
Ռոբերտ Քոչարյանի որդիները Արմեն Թավադյանի գործով կանչվել են ՀՔԾ․ նրանք հրաժարվել են ցուցմունք տալ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդիները՝ Լևոն և Սեդրակ Քոչարյանները, երեկ կանչվել են Հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության։ Այս մասին դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Քոչարյանը։ Վերջինս հայտնեց, որ վկայի կարգավիճակով են կանչվել ՀՔԾ՝ այնտեղ քննվող գործի շրջանակներում, որով անցնում են «5-րդ Ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանն ու Վարուժան Մկրտչյանը։
Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանին և Վարուժան Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել Ռոբերտ Քոչարյանի գործով վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու հոդվածով։
Լևոն Քոչարյանը հայտնեց, որ ինքն ու եղբայրը հրաժարվել են ցուցմունք տալ:
«Մենք բազմիցս ենք հայտարարել այդ կառույցի հանդեպ մեր անվստահության մասին, քանի որ այն, իր պետից սկսած, մի քանի անգամ անմեղության կանխավարկած է խախտել»,- ասաց Լևոն Քոչարյանը:
Մեկնաբանել