HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Բժիշկները գիտեին, որ կվարակվեն, սակայն շարունակում էին աշխատել»․ հարցազրույց, որի հրապարակումն արգելվել է Չինաստանում

Փետրվարի 18-ին՝ երեքշաբթի օրը, կորոնավիրուսից մահացել է Չինաստանի Ուհան քաղաքի կենտրոնական հիվանդանոցի ղեկավար Լյու Չժիմինը։ Ավելի վաղ, փետրվարի 7-ին, մահացել էր նրա գործընկեր Լի Վենլյանը, որն առաջինն էր հայտնել նոր հիվանդության տարածման մասին։ Երկու բժիշկներն էլ վարակվել էին սուր թոքաբորբով, երբ օգնում էին պացիենտներին։ Համաճարակի սկզբից ի վեր հազարավոր չինացի բժիշկներ փաստացի աշխատում են առանց հանգստյան օրերի և, օգնելով հիվանդներին, իրենց ենթարկում մահացու վտանգի։ Փետրվարի սկզբին չինական «Caixin Global» պարբերականում հրապարակվել է բժիշկ Պեն Չժիյունեմի հետ հարցազրույցը, որը գլխավորում է Ուհանի համալսարանի Հարավային կենտրոնական հիվանդանոցի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը։ Բժիշկ Պենը պատմել է այն մասին, թե ինչպես է ընթանում կորոնավիրուսային հիվանդությունը և ինչ դժվարությունների են հանդիպում բժիշկները, որոնք աշխատում են կորոնավիրուսով հիվանդ պացիենտների հետ։ «Հետքը» ներկայացնում է հարցազրույցը՝ չնչին կրճատումներով։

- Ե՞րբ եք առաջին անգամ հանդիպել կորոնավիրուսով հիվանդ պացիենտի։

- 2020 թվականի հունվարի 6-ին։ Հիվանդը ծնունդով Հուանգանից էր, որին մի քանի հիվանդանոցներում հրաժարվել էին հոսպիտալացնել և ուղեգիր էին տվել դեպի Հարավային կենտրոնական հիվանդանոցի անհետաձգելի բուժօգնության բաժանմունք։ Ես ներկա էի բժշկական կոնսուլտացիայի ժամանակ։ Այդ պահին պացիենտի վիճակը ծանր էր, նա դժվարությամբ էր շնչում։ Ես միանգամից հասկացա, որ նրա մոտ հենց այդ հիվանդությունը պետք է ախտորոշվի։ Մենք երկար քննարկում էինք, թե արդյոք ընդունենք այդ պացիենտին։ Եթե մենք դա չանեինք, ապա նա գնալու այլ տեղ չէր ունենա։ Եթե ընդունեինք, ապա մեծ կլիներ հավանականությունը, որ հիվանդությունը կդառնա վարակիչ՝ մյուս պացիենտների համար։ Մենք պետք է պահպանեինք շատ խիստ կարանտին։

Եկանք այն որոշման, որ աշխատանքային օրվա ավարտին կընդունենք պացիենտին։ Ես զանգահարեցի հիվանդանոցի գլխավոր բժշկին և զեկուցեցի իրավիճակի մասին, ներառյալ այն փաստը, որ մենք պետք է մյուս հիվանդներից ազատեինք հիվանդասենյակը և այն հարմարեցնեինք սուր շնչառական հիվանդությամբ տառապող հիվանդներին ներկայացվող պահանջներին։ Վերջինս ենթադրում էր ստեղծել վարակի գոտի, բուֆերային հատված, մաքրման տարածք, ինչպես նաև բուժաշխատողների հատվածի առանձնացում պացիենտների հատվածից։

Հունվարի 6-ին, երբ պացիենտը գտնվում էր անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում, կարանտինի հետ կապված իրականացրել ենք բաժանմունքի վերազինում, ինչպես նաև մասշտաբային փոփոխություններ ենք իրականացրել վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Հարավային կենտրոնական հիվանդանոցի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում առկա է 66 մահճակալ։ Մենք կորոնավիրուսով հիվանդ պացիենտների համար տեղ էինք հատկացրել։ Ես գիտեի հիվանդության վարակիչ լինելու մասին։ Մենք ենթադրում էինք, որ նոր մարդիկ կդիմեն մեզ, դրա համար էլ առանձնացրել էինք 16 մահճակալ։

Մենք կարանտինային վերակառուցում էինք իրականացրել ինֆեկցիոն հիվանդություններով պացիենտների հատվածում։ Քանի որ շնչառական հիվանդությունները տարածվում են օդակաթիլային ճանապարհով, ապա օդը նույնպես պետք է գտնվեր կարանտինի մեջ, որպեսզի դուրս չգար իզոլացված տարածքից։ Այդ ժամանակ շատերը խոսում էին, որ վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում պետք է լինեն սահմանափակ թվաքանակով մահճակալներ, իսկ 16 մահճակալների թիվը խիստ մեծ քանակ էր։ Ես պնդեցի, որ այդ թիվն այդքան էլ մեծ չէ։

- Դեռ հունվարին դուք կանխատեսել էիք մարդուց մարդու կորոնավիրուսի փոխանցումը և նույնիսկ ձեռնամուխ եղել կարանտինային պայմանների ստեղծմանը։ Դուք այդ մասին զեկուցե՞լ էիք վերադաս ղեկավարությանը։

-Այդ հիվանդությունն, իրոք, շատ արագ տարածվեց։ Հունվարի 10-ին վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի մեր բաժանմունքի բոլոր 16 մահճակալները զբաղված էին։ Մենք տեսնում էինք, թե ինչ աղետալի է իրավիճակը, և հիվանդանոցի ղեկավարությանը հորդորել էինք այդ մասին զեկուցել վերադաս մարմիններին։ Մեր գլխավոր բժիշկը նույնպես հասկացել էր, որ իրավիճակը լուրջ է, և Ուհանի առողջապահության քաղաքային կոմիտեին զեկույց էր ներկայացրել ստեղծված իրավիճակի մասին։ Հունվարի 12-ին նախարարությունից Հարավային կենտրոնական հիվանդանոց է գործուղվել երեք հոգուց բաղկացած խումբ՝ հետաքննություն իրականացնելու նպատակով։ Մասնագետները պարզել են, որ կլինիկական ախտանիշները իրավամբ նման են նոր կորոնավիրուսի ախտանշաններին, սակայն շարունակում էին պնդել ախտորոշման չափանիշների և նմանատիպ բաների մասին։

Մենք պատասխանեցինք, որ այդ չափանիշները բավականին խիստ էին։ Այդ չափանիշների հիման վրա իրականացված ախտորոշումը կորոնավիրուս կհաստատի միայն քիչ թվաքանակով մարդկանց մոտ։ Մինչ այդ մասնագետների խումբն արդեն իսկ այցելել էր Ցզինինտանի հիվանդանոց՝ ուսումնասիրելու և սահմանելու ախտորոշիչ չափանիշների խումբը։ Ըստ այդ չափանիշների՝ պոտենցիալ պացիենտը պետք է ինչ-որ կապ ունենար Ուհանի ծովամթերքի շուկայի հետ, պետք է ունենար բարձր ջերմություն, ինչպես նաև դրական պետք է լիներ կորոնավիրուսի թեստի արդյունքը։ Ախտորոշում տալու համար պետք է առկա լինեին բոլոր երեք չափանիշները և, հատկապես, երրորդը։

Իրականում շատ քչերին է հաջողվել ստուգվել կորոնավիրուսի թեստերով։ Հունվարի 18-ին Ուհանի Հարավային կենտրոնական հիվանդանոց է ժամանել Չինաստանի առողջապահության ազգային հանձնաժողովի բարձրակարգ մասնագետների խումբը։ Ես նրանց կրկին ասացի, որ չափանիշները շատ խիստ են։ Այդպիսով, շատ հեշտությամբ հնարավոր կլիներ բաց թողնել վարակը։ Ես պնդում էի, որ վիրուսը շատ արագ է տարածվում։ Եթե դուք չափանիշները թողնեք անփոփոխ և պացիենտներին տուն ուղարկեք, ապա հանրությանը վտանգի կենթարկեք։ Այն բանից հետո, երբ ժամանեց մասնագետների երկրորդ ազգային խումբը, չափանիշները փոփոխության ենթարկվեցին։ Կորոնավիրուսի ախտորոշմամբ պացիենտների քանակն արագ մեծացավ։

-Ինչն է ձեզ ստիպել հավատալ, որ նոր կորոնավիրուսը մարդուց մարդ կարող է փոխանցվել։

-Իմ կլինիկական փորձի և գիտելիքների վրա հիմնվելով՝ ես վստահ էի, որ հիվանդությունը պետք է որակել որպես սուր ինֆեկցիոն հիվանդություն, և մենք պետք է ապահովեինք անվտանգության բարձր մակարդակ։ Վիրուսը մարդու կամքով չի կարող փոխվել։ Ես կարծում եմ, որ մենք դա պետք է ընդունենք որպես եղելություն և գործենք գիտությանը համահունչ։

Իմ պահանջով Հարավային կենտրոնական հիվանդանոցի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում հայտարարվել են կարանտինային խիստ պայմաններ և, արդյունքում, մեր բաժանմունքում գրանցվել է վարակման միայն երկու դեպք։ Հունվարի 28-ի դրությամբ՝ հիվանդանոցի անձնակազմից միայն 40 մարդ էր վարակվել կորոնավիրուսով։ Եթե դիտարկենք տոկոսային հարաբերակցությամբ, ապա այս ցուցանիշը բավականին ցածր է՝ ի տարբերություն այլ հիվանդանոցների։ Մեզ համար դժվար էր տեսնել, թե ինչպես է կորոնավիրուսը տարածվում։ Ներկայումս առաջնահերթությունը մարդկանց բուժելն էր, անել հնարավորը մարդկանց փրկելու համար։

-Ինչպե՞ս է ընթանում կորոնավիրուսի արդյունքում առաջացած հիվանդությունը։

-Բազմաթիվ վիրուսներ որոշակի ժամանակահատվածում ինքնաոչնչանում են։ Մենք այդպիսի հիվանդություններն անվանում ենք ինքնագնաց։ Ես պարզեցի, որ նոր կորոնավիրուսի ախտանիշների աճի ժամանակաշրջանը կազմում է շուրջ երեք շաբաթ՝ ախտանիշների առաջին անգամ ի հայտ գալուց մինչև շնչառական դժվարություններ։ Թեթև ախտանիշներից մինչև ծանր աստիճանի ախտանշանների ի հայտ գալը տևում է մեկ շաբաթ։ Թեթև ախտանիշների ցանկում կարելի է ներառել ընդհանուր թուլությունը, հևոցը։ Բարձր ջերմությունը բոլորի մոտ չէ, որ արտահայտվում է։

138 դեպքերի ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ կորոնավիրուսի նախնական փուլում հիվանդի մոտ արտահայտվում են հետևյալ ախտանշանները․ բարձր ջերմություն (98,6 % դեպքերում), ընդհանուր թուլություն (69,6 % դեպքերում), հազ (59,4 % դեպքերում), ցավ մկանների հատվածում (34,8% դեպքերում), շնչառական դժվարություններ (31,2% դեպքերում)։ Առավել հազվադեպ հանդիպող ախտանշաններից են գլխացավը, գլխապտույտը, փորի հատվածում ցավը, լուծը, սրտխառնոցը և փսխումը։

Հիվանդության երկրորդ շաբաթվա ընթացքում որոշ պացիենտներ զգում են կտրուկ վատթարացում։ Այդ փուլում հիվանդները պետք է դիմեն հիվանդանոց։ Առավել տարեց մարդկանց մոտ կարող են ի հայտ գալ դժվարություններ․ որոշ մարդիկ կարող են ունենալ թոքերի արհեստական օդափոխման կարիք։ Երբ դադարում են գործել մյուս ներքին օրգանները, վրա է հասնում հիվանդության ծանր փուլը։ Մյուս կողմից, ուժեղ իմունային համակարգ ունեցող պացիենտների մոտ նկատվում են ախտանիշների թուլացում և աստիճանական ապաքինում։ Այդպիսով, հիվանդության երկրորդ շաբաթը որոշիչ է․ կապաքինվի՞ հիվանդը, թե դրությունն ավելի կխորանա։ Իսկ արդեն երրորդ շաբաթվա ընթացքում պարզ է դառնում, կունենա՞ արդյոք հիվանդությունը մահացու ելք։

Բուժում ստացող որոշ պացիենտների մոտ մենք կարողացանք բարձրացնել լիմֆոցիտների՝ սպիտակ արյան վանդակների մակարդակը, դիտարկում էինք իմունային համակարգի արձագանքի ուժգնացումը, որի արդյունքում էլ կարողացանք նրանց վերադարձնել կյանք։ Բոլոր նրանց մոտ, որոնց լիմֆոցիտների մակարդակը շարունակել է նվազել, ում իմունային համակարգը թույլ է, առաջացել է բազմաօրգանային անբավարարություն, ինչն էլ հանգեցնում է մահվան։ Մեծամասնության համար հիվանդությունն ավարտվել է երկրորդ շաբաթվա ընթացքում։ Բացի այդ, բոլոր այն հիվանդները, որոնք կարողացել են հաղթահարել հիվանդության երրորդ շաբաթը, ապաքինվել են։ Նրանք, որոնք չկարողացան պայքարել հիվանդության դեմ, մահացան երեք շաբաթվա ընթացքում։

-Քանի՞ տոկոս դեպքերում է հիվանդությունը թեթև ախտանիշներից անցում կատարում առավել ծանր ախտանիշների։

-Կորոնավիրուսը վարակիչ հիվանդություն է, սակայն մահացության տոկոսը ցածր է։ Կյանքի համար վտանգավոր է հիմնականում տարեց մարդկանց շրջանում, որոնք ունեն խրոնիկ հիվանդություններ։ Հունվարի 28-ի դրությամբ գրանցվել էր 138 դեպք, որից 36-ը վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, 28-ն ապաքինվել էին, ևս 5-ը՝ մահացել։ Այդպիսով, կարելի է ասել, որ ծանր վիճակում գտնվող պացիենտների մահացության տոկոսը կազմում է 3,6 %: Երեկ (փետրվարի 3-ին) մահացել է ևս մեկ պացիենտ՝ այդպիսով բարձրացնելով մահացության աստիճանը 4,3 %-ի։ Հաշվի առնելով վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում պացիենտների թիվը, հավանական է, որ մահացության թիվը կբարձրանա։ Մահացության տոկոսը ևս կբարձրանա, սակայն չնչին մեծությամբ։

Որպես կանոն՝ հոսպիտալացված պացիենտները գտնվում են ծանր կամ կյանքի համար վտանգավոր վիճակում։ Թույլ արտահայտված ախտանիշներով հիվանդները գտնվում են իրենց տներում։ Մենք չունենք այն դեպքերի վերաբերյալ վիճակագրություն, երբ ախտանիշները թույլ արտահայտված վիճակից զարգանում են ծանր արտահայտմամբ ֆիզիկական վիճակի։ Եթե պացիենտի վիճակը սկսում է ծանրանալ, նրան տեղափոխում են վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ 138 պացիենտներից 36-ը տեղափոխվել են հենց այդ բաժանմունք, ինչը կազմում է պացիենտների ընդհանուր թվի 26 տոկոսը։ Կյանքի համար խիստ վտանգավոր փուլում գտնվող հիվանդների մահացության ցուցանիշը կազմում է մոտավորապես 15 տոկոս։

Թեթև ախտանիշներից անցումը կյանքի համար վտանգավոր ախտանիշների փուլ կազմում է մոտավորապես 10 օր։ Քսանութ պացիենտներ ապաքինվել են և դուրս գրվել հիվանդանոցից։ Ներկա պահին ապաքինվողների թիվը կազմում է 23,3 տոկոս, այն դեպքում, երբ մյուս պացիենտները շարունակում են գտնվել հիվանդանոցում։ Հետաքրքրական է, որ դեպքերից միայն 12-ը կապ ունեին Ուհանի ծովամթերքի հարավ-չինական շուկայի հետ։ 57-ը վարակվել են հոսպիտալացման ժամանակ, ներառյալ 17 պացիենտները, որոնք գտնվում են տարբեր բաժանմունքներում։ Հիվանդների թվում են նաև 40 բուժաշխատողներ․ ընդհանուր 138 դեպք (հունվարի 28-ի դրությամբ)։ Սա հաստատում է այն մտավախությունը, որ հիվանդանոցը բարձր ռիսկի գոտի է և պետք է ձեռնարկվեն պաշտպանության համապատասխան միջոցներ։

-Ո՞րն է ծանր հիվանդների համար գլխավոր ռիսկային գործոնը։

-Վիրուսն առաջինը փորձում է ազդել պացիենտի իմունային համակարգի վրա։ Վիրուսն առաջացնում է լիմֆոցիտների քանակի կրճատում, թոքերի ախտահարում և շնչառական դժվարություններ։ Ծանր հիվանդների մեծ մասը մահանում է շնչահեղձ լինելուց։ Մյուսները մահանում են բարդույթների հետևանքների բազմաօրգանային անբավարարությունից։

-39-ամյա պացիենտներից մեկի մոտ գրանցվել էր սրտի կանգ, նա արագ մահացել էր։ Որոշ պացիենտների մոտ վիրուսի բարդ փուլում չեն եղել լուրջ ախտանիշներ, կամ հիվանդությունը եղել է նախնական փուլում, սակայն բոլորն էլ մահացել են։ Որոշ փորձագետներ վկայում են, որ վիրուսն առաջացնում է ցիտոկինային փոթորիկ, որը վերացնում է երիտասարդների իմունային համակարգը։ Որպես արդյունք՝ վտանգավոր բորբոքումը, որն առաջանում է ցիտոկինների կողմից, բարձրացնում է մահացության վտանգը։ Դուք այս երևույթը նկատե՞լ եք կորոնավիրուսի տարածման ժամանակ։

- Իմ դիտարկումներով՝ երեք պացիենտների ամբողջ մարմնով մեկ հայտնաբերվել են ախտահարման գործընթացներ։ Եվ սա տեղի է ունեցել ոչ միայն երիտասարդների հետ։ Ցիտոկինային փոթորկի մեխանիզմը համարվում է օրգանիզմում ախտահարման գործընթաց, որը հանգեցնում է բազմաօրգանային անբավարարության և արագ անցում կատարում վերջնական փուլ։ Որոշ արագ զարգացող դեպքերում ախտահարիչ գործընթացից մինչև կյանքի համար վտանգավոր վիճակի անցումը տևում է երկուսից երեք օր։

-Ինչպե՞ս եք դուք բուժում ծանր և կյանքի համար վտանգավոր դեպքերը։

-Ծանր և կյանքի համար վտանգավոր դեպքերի բուժման մեր հիմնական մոտեցումը համարվում է արյան հագեցումը թթվածնի խոշոր քանակությամբ։ Սկզբում պոմպի միջոցով տրվում է թթվածին, այնուհետ՝ ինտուբացիա, եթե հիվանդի վիճակը վատանում է։ Կյանքի համար վտանգավոր դեպքերում մենք օգտագործում ենք արտամարմնային մեմբրանի օքսիգենացիա (ԱՄՕ): Չորս դեպքերում մենք օգտագործել ենք ԱՄՕ, որպեսզի փրկենք մահամերձ պացիենտներին։ Ներկայումս չկան հատուկ դեղամիջոցներ, որոնք հնարավորություն կտան պայքարել կորոնավիրուսի դեմ։

Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի հիմնական նպատակն այն է, որ օգնենք պացիենտներին պահպանել օրգանիզմի ֆունկցիոնալությունը։ Տարբեր պացիենտների մոտ առկա են տարբեր ախտանշաններ։ Հևոցի պարագայում մենք իրականացնում ենք օքսիգենոթերապիա, երիկամների անբավարարության պարագայում իրականացնում ենք դիալեզ, իսկ կոմայի պարագայում՝ արտամարմնային մեմբրանի օքսիգենացիա։ Մենք բուժօգնություն ենք ցուցաբերում ցանկացած պարագայում, երբ անհրաժեշտություն կա փրկելու պացիենտի կյանքը։ Երբ լիմֆոցիտների քանակությունը սկսում է ավելանալ, իմունային համակարգն ամրանում է, օրգանիզմը սկսում է մաքրվել վիրուսից։ Այդուհանդերձ, վտանգավոր է այն վիճակը, երբ լիմֆոցիտների քանակը շարունակում է կրճատվել, վիրուսը շարունակում է արագ բազմանալ։ Երբ իմունային համակարգն ամբողջությամբ դուրս է գալիս շարքից, գրեթե անհնարին է դառնում պացիենտին փրկելը։

-Ի՞նչ աշխատանքային ծանրաբեռնվածություն ունեք։

-Աշխատանքը վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում գերծանրաբեռնված է։ Հարավային կենտրոնական հիվանդանոցի երեք հիվանդասենյակներում առկա են 66 մահճակալներ, մինչդեռ այնտեղ կարելի է տեղավորել մինչև 150 մարդ։ Հունվարի 7-ից, երբ հոսպիտալացվեց առաջին պացիենտը, բուժանձնակազմից որևէ մեկն արձակուրդ չի վերցրել։ Մենք հերթով էինք աշխատում Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Նույնիսկ հղի բուժծառայողները չէին վերցնում ազատ օրեր։ Համաճարակաբանական իրավիճակի վատթարացումից հետո բուժանձնակազմից ոչ մեկ նույնիսկ տուն չի գնացել։ Մենք հանգստանում էինք հիվանդանոցի մոտ գտնվող հյուրանոցում կամ էլ հենց հիվանդանոցում։

Իզոլացված հիվանդասենյակներում մենք կրում էինք երրորդ մակարդակի անհատական պաշտպանական միջոցներ։ Բաժանմունքում գործում էր բժշկի տասներկուժամյա, իսկ բուժքույրերի համար՝ ութժամյա հերթապահություն։ Երբ առաջացավ անհատական պաշտպանական միջոցների պակասորդ, բուժծառայողներին օրական տալիս էին միայն մեկ զույգ։ Հերթափոխի ընթացքում մենք խուսափում էինք սննդից և ըմպելիքներից, քանի որ սանհանգույց այցելելուց հետո անձնական պաշտպանական միջոցները կորցնում են իրենց պաշտպանիչ հատկությունը։ Պաշտպանական միջոցի նյութը հաստ է, հերմետիկ և ամբողջությամբ ծածկում է մարմինը։ Սկզբում դրանք անհարմար էին, սակայն մենք կարողացանք վարժվել։

-Ձեր աշխատանքային պրակտիկայի ընթացքում ունեցե՞լ եք արդյոք վտանգավոր պահեր։ Օրինակ, ինտուբացիայի իրականացման ժամանակ ի՞նչ եք արել դուք, որպեսզի ապահովեք ձեզ հնարավոր վարակումից։

-Երբ պացիենտը շնչահեղձ է լինում և թոքերի օդափոխումը դառնում է անբավարար, մենք պետք է կիրառենք ինտուբացիա։ Ընթացակարգը վտանգավոր է, քանի որ պացիենտի մոտ կարող է առաջանալ փսխում կամ լորձ։ Հիվանդանոցի բուժանձնակազմը մշտապես վարակման վտանգի տակ է։ Մենք բժիշկներից և բուժքույրերից խստորեն պահանջում ենք պահպանել անվտանգության ամենաբարձր չափանիշները։ Ամենամեծ խնդիրը, որին մենք ներկայումս բախվում ենք, պաշտպանական միջոցների պակասորդն է։ Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի անձնակազմի պաշտպանական միջոցների պահուստներն ավարտվել են, չնայած հիվանդանոցն իր նախապատվությունը տալիս է բուժանձնակազմի անվտանգության ապահովմանը և պաշտպանական միջոցների մատակարարմանը։

-Եղե՞լ է արդյոք մի բան, որը ձեզ առանձնակի հուզել է։

-Բազմաթիվ պացիենտներ չկարողացան հոսպիտալացվել։ Նրանք ճչում էին հիվանդանոցի առաջ։ Պացիենտներից մեկը նույնիսկ ծնկի եկավ իմ ոտքերի մոտ, որպեսզի ես ընդունեի նրան։ Սակայն ես անզոր էի, քանի որ բոլոր մահճակալները զբաղված էին։ Ես լալիս էի, երբ մերժում էի նրանց։ Հիմա իմ արցունքներն ավարտվել են։ Ես այլ մտքեր չունեմ, քան անել հնարավորը՝ մարդկային կյանքեր փրկելու համար։

Ինձ համար ամենատխուր դեպքը կապված է Հուանգանից մի հղի կնոջ հետ։ Նա շատ ծանր վիճակում էր։ Մեկ շաբաթվա ընթացքում մեր բաժանմունքում նա արդեն իսկ ծախսել էր շուրջ 200 000 յուան (39 000 ԱՄՆ դոլար)։ Բուժման գումարը պարտքով վերցրել էր իր բարեկամներից և ընկերներից։ Արտամարմնային մեմբրանի օքսիգենացիայի կիրառումից հետո նրա վիճակը լավացավ և նա, հավանաբար, կապրեր։ Բայց նրա ամուսինը կորցրել էր հույսը։ Կինը մահացավ այն ժամանակ, երբ մենք հանձնվեցինք։ Եվ հենց հաջորդ օրը կառավարությունը հայտարարեց նոր քաղաքականության մասին, որով նախատեսվում էր անվճար բուժում բոլոր այն անձանց համար, որոնք վարակված են կորոնավիրուսով։

Մեր նահանգի առողջապահության փոխնախարարներից մեկն ինձ պատմել է հետևյալը․ Ուհանի 7-րդ հիվանդանոցը գործընկերային հարաբերությունների մեջ է Հարավային կենտրոնական հիվանդանոցի հետ։ Փոխնախարարը գնացել էր 7-րդ հիվանդանոց, որպեսզի օգնի այնտեղի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի աշխատակիցներին։ Այնտեղ նա պարզել է, որ բուժանձնակազմի երկու երրորդն արդեն իսկ ախտահարված է։ Բժիշկներն այնտեղ «մերկ» էին վազում, քանի որ, հաշվի առնելով պաշտպանիչ միջոցների պակասորդը, վստահ էին, որ կախտահարվեն։ Այդուհանդերձ, դա չէր խանգարում նրանց շարունակել աշխատել։ Նման հանգամանքները շատ են ընկճում մեր բժիշկներին և բուժքույրերին։

Հարցազրույցն առաջին անգամ հրապարակվել է «Caixin Global» պարբերականում։

Գլխավոր լուսանկարը՝ novayagazeta.ru

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter