HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Մեր ընտանիքը միշտ նշում էր սուտ ասելու օրը»․ Հայկ Սարգսյանի գործով հրապարակվեց տուժողի հոր ցուցմունքն, իսկ Սարգսյանը հրաժարվեց ցուցմունք տալ

Հայկ Սարգսյանի գործով տուժող Դավիթ Սիմոնյանի հայրը՝ Աշոտ Սիմոնյանը, ԱՄՆ-ում է։ Դատարանը հնարավորություն չունի նրան որպես վկա հարցաքննելու։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր տեղի ունեցավ Սարգսյանին վերագրվող սպանության փորձի գործով դատական նիստ, որի ընթացքում մեղադրող Աբգար Առաքելյանը հայտնեց, որ ոստիկանության փոխանցմամբ՝ միջոցառումներ են իրականացվել՝ Սիմոնյանի հետ կապ հաստատելու համար, սակայն հնարավոր չի եղել: Նման պայմաններում դատախազը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը։ Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ ավելի օրինական և արդյունավետ կլիներ, եթե մեղադրողը հրաժարվեր վկա Աշոտ Սիմոնյանի  ցուցմունքից, սակայն դատարանն, այնուամենայնիվ, որոշեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը:

Հիշեցնենք, որ ըստ քրեական գործի նյութերի՝ Դավիթ Սիմոնյանը 2007 թվականի ապրիլի 1-ին հրազենային վնասվածք է ստացել, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որը քննվել ու կարճման մասին որոշում է կայացվել: Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Սիմոնյանը հաղորդում է տվել այն մասին, որ 2007-ին իրեն հրազենային վնասվածք է պատճառել Հայկ Սարգսյանը, և նոր երևան եկած հանգամանքի հիմքով գործը վերաբացվել է: Հայկ Սարգսյանը մեղադրվում է սպանության փորձ կատարելու մեջ։

Վկա Աշոտ Սիմոնյանը վերաբացված գործի շրջանակներում ցուցմունք է տվել 2018 թվականի ապրիլի 18-ին։

«Մեր ընտանիքը միշտ հասարակական վայրերում նշել է ապրիլի 1-ը՝ սուտ ասելու օրը, և  2007 թվականի ապրիլի 1-ին նույնպես ցանկացել ենք այն նշել ինչ որ ռեստորանում»,- ցուցմունքն այսպես է սկսել Աշոտ Սիմոնյանն ու շարունակելով՝ նշել, որ զանգահարել են Դավիթ Սիմոնյանի հեռախոսահամարին, սակայն որևէ մեկը չի պատասխանել, իսկ իրենք ռեստորան չեն գնացել։

Ըստ Աշոտ Սիմոնյանի՝ 20:00-ին կրկին զանգահարել են Դավիթին, հեռախոսազանգին պատասխանել է մի կին և հայտնել, որ Դավիթի վիճակը շատ ծանր է, նրան վիրահատում են:

«Սկզբում չհավատացինք, սակայն  հետագայում, հասկանալով, որ նա հայտնում է իրականությունը՝ անմիջապես գնացինք հիվանդանոց, այնտեղ հանդիպեցինք առողջապահության նախարարության բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաև հիվանդանոցի գլխավոր բժիշկին: Ինձ մոտեցավ վիրահատող բժիշկն ու ասաց, որ վիրահատությունը նորմալ է անցել, Դավիթին տեղափոխել են հիվանդասենյակ, նշեց, որ նրա մի երիկամը հեռացվել է քանի որ պայթել էր և կարել հնարավոր չէր»,- պատմել է Աշոտ Սիմոնյանը՝ նշելով նաև, որ իրենք հիվանդանոցում տեսել են առողջապահության նախարարին, որը այդ պահին դուրս  է եկել Դավիթի մոտից (խոսքն ամենայն հավանականությամբ նախարար Նորայր Դավիդյանի մասին է, քանի որ նա է 2007-ի ապրիլին եղել առողջապահության նախարարը-հեղ.)։

«Հետագայում իմացա, որ նրան ուղարկել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը»,- գրել է Աշոտ Սիմոնյանը։

Տուժողի հայրը պատմել է, որ հիվանդանոցում  են գտնվել նաև որդու ընկերները, և երբ իմացել է, որ որդին վնասվածքը կրակոցի հետևանքով է ստացել, հետաքրքրվել է, թե ով է կրակել, պատասխանել են, թե չգիտեն։

«Ընկերների մեջ խոսակցության ընթացքում տեղեկացա, որ Դավիթի վրա կրակել են մեր տան հարևանությամբ գտնվող Ալեքսանդր Սարգսյանի բնակարանի պադվալում: Դրանից ենթադրեցի, որ նրա վրա կարող էր կրակած լինել հենց Ալեքսանդր Սարգսյանը: Մի քանի օր անց`  երբ տուն էի գնում, վերելակի մոտ պատահական հանդիպեցի Դավիթի ընկերներից մեկին,  իմ հարցին ի պատասխան ասաց, որ որդուս  վրա Ալեքսանդր Սարգսյանը չի կրակել, այլ  նրա որդիներից մեկը՝ թմրամիջոցի ազդեցության տակ»,- գրել է Աշոտ Սիմոնյանը` նշելով նաև, որ Դավիթի ընկերոջ փոխանցմամբ կրակոցը եղել է պատահական։

«Մի քանի օր անց մեր հարևաններից մեկը եկավ մեր տուն և  ասաց, որ Ալեքսանդր Սարգսյանը ցանկանում է տեսնել ինձ,  ես էլ ասացի, որ գնում եմ  հիվանդանոց, նրան չեմ ուզում տեսնել մինչև չիմանամ, թե ինչպես է եղել միջադեպը»,- գրել է Աշոտ Սիմոնյանն ու հայտնել, որ երբ հիվանդանոցում տեսակցել է Դավիթին, վերջինս իրեն հորդորել է «գործ չունենալ» Ալեքսանդր Սարգսյանի և նրա ընտանիքի հետ, քանի որ նրանք վտանգավոր են։ Ըստ Աշոտ Սիմոնյանի ցուցմունքի՝ Դավիթը նաև հայտնել է, որ իր վրա պատահաբար կրակել է Հայկ Սարգսյանը։

Աշոտ Սիմոնյանի ցուցմունքի համաձայն՝ ինքը հանդիպում է ունեցել Ալեքսանդր Սարգսյանի աներձագի հետ։

«Խոսակցության ժամանակ ինձ ասացին, որ ինչ եղել է, թող անցած լինի, պարտավորվեցին ծախսերը հոգալ։ Նրանք ինձ խնդրեցին, որ ես չխառնվեմ, իրենք  հարցը կլուծեն, թե ինչ եղանակով՝ չասացին:  Ինձ ասացին, որ կրակելու հանգամանքն իրենց տան աշխատողը՝ Արթուր Ղևոնդյանը կվերցնի իր վրա, իսկ ոստիկանությունը և  քննչական մարմինները տեղյակ են ամեն ինչից։ Հետո ինձ խնդրեցին՝ որևէ  տեղ չբողոքել՝ նշելով, որ եթե բողոքեմ, արդյունքի չեմ հասնի»,- գրել է Աշոտ Սիմոնյանը։

Այս ցուցմունքի հրապարակումից հետո դատարանն անցավ ամբաստանյալ Հայկ Սարգսյանի հարցաքննության փուլին, սակայն վերջինս հրաժարվեց ցուցմունք տալ։ Նախաքննության փուլում ևս Սարգսյանը բովանդակային ցուցմունքներ չի տվել։ 2018 թվականի հուլիսին հարցաքննվել է որպես կասկածյալ ու հայտնել, որ իրեն պարզ են կասկածանքի էությունը և  բովանդակությունը, հայտարարել, որ որևէ կապ չունի նշվածի հետ։

Որպես մեղադրյալ հարցաքննվելիս Հայկ Սարգսյանը հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում: Միաժամանակ Սարգսյանը նշել է, որ իր համար պարզ չէ մեղադրանքում առկա ձևակերպումն այն մասին, որ հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներում ավարտին չի հասցրել։ Սարգսյանի համար անհասկանալի է եղել, թե որովայնը մարմնի կոնկրետ ո՞ր մասն է։ Ըստ գործի՝ Դավիթ Սիմոնյանը որովայնի շրջանում է  վնասվածք ստացել։

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը նշանակվեց մարտի 25-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter