HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալին ազատելու որոշումը «բացարձակ հայեցողական» է եղել

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալ Իգոր Սարգսյանին աշխատանքից ազատելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը բացարձակ հայեցողական է եղել։ Այս մասին հայտնի դարձավ այսօր Վարչական դատարանում մեկնարկած նախնական դատական նիստի ընթացքում։ Նախագահող դատավոր Դանիել Դանիելյանը մեջբերեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի պատասխանից հատվածներ, որտեղ հենց դրան էր հղում կատարվում։

Պատասխանող կողմից ներկայացուցիչ դատարանում չկար, չնայած պատշաճ ծանուցվել էին, սակայն դատավոր Դանիելյանն անընդհատ հղում էր կատարում վարչապետի ներկայացուցչի ուղարկած գրավոր պատասխանի հիմնավորումներին։

Մինչդեռ Իգոր Սարգսյանի պաշտպան Մկրտիչ Դավթյանը նշեց, որ Տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված գրության հիման վրա վարչական վարույթ է իրականացվել։ Վերջինս կեղծ տեղեկություններ է ներկայացրել  վարչապետի գրասենյակին՝ Իգոր Սարգսյանի աշխատանքային ունակությունների ենթադրյալ անբավարարության վերաբերյալ, ինչի պայմաններում նրան աշխատանքից ազատելու հարցն է քննարկման դրվել։

Վիգեն Ավետիսյանին ի պատասխան՝ վարչապետի գրասենյակի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն էլ գրությամբ տեղեկացրել է, որ Իգոր Սարգսյանը հոկտեմբերի 23-ից ազատվել է պաշտոնից Աշխատանքային օրենսգրքի 120 հոդվածի հիմքով, այն է՝ մասնագիտական ունակությունների անբավարարության պատճառով աշխատողը չի կարող կատարել աշխատանքային պարտականությունները։ Այսինքն՝ վարչապետը ոչ թե «հայեցողական որոշում» է կայացրել, այլ դրա հիմքում տվյալ պարագայում դրվել է 120-րդ հոդվածը, ինչն էլ իրենք բողոքարկում են դատարանում։

Վարչապետի ներկայացուցիչն իր պատասխանում նշել է, որ «Մալբերի» համակարգի այդ գրագրությունն աշխատանքային քննարկման մի մաս է կազմում և աշխատանքից ազատման հիմք չի հանդիսանում։

«Մի դեպքում, վարչապետի աշխատակազմի ղեկավարի կողմից, վարչապետի անունից գրված գրության մեջ նշվում է իրավական հիմքը, զուտ դրվում է ունակությունների անկարողությունը, իսկ դատարանին ուղղված պատասխանում խուսափոխական դիրքորոշում է հայտնվել,- նշեց փաստաբանը և ավելացրեց,- ընդունում եմ, որ վարչապետը բացարձակ հայեցողությամբ կարող էր իմ վստահորդին ազատել աշխատանքից, եթե մինչ այդ չլիներ այս գրությունը և աշխատանքից ազատման հիմքում դա չդրվեր (խոսքը Ազաջանյանի գրության մասին է-հեղ․)»։

«Հիմքը ձեզ ինչի՞ համար է պետք, նկատի ունեք, որ առանց հիմքի՞ են հանել, թե՞ ձեր հոգու հանգստության համար է պետք այդ հիմքը»,- հետաքրքրվեց դատավոր Դանիելյանը։

«Ոչ իմ հոգու, ոչ էլ իմ վստահորդի հոգու հանգստության համար, այլ նրա 20 տարվա՝ այս ոլորտում կատարած մեծ աշխատանքի մասին է խոսքը, և 20 տարի հետո հայտնվում է մի մարդ, որը կեղծ տեղեկություններ է տրամադրում վարչապետին, և վարչապետի անունից գրված գրությամբ աշխատանքից ազատման ծանուցման մեջ նշվում է 120-րդ հոդվածը, որից հետո աշխատանքից ազատման հրաման է դուրս գալիս»,- առարկեց փաստաբանը։

«Պատասխանողի դիրքորոշման համաձայն՝ վարչական պաշտոնից կարող են ազատել առանց հիմքի»,- կրկին շեշտեց դատավորը։

Փաստաբանը հարցադրում արեց, թե ինչով է դատարան ուղարկված պատասխանը (որը գրել է վարչապետի ներկայացուցիչ, Իրավաբանական վարչության ավագ իրավաբան Լիաննա Սահակյանը) գերակա վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի՝ որպես ծանուցում ուղարկված գրությունից։

«20 տարի աշխատանքային մասնագիտական փորձ ունեցող անձին որակում են որպես մասնագիտական ունակություններից զուրկ անձնավորություն»,- նկատեց փաստաբանը։

«Եթե այդ գրագրությունը չլիներ, էս վեճը չէ՞ր լինի»,- հարցերց դատավորը։

«Չէր լինի»,- հաստատեց փաստաբանը,- Մեր վեճի անկյունաքարը մասնագիտական ունակությունների անբավարարություն որակելն է»։

Իգոր Սարգսյանն այսօր նույնպես դատարանում էր։ Նա պատմեց, որ մինչ վեճը դատարան հասցնելը, գրավոր դիմել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որից հետո երկու անգամ իրեն հրավիրել են Պետական վերահսկողական ծառայություն, որտեղ մանրամասնել է իր դիրքորոշումն ու դժգոհությունները։ Սակայն որևէ գրավոր պատասխան մինչ օրս իրեն չեն ուղարկել իր դիմումի վերաբերյալ։

Դատավորի հարցադրմանը, թե ընդունում է, որ վարչապետը բացարձակ հայեցողությամբ կարող էր իրեն ազատել աշխատանքից, Իգոր Սարգսյանը պատասխանեց, որ կըդնուներ, եթե իրեն ազատեին նոր ղեկավար նշանակելուց հետո մեկամսյա ժամկետում, ինչպես սահմանում է օրենքը։ Սակայն Վիգեն Ավետիսյանը նշանակվել էր մայիսին, իսկ իրեն ազատել են հոկտեմբերին։

«Դուք ընդունո՞ւմ եք, որ վարչապետն առանց պատճառաբանությամբ կարող էր ձեզ ազատել աշխատանքից»,- նորից փորձեց հստակեցնել դատավորը։

«Չէ, չեմ ընդունում,- պատասխանեց Իգոր Սարգսյանը,- հիմք պետք է լինե՞ր։ Հենց էնպես չի, որ վիզը կտրեն, հետո որոշեն, թե ինչու։ Բացարձակ հայեցողությունը վերաբերելի է մեկամսվա ժամկետին, ոչ թե 5 ամիս կամ 1 տարի հետո որոշում է, որ հեռացնի։ Մեկ ամսից հետո հեռացնելու դեպքում կիրառելի է Աշխատանքային օրենսգիրքը, մարդու իրավունքների միջազգային օրենսդրության փաթեթը, և «Հանրային ծառայության մասին» օրենքը, և «Տեսչական մարմինների մասին» օրենքը։ Մեկ ամիս հետո ազատման նոր հիմք պետք է լինի»։

Իգոր Սարգսյանն ակնկալում է վերականգնվել աշխատանքում, համապատասխան աշխատավարձի միջին չափով էլ փոխհատուցում է պահանջում հարկադիր պարապուրդում գտնված ամիսների համար։

Վերականգնման անհնարինության դեպքում հայցվոր կողմը ոչինչ չի նախատեսել, որովհետև դեռևս տեսչական մարմնի ղեկավարի տեղակալների պաշտոնը թափուր է։ Հետևաբար, հույս ունեն, որ Իգոր Սարգսյանը կկարողանա վերականգնվել իր պաշտոնում։

Նախնական դատական նիստն այսօր ավարտվեց, և գործն անցավ դատաքննության փուլ: Հաջորդ նիստը, հայցվոր կողմի խնդրանքով, դատավոր Դանիելյանը հնարավորինս շուտ նշանակեց՝ ապրիլի 6-ին։

Իգոր Սարգսյանը մեզ հետ զրույցում պատմեց իր աշխատանքի ազատման նախապատմությունը՝ կապելով այն վարչապետից ստացված Ամուլսարի ստուգումների իմպերատիվ հանձնանարականի հետ։ Իգոր Սարգսյանի հետ զրույցը կներկայացնենք առաջիկայում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter