
Բեռնի Սանդերսը համոզիչ հաղթանակ է տարել Նևադայի ընտրություններում
Շաբաթ օրը ԱՄՆ Նևադա նահանգում տեղի ունեցած Դեմոկրատական կուսակցության նախնական նախագահական ընտրություններում հաղթել է սենատոր Բեռնի Սանդերսը։ Հիշեցնենք, որ ներկուսակցական ընտրությունները, որոնց ընթացքում կորոշվի, թե ով է նոյեմբերին մրցելու նախագահ Դոնալդ Թրամփի հետ, մեկնարկել էին փետրվարի 3-ին։ Նևադայի ընտրությունը նախնական ընտրությունների երրորդ մրցումն էր։ Մինչ այս նախնական ընտրություններ են տեղի ունեցել Այովայում, որտեղ Սանդերսն ու Սաութ Բենդի նախկին քաղաքապետ Փիթ Բուտեջեջը ստացել են հավասար ձայներ, և Նյու Հեմփշիրում, որտեղ Սանդերսը ստացել է ձայների առավելագույն քանակը։
Ըստ Նևադայի Դեմոկրատական կուսակցության հրապարակած տվյալների՝ Բեռնի Սանդերսը ստացել է ձայների 47%-ը, նախկին փոխնախագահ Ջո Բայդենը՝ 20%-ը, իսկ Փիթ Բուտեջեջը՝ 14%-ը։ Այս երեք թեկնածուների միջև կբաշխվեն Նևադա նահանգի 36 ընտրիչները։ Նախնական ընտրություններում հաղթանակ տանելու համար հարկավոր է ստանալ բոլոր 50 նահանգներում բաշխվող 4051 ընտրիչների ձայների մեծամասնությունը։ Ներկա պահին Սանդերսն ունի 35 ընտրիչ, Բուտեջեջը՝ 24, իսկ Բայդենը՝ 10։ Սանդերսը ներկայացնում է Դեմոկրատական կուսակցության սոցիալիստական թևը, իսկ վերջիններս՝ կուսակցության չափավոր, կենտրոնամետ թևը։
Ըստ հարցումների, Սանդերսը հաղթել է հիմնականում աշխատավոր դասի ընտրողների, երիտասարդների և լատինական ամերիկացիների շրջանում ունեցած բարձր վարկանիշի հաշվին։ Նևադայի ընտրողներին հիմնականում հուզել են առողջապահական ոլորտի խնդիրներն ու համաշխարհային կլիմայական փոփոխությունները։ Սանդերսն առաջարկել է այս խնդիրները լուծել առողջապահությունը անվճար դարձնելու և կանաչ էներգիային անցում կատարելու միջոցով։ Սենատորի քննադատները, սակայն, պնդում են, որ Սանդերսի ծրագրերն անիրագործելի են և չափազանց թանկ կնստեն հարկատուների վրա։
Հաջորդ ընտրությունը տեղի կունենա փետրվարի 29-ին՝ Հարավային Կարոլինայում։
Մեկնաբանել