
Սերժ Սարգսյանի և մյուսների գործի քննությունը սկսվեց
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, րոպեներ առաջ սկսվեց Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի և գյուղատնտեսության նախարարության երկու այլ պաշտոնյաների վերաբերյալ քրեական գործի քննությունը:
Դատարանի դիմաց մեկ ժամից ավելի է՝ բողոքի ակցիա է, դատարան բերող ճանապարհներն ամբողջությամբ խցանված են: Այս պահին մի խումբ օպերատորներ և լրագրողներ հնարավորություն չունեն նիստերի դահլիճ մուտք գործելու, քանի որ դահլիճում այլևս տեղ չկա:
Բարսեղ Բեգլարյանն ու Սերգո Կարապետյանը դատարան են մուտք գործել գլխավոր մուտքից: Վերջինս լրագրողների որևէ հարցի չպատասխանեց, իսկ Բարսեղ Բեգլարյանը քրեական գործը որակեց կեղծ թատրոն:
«Նիկոլի արկածները և նրա հետևանքները»,- ասաց Բարսեղ Բեգլարյանը: Սերժ Սարգսյանը դահլիճ մուտք գործեց ծառայողական մուտքից:
Հիշեցնենք, որ այս գործով մեղադրյալի կարգավիճակում է 5 անձ: Նրանցից 4-ին՝ Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին և նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպել, դրդելը, օժանդակելը), իսկ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը):
Մեկնաբանել