HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել գրոհայինների դիրքերի ուղղությամբ

Ռուսական ռազմաօդային ուժերն ավիահարվածներ են հասցրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ մարտնչող գրոհայինների դիրքերի ուղղությամբ։ Գործողությունները ծավալվել են Սիրիայի հյուսիսում գտնվող Իդլիբ նահանգում։ Սիրիայում ռուսական զորքերի շտաբը հստակեցրել է, որ ավիահարվածները հասցվել են Քմինասա և Նայրաբա շրջանների տարածքներում։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ավիահարվածները հասցվել են գրոհայինների հարձակումները կասեցնելու նպատակով։ Ընդ որում, գործողության ընթացքում խոցվել են 1 տանկ, 6 հետևակի մարտական մեքենա և հինգ մեքենաներ։ Ավելի վաղ, թուրքական «Hürriyet» պարբերականը հայտնել էր, որ գրոհայինները փորձել են ճեղքել կառավարական ուժերի դիրքերը։ Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ ի պատասխան հենց այս գործողությունների էլ ռուսական կողմն իրականացրել էր ավիահարվածները։

Բացի այդ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գրոհայիններին աջակցել է թուրքական հրետանին, և հրետակոծումն ավարտվել է միայն այն ժամանակ, երբ ռուսական կողմը թուրքերից բացատրություններ է պահանջել Սիրիայի տարածքի ռմբակոծման համար։

Զուգահեռաբար, Թուրքիայի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ Իդլիբի շրջանում իրականացված ավիահարվածների արդյունքում զոհվել են երկու և վիրավորվել թուրք հինգ զինծառայողներ։ Ընդ որում, հաղորդագրության մեջ չի նշվում, որ նրանք զոհվել կամ վիրավորվել են ռուսական ավիահարվածներից հետո։ Ավելին, Էրդողանի վարչակազմն ավիահարվածների մեջ մեղադրել է ոչ թե Մոսկվային, այլ՝ Դամասկոսին։

Ինչպես փոխանցում է «Bloomberg» գործակալությունը, Թուրքիան ԱՄՆ-ին խնդրել է սիրիական սահմանի կողմն ուղղել «Patriot» տիպի ՀՕՊ համակարգի երկու մարտկոցներ, որպեսզի պաշտպանի իր զորքերը ռուսական ավիահարվածներից։

Վերջին երեք շաբաթների ընթացքում Իդլիբում հաճախակիացել են թուրք զինծառայողների և սիրիական կառավարական ուժերի միջև բախումները, որոնք գործում են ռուսական կողմի աջակցությամբ։ Ընդհանուր առմամբ, այս ընթացքում Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է 14 զոհերի մասին։ Երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախորդ օրը հայտարարել էր, որ Ասադի դեմ ուղղված թուրքական օպերացիայի սկիզբը ժամանակի հարց է։ Էրդողանը բացահայտ սպառնացել էր՝ հայտարարելով, որ «մենք մի գիշերում կարող ենք հանկարծակի հայտնվել»։

Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին Թուրքիայի զինված ուժերը հարվածներ էր հասցրել սիրիական բանակի 115 հենակետի ուղղությամբ՝ ի պատասխան Իդլիբում տեղի ունեցած հրետանային կրակահերթի։ Հրետակոծման արդյունքում խոցվել էին երեք տանկ և մեկ ուղղաթիռ։

լուսանկարը՝ golos.ua

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter