղծ տեղեկությունը ևս կապված է եղել Ամուլսարում ստուգում իրականացնելու հարցին։

«Վարչապետին հայտնել է, որ իբր հանձնարարել է ստուգումներ սկսել, 5-օրյա ժամկետ է տվել, և որ իբր քննարկումներ անցկացնի, զեկուցի իրեն, որ իբր չի անցկացրել քննարկումներ, այլ զեկուցագիր է գրել, որ իրեն իրավաբանների խումբ է պետք, դրանով պայմանավորված՝ նշել է, որ նախկին ստուգմանն ինքը չի մասնակցել, ժամկետը կարճ է, չի կարող իրականացնել այդ հանձնարարությունը»,- պատմեց փաստաբանը։

Այն, որ վարչապետին կեղծ տեղեկատվություն է փոխանցվել, Իգոր Սարգսյանն իմացել է «Մալբերի» համակարգից, որի գրագրությանը նաև ի պաշտոնե մուտք է ունեցել։  

Ավելին, փաստաբանը հավաստիացրեց, որ դատարանի միջոցով պահանջված և ստացված վարչական վարույթի նյութերում նույն հիմքն է դրված։

Վաղը այս գործով նշանակված է առաջին՝ նախնական դատական նիստը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter