HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Դատավոր Արթուր Պողոսյան. «Միայն տեսական գիտելիքները, կրթական աստիճան ունենալը բավարար չեն, որ անձը կարողանա հավակնել դատավորի պաշտոնին»

Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Արթուր Պողոսյանը «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի փոփոխությունների թեմայով խորհրդարանական լսումներին անդրադարձավ դատավորների թեկնածուների տարիքային շեմի իջեցման առաջարկին: Հիշեցնենք, որ փոփոխություններով առաջարկվում է ամրագրել, որ դատավորի թեկնածուի հավակնորդը կարող է լինել 25 տարեկան` գործող 28-ի փոխարեն:

«Մենք, ըստ էության, նախագծով ցանկանում ենք դատավորների թեկնածուների տարիքային ցենզը իջեցնել` ասելով, որ երիտասարդ, խոստումնալից անձինք կարող են դատավորի պաշտոն զբաղեցնել: Հասկանալի մոտեցում է, բայց ուզում եմ շեշտադրել մի հանգամանք` կրթական մասը մի կողմ, բայց դատավորը պետք է ունենա նաև որոշակի փորձ` և՛ կյանքի, և՛ աշխատանքային, և՛ իրավահարաբերությունների գնահատման իմաստով, միայն տեսական գիտելիքները, կրթական աստիճան ունենալը բավարար չեն, իմ համոզմամբ, որ անձը կարողանա հավակնել դատավորի պաշտոնին»,- ասաց Արթուր Պողոսյանը:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն արձագանքեց` կյանքի փորձը շատ հարաբերական է:

«Հնարավոր է` մարդ 35-40 տարեկանում այդպես էլ կյանքի փորձ չունենա, և չեմ կարծում  25 թե 28 տարեկան՝ դրանց միջև սկզբունքային շատ մեծ տարբերություն կա, կարծում եմ ապագայում տարիքային ցենզ չպետք է լինի: Դատավորներ պետք է դառնան մարդիկ 35-40 տարեկան դառնալուց հետո, Ձեր մատնանշած փորձն ունենալուց հետո, բայց չպետք է մոռանանք՝ ինչ իրավիճակում ենք: Նաև պետք է հաշվի առնել ավելի ավագ և երիտասարդ տարիքով անձանց կրթությունը, արդյոք ավելի ավագ սերնդի բազային կրթությունը համապատասխանում է ներկա պահանջներին, ինչպես՝ օտար լեզուների իմացությունը»,-ասաց Բադասյանը:

Դատավոր Պողոսյանն անդրադարձավ նաև այն հարցին, որ Բարձագույն դատական խորհրդի կայացրած որոշումները բողոքարկելու հնարավորություն կա, սակայն բողոքարկման հարցով կրկին ԲԴԽ պետք է դիմել:

«Արդյոք ճի՞շտ է որ մարմինը, որը ժամանակին որոշում է կայացրել, վերանայի իր որոշումը»,- հարցրեց նա:

Բադասյանն արձագանքեց, որ ուսումնասիրել են Վճռաբեկ դատարանի սահմանադրաիրավական կարգավիճակը և եկել այն եզրակացության, որ այն չի կարող հանդես գալ որպես վերաքննության ատյան ԲԴԽ-ի համար: Ուստի առաջարկվում է, որ ԲԴԽ-ն կարող է վերանայել իր որոշումը նոր երևան եկած հանգամանքների դեպքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter