HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ն. Փաշինյան. «Հայաստանում Սլովակիայի դեսպանության բացումը կխթանի երկկողմ կապերը»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակին: 

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ,  ողջունելով Միրոսլավ Լայչակի այցը մեր երկիր՝  վարչապետը կարևորել է այսօր Հայաստանում Սլովակիայի դեսպանության բացումը, որը նոր լիցք և որակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է Սլովակիայի հետ համագործակցության զարգացմամբ՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Եվրոպական միության շրջանակում։ Վարչապետի խոսքով՝ ԵՄ-ն Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի հիմնական գործընկերն է, և Հայաստանը կարևորում է և՛ ԵՄ կառույցների, և՛ ԵՄ անդամ-երկրների օժանդակությունն այդ գործընթացում: Վարչապետը երախտագիտություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Սլովակիայի հավասարակշռված դիրքորոշման համար: Նիկոլ Փաշինյանն իր ջերմ ողջույններն է հղել Սլովակիայի վարչապետ Պետեր Պալլեգրինին:

Միրոսլավ Լայչակը նշել է, որ Սլովակիայի համար Հայաստանը կարևոր գործընկեր է, և ՀՀ-ում Սլովակիայի դեսպանության բացումը լավ հնարավորություններ է ստեղծում երկկողմ հարաբերությունների ակտիվացման համար: Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը ողջունել է Հայաստանի հավակնոտ ժողովրդավարական բարեփոխումները և նշել, որ Սլովակիան պատրաստ է կիսվել ռեֆորմների գործընթացում իր կուտակած փորձով:

Նա ընդգծել է, որ որպես ԵՄ անդամ-երկիր՝ Սլովակիան պատրաստ է աջակցել Հայաստանին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) կիրարկման, ինչպես նաև մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացում: Երկկողմ տնտեսական կապերի զարգացման համատեքստում Մ. Լայչակը հեռանկարային է համարել ներդրումների խթանման, զբոսաշրջության զարգացման ուղղությամբ համատեղ քայլերը ու նաև բարձր գնահատել միջազգային կազմակերպություններում երկու երկրների միջև փոխգործակցությունը:

Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը նշել է, որ Սլովակիան լիովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին:

Վարչապետն օգտակար է համարել բարեփոխումների գործընթացում Սլովակիայի փորձի ուսումնասիրությունը՝ նշելով, որ Հայաստանը կարևորում է գործընկերների հետ փորձի փոխանակումը:

Նիկոլ Փաշինյանը և Միրոսլավ Լայչակը մտքեր են փոխանակել նաև Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում համագործակցության շուրջ: Անդրադարձ է եղել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակում վերջին զարգացումներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter