HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրանում կորոնավիրուսից մահացել է ևս երկու մարդ

Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը հայտնել է, որ Իրանում կորոնավիրուսի 13 նոր հիվանդներից երկուսը մահացել են։ Պետական գործակալության պաշտոնական կայք էջում արդեն իսկ տեղադրվել է համապատասխան հաղորդագրությունը։

Երկրում կորոնավիրուսով հիվանդների ընդհանուր թիվը հասել է 18-ի, իսկ զոհերինը՝ 4-ի։ Հիվանդները գտնվում են Իրանի Ղոմ, Արաք, Թեհրան և Գիլան քաղաքներում։ Նոր հիվանդներից շատերը կամ Ղոմի բնակիչներ են (շիա-մուսուլմանների ուխտագնացության վայրերից մեկը), որտեղ առաջին անգամ հայտնաբերվել է վիրուսը, կամ էլ վերջին օրերին կամ շաբաթներին եղել են այնտեղ։ Նախօրեին Ղոմի բժշկագիտության համալսարանի ռեկտոր Մոհամմադ Ռեզա Հադիրը հայտարարել է, որ Իրանում կորոնավիրուսի տարածումը կրիտիկական չէ, չկան նաև անհանգստանալու պատճառներ։

Առողջապահության նախարարության ինֆեկցիոն հիվանդությունների կոմիտեի անդամ Մինո Մոհրեզն էլ կարծում է, որ կորոնավիրուսը կարող է տարածվել Իրանի բոլոր քաղաքներում։ IRNA գործակալությանը տված մեկնաբանության մեջ վերջինս նշել է, որ «հաշվի առնելով երկրում գործուղումների մեծ թիվն ու ուղղությունները, այդ թվում նաև Թեհրան, Բաբոլ, Արաք, Սպահան, Ռեշտ և այլ քաղաքներ, հնարավոր է, որ կորոնավիրուսը շատ արագ տարածվի Իրանի բազմաթիվ քաղաքներում»։ Մոհրեզի կարծիքով վիրուսի տարածման աղբյուր կարող են լինել Ղոմում աշխատող չինացի բանվորները, որոնք վերջերս էին վերադարձել Չինաստանից։

Այդուհանդերձ, կորոնավիրուսի տարածումը չի խանգարել իրանցիներին փետրվարի 21-ին մասնակցել խորհրդարանական ընտրություններին։ Ոմանք ընտրատեղամասեր են ժամանել պաշտպանիչ դիմակներով։

Իրանում կորոնավիրուսի տարածման ֆոնին՝ Քուվեյթի ազգային ավիափոխադրողը՝ «Kuwait Airways»-ը հինգշաբթի օրվանից դադարեցրել է դեպի Իրան բոլոր թռիչքները՝ Ղոմում կորոնավիրուսի տարածման և մահվան դեպքերի պատճառով։

«Այսօրվանից դեպի Իրան բոլոր թռիչքները կասեցվել են։ Պատճառն Իրանում տարածված կորոնավիրուսի դեպքերն են։ Ավիափոխադրումը կվերսկսվի այն ժամանակ, երբ Առողջապահության նախարարությունը և Քաղաքացիական ավիացիայի վարչությունը կտան համապատասխան երաշխավորությունը»,- ասվում է ավիաընկերության Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում։ Ավելի վաղ, Քուվեյթի առողջապահության նախարարությունը կոչ էր արել Քուվեյթի քաղաքացիներին չմեկնել Իրանի Ղոմ քաղաք՝ կորոնավիրուսի տարածման պատճառով։ Ընդ որում, նախարարությունը կարանտին է հայտարարել Ղոմից վերադարձած Քուվեյթի բոլոր քաղաքացիների համար։

Իրանի հետ օդային կապը դադարեցրել է նաև Իրաքի ազգային ավիափոխադրողը՝ «Iraqi Airways»-ը։ Պատճառը կրկին կորոնավիրուսի տարածումն է։ Դեռ հինգշաբթի օրն Իրաքի իշխանությունները փակել էին Իրանի հետ սահմանային աշ Շեյբ/Չազաբե հսկիչ անցագրային կետը, որը գտնվում է հարավարևելյան Մայսան նահանգում։ Առողջապահության նախարարությունն էլ կոչ է արել բոլոր անցակետերում ստուգել Իրանից ժամանած բոլոր ուղևորներին, բացառությամբ Իրաքի քաղաքացիներին և դիվանագետներին։ Ավելի ուշ, Իրաքի առողջապահության նախարարությունն առաջարկել էր ժամանակավորապես արգելել իրաքցիներին մեկնել Իրան։ Ներկայումս Իրաքում կորոնավիրուսի դեպք դեռևս չի գրանցվել։

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան էլ հայտարարել է, որ Իրանում կորոնավիրուսի տարածման պատճառով, Թուրքիան իր օդանավակայաններում և սահմանային հսկիչ անցագրային կետերում ուժեղացրել է հսկողությունը։

Առողջապահության նախարարությունն էլ փետրվարի 21-ին տարածել է հաղորդագրություն, համաձայն որի նախարարությունը շարունակում է աշխատանքներն Իրանի Իսլամական Հանրապետությունում թե´ հայկական դեսպանատան, թե´ առողջապահության նախարարության հետ: Դեռևս պարզ չէ, թե արդյոք հայկական կողմը կխստացնի հսկողությունն իրանական սահմանին։ Երևան-Թեհրան-Երևան ուղղությունն ապահովող «Armenia Airways» ավիաընկերությունը նույնպես որևէ հայտարարություն չի արել այս կապակցությամբ։

Փետրվարի 21-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 77 271-ի, իսկ զոհերինը՝ 2250։ Մինչ այս պահը կորոնավիրուսից բուժվել է 18 909 մարդ։

լուսանկարը՝ abcnews.go.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter