
Հունվարին տնտեսական ակտիվությունն աճել է 8.9%-ով
Այս տարվա հունվարին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, աճել է 8.9 %-ով։ Ցուցանիշը քիչ առաջ հրապարակել է Վիճակագրական կոմիտեն (ՀՀ ՎԿ):
Առավել բարձր աճ է գրանցվել արդյունաբերության և ծառայությունների ոլորտում։
Մասնավորապես, արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 144.1 մլրդ դրամ՝ նախորդ տարվա հունվարի համեմատ աճելով 13.4 %-ով։
Ծառայությունների ծավալը կազմել է 152.7 մլրդ դրամ, աճը՝ 13.2 %:
Ներքին առևտրի շրջանառությունը հունվարին կազմել է 207.3 մլրդ դրամ՝ աճելով 10.3 %-ով։
Շինարարության աճի տեմպն արագացել է։ Ծավալները կազմել են 11.8 մլրդ դրամ, աճը՝ 7.7 %:
Գյուղատնտեսության ցուցանիշները չեն հրապարակվել. դրանք ներկայացվում են եռամսյակը մեկ անգամ։
Հիշեցնենք, որ 2019 թվականին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 7.8 %-ով աճել է 2018 թվականի համեմատ։ Աճը գրանցվել է ի հաշիվ ծառայությունների, առևտրի, արդյունաբերության և որոշ չափով էլ՝ շինարարության։ Իսկ գյուղատնտեսության ոլորտի անկումը շարունակվել է։
Մեկնաբանել