HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վլադիմիր Վարդանյան. «Համոզված եմ՝ դատական համակարգում պարզ, անբասիր դատավորները մեծամասնություն են»

Դատաիրավական համակարգի բարեփոխումները ժողովրդավարական Հայաստանի զարգացման կարևոր հանգրվաններից են:

Այս մասին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած` «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու խորհրդարանական լսումներին ասաց հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

«Պատահական չէ, որ նման լուրջ ուշադրություն ենք հատկացնում այդ բարեփոխումների գործընթացին: Դեռ մեկ տարի առաջ լսումներ էինք անում՝ նվիրված անցումային արդարադատությանը, այդ լսումներին առավել կոշտ կարծիքներ էին լինում որոշ դատավորների նկատմամբ առավել կոշտ վեթինգի միջոցներ կիրառելու վերաբերյալ, ցավոք այդ անձանց զայրույթն ուներ օբյեկտիվ հիմք: Այդ անձանց զայրույթը պայմանավորված էր այն դատավորների վարքագծով, որոնք ոչ թե օրենսդրությամբ են առաջնորդվում, այլ նեղ անձնական շարժառիթներով»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը:

Քաղաքական մեծամասնության ներկայացուցիչը սակայն վստահեցրեց` նման դատավորները փոքրամասնություն են դատական համակարգում:

«Որովհետև և՛ այն ժամանակ, և՛ հիմա համոզված եմ, որ դատական իշխանության բոլոր սուբյեկտները հավուր պատշաճի իրականացնում են իրենց գործառույթները, որ ունենանք որակյալ արդարադատություն»,- ասաց Վարդանյանը:

Վարդանյանը խոսեց այն դատավորների մասին, ովքեր փաստերն ուսումնասիրելով, փորձում են անձի մեղավորությունը կամ անմեղությունը պարզել, ովքեր աշխատում են տքնաջան, գիշերուցերեկ:

«Պետք է վերահաստատեմ` համոզված եմ, որ դատական համակարգում այս տեսակի պարզ, անբասիր դատավորները մեծամասնություն են, բայց չեմ կարող չանդրադառնալ այն փոքրամասնությանը, որը, թունավոր լինելով. թույնում է ողջ աղբյուրը, որն անվանում ենք դատական իշխանություն, դրա դեմ պետք է պայքարենք համատեղ ջանքերով»,- ասաց նա:

Վարդանյանի խոսքով` դատական իշխանությունը պետք է լինի ինքնամաքրվող համակարգ, որպեսզի երկրում որևէ քաղաքացի կասկածի տակ չդնի որևէ դատավորի պրոֆեսիոնալ և բարոյական որակները:

«Մենք բազմիցս անդրադարձել ենք դատական իշխանության ներսում առկա խնդիրներին, դատական իշխանության ներսում էլ այդ խնդիրները քաջ գիտակցում են, համատեղ ջանքերով փորձ է արվելու լուծել դրանք»,- ասաց նա:

Վլադիմիր Վարդանյանը ցիտեց Նապոլեոն Բոնապարտի խոսքերը, ըստ որոնց՝ դատավորները հասարակության և հասարակական հարաբերությունների պահապաններն են:

«Եվ հիրավի դատավորների տեղը պետք է լինի հասարակական հիերարխիայի առաջին շարքում»,- ասաց նա, ապա հավելեց, որ խնդրել է քարտուղարությանը դատավորների համար դահլիճի առաջին շարքն առանձնացնել:

«Հարգելի՛ դատավորներ, դուք պետք է լինեք հասարակական հիերարխիայի առաջին շարքում, հասարակության կողմից ամենալայն հարգանքի պետք է արժանանաք, դա մենք պետք է ապահովենք, դուք էլ իրականացնեք արդարադատություն` հիմնված մեր օրենսդրության վրա, դա էլ ձեր պարտականությունն է»,- ասաց Վարդանյանը` հավելելով, որ նման դատական իշխանության կարիք ունի նոր Հայաստանը:

Վարդանյանն ընդգծեց` ժողովրդավարությունը նոր Հայաստանում այլընտրանք չունի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter