HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի բուքմեյքերական շուկայի խաղացողները

Բուքմեյքերական ընկերությունների առկայությունը մեր իրականության մեջ ամեն քայլափոխի է՝ գովազդներում, վահանակներում, հեռախոսներում և այլուր։ Ու որքան էլ խոսվում է դրանց գործունեությունը սահմանափակելու մասին, անզեն աչքով էլ երևում է, թե ինչպես են դրանք տարածվում։ Չնայած դրան՝ բուքմեյքերականները բավականին փակ ընկերություններ են. չունեն լրատվամիջոցների հետ շփման մշակույթ, խուսափում են հարցումներից, նույնիսկ՝ իրենց հասարակայնության հետ կապերի աշխատակիցների տվյալները տրամադրելուց։

Բուքմեյքերական ընկերություններն այսօր գործում են երկու շուկաներում՝ վիճակախաղերի ու ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման։ Վիճակախաղը նույն տոտալիզատորն է՝ խաղ, որի մասնակիցը կանխագուշակում է խաղային, սպորտային, սոցիալապես նշանակալից իրավիճակի հնարավոր տարբերակը։ Իսկ ինտերնետ շահումով խաղերը նույն օնլայն խաղատներն են։

«Հետքն» ուսումնասիրել է, թե ում են պատկանում այս ընկերությունները։ Ինչպես նաև փորձել ենք պարզել, թե ինչ ֆինանսական շարժ են գրանցում, սակայն ընկերությունները մեր կրկնակի հարցումներին չեն պատասխանել ու չեն տրամադրել ֆինանսական հաշվետվությունները։ Որոշակի տվյալներ հնարավոր եղավ ստանալ միայն պաշտոնական հայտարարությունների՝ azdarar.am կայքից, որտեղ, սակայն, հրապարակվում են միայն վիճակախաղեր կազմակերպողների հաշվետվությունները, և վերջինը 2018 թվականի տվյալներն են։

Այսպիսով, այսօրվա դրությամբ Հայաստանում լիցենզավորված է և գործում է վիճակախաղեր կազմակերպող չորս ընկերություն։ Ինչպես տեղեկանում ենք Ֆինանսների նախարարության ներկայացրած ցանկից, վիճակախաղեր են կազմակերպում «Վիվառո Բեթինգ» (Վիվառոբեթ), «Գուդվին-Բետ» (Գուդվին), «Սաբարկո» (Աջարաբեթ) և «Դիջիգեյմ» (Տոտո գեյմինգ) ընկերությունները։

Նրանցից ամենաերիտասարդը «Աջարաբեթն» է, որը հայկական շուկայում գործելու լիցենզիա ունի 2016 թվականի վերջից։ Իսկ մյուս երեքը շուկայի հնաբնակներից են։ Վիճակախաղեր կազմակերպող ընկերությունների գործունեությունը կարգավորվում է «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքով։

Իսկ ինտերնետ շահումով խաղեր կազմակերպող երեք ընկերություն կա։ Նրանք փոխկապակցված են վիճակախաղեր կազմակերպողներին և պատկանում են նույն մարդկանց։ Դրանց գործունեությունը կարգավորվում է «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքով։

Այսպիսով, վիճակախաղեր կազմակերպող «Վիվառո բեթինգ»-ին փոխկապակցված է «Վիվառո Գրուպ»-ը, որը կազմակերպում է ինտերնետ շահումով խաղեր։

«Տոտո գեյմինգ» ապրանքանիշով ներկայացող «Դիջիգեյմ»-ին է փոխկապակցված «Դիջիթեյն» ընկերությունը, որը ևս կազմակերպում է ինտերնետ շահումով խաղեր։

Եվ երրորդ ընկերությունը, որը ինտերնետ շահումով խաղեր է կազմակերպում Հայաստանում «Կաբարկո»-ն է՝ փոխկապակցված «Աջարաբեթ» ապրանքանիշը ներկայացնող «Սաբարկո»-ին։

Իսկ «Գուդվին-Բետ»-ը զբաղվում է միայն վիճակախաղերով, չունի ինտերնետ շահումով խաղերի լիցենզիա։ 

«Գուդվին-Բետ». գործարարն ու քրեական հեղինակությունը` խաղային բիզնեսում

«Գուդվին-Բետ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2011 թվականի հուլիսին։ Ընկերությունն ունի երեք բաժնետեր՝ Արման Մանուկյան (53 %), Մանուշակ Մելիքյան (35 %) և Արտակ Ալեքսանյան (12 %):

Ընկերության խոշոր բաժնետեր Արման Մանուկյանը գործարար Սերյոժա Մանուկյանի որդին է։ Սերյոժա Մանուկյանը գործունեություն է ծավալում շինանյութի առևտրի ոլորտում, նրան է պատկանում նաև Երևանի «Եվրոպա-Վերսալ» ռեստորանային համալիրը։

Ընկերության երկրորդ խոշոր բաժնետերը Մանուշակ Մելիքյանն է՝ քրեական մի քանի գործերով անցած Ալիկ Բանդուրյանի (Նորատուսցի Ալիկ) կինը։ Մանուշակ Մելիքյանը նախկինում գրանցված էր ամուսնու հայրական տանը՝ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում, սակայն այժմ հաշվառման հասցեն փոխել է։

«Գուդվին-Բետ»-ի 12 %-ի բաժնետեր Արտակ Ալեքսանյանը Ապարանից է։ Ըստ նրա ֆեյսբուքյան էջի՝ 2011 թվականից աշխատում է «Անի Պլյուս» տաքսի ծառայությունում։

«Գուդվին-Բետ»-ի ֆինանսական հաշվետվության մեջ նշված է, որ 2018 թվականին ընկերության զուտ հասույթը կազմել է 25.1 մլրդ դրամ, իսկ զուտ շահույթը՝ մոտ 264 մլն դրամ։ Ըստ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» տվյալների՝ այս տարվա հունվարի դրությամբ «Գուդվին-բետ» ընկերությունն ունի 566 աշխատակից։

«Վիվառո բեթինգ». Բադալյանների բիզնեսների մի մասը

«Վիվառո գրուպ» և «Վիվառո բեթինգ» ընկերություններն ամբողջությամբ պատկանում են Ռոմիկ Բադալյանին։ Նա հայտնի գործարար եղբայրներ Վիգեն և Վահե Բադալյանների հայրն է։ Նրանց ընտանիքին է պատկանում «Ֆաստ կրեդիտ» վարկային կազմակերպությունը, «Կովկաս» հյուրանոցային, ռեստորանային համալիրը և այլ ընկերություններ։ «Վիվառո գրուպ»-ը հիմնադրվել է 2011 թվականին, իսկ «Վիվառո բեթինգ»-ը՝ 2008 թվականին։ 

«Վիվառո բեթինգ»-ի հաշվետվության մեջ նշված է, որ 2018 թվականին կատարված խաղադրույքները կազմել են  79.9 մլրդ դրամ, խաղադրույքների գծով հատուցումները կազմել են մոտ 74 մլրդ դրամ և հասույթը՝ 5.9 մլրդ դրամ։ Իսկ տարվա շահույթը 1.4 մլրդ դրամ է։ Ըստ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» տվյալների՝ այս տարվա հունվարի դրությամբ «Վիվառո գրուպ» ընկերությունն ունի 1070 աշխատակից, իսկ «Վիվառո բեթինգ»-ը՝ 1039 աշխատակից։

«Տոտո գեյմինգ»․ գինեգործների այլընտրանքային բիզնեսը

Ինտերնետ շահումով խաղեր կազմակերպող, «Տոտո գեյմինգ» ապրանքանիշով ներկայացող «Դիջիթեյն» ընկերությունը հիմնադրվել է 2014 թվականին։ Ընկերության հիմնադիրը Վարդգես Վարդանյանն է։

Վարդանյանը նաև վիճակախաղեր կազմակերպող «Դիջիգեյմ» ընկերության հիմնադիրն է։ «Դիջիգեյմ» և «Դիջիթեյն» ընկերությունների գրացման հասցեն նույնն է՝ Երևանի Կենտրոն վարչական շրջան, Ամիրյան 26։ Երկու ընկերության սեփականատերն էլ Վարդգես Վարդանյանն է։ «Դիջիգեյմ»-ը հիմնադրվել է 2017 թվականին։

Վարդգես Վարդանյանը և հայրը՝ Լենդրուշ Վարդանյանը, հայկական գինեգործական խոշորագույն ընկերություններից «Արմենիա Վայն» ընկերության բաժնետերերից են։ Վարդանյաններին է պատկանում ընկերության 80 % բաժնեմասը։ Մնացած 20 %-ի բաժնետերը Վահագն Մկրտչյանն է, կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանի եղբայրը։ Դեռևս տարիներ առաջ Լևոն Մկրտչյանը մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ հերքել էր իր կապը «Տոտո գեյմինգ»-ի հետ, սակայն չէր հերքել եղբոր կապը այս ընկերության հետ։ «Հարցրեք իմ եղբորը։ Նա զբաղվում է բիզնեսով, և ինձ հետ որևէ կապ չունի։ Դրա մասին գիտեն շատերը։ Ես այդ մասին հայտարարում են ամենայն պատասխանատվությամբ»,- ասել էր նա։

Նշենք, որ «Տոտո գեյմինգ» ապրանքանիշի ներքո նախկինում վիճակախաղեր էր կազմակերպում «Ինտեր լոտո» ընկերությունը, այսինքն՝ «Դիջիգեյմ»-ը փոխարինելու է եկել «Ինտեր լոտո»-ին։ «Դիջիգեյմ»-ին լիցենզիա է տրվել 2017 թվականի նոյեմբերի 1-ին և հենց նույն օրը ուժը կորցրած է ճանաչվել «Ինտեր լոտո»-ի լիցենզիան։

«Դիջիգեյմի» ֆինանսական հաշվետվության մեջ նշված է, որ ընկերության ծառայությունների իրացումից ստացված զուտ հասույթը 2018 թվականին կազմել է 39.6 մլրդ դրամ, իսկ զուտ շահույթը 3 մլրդ դրամ է։ Ըստ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» տվյալների՝ այս տարվա հունվարի դրությամբ «Դիջիթեյն» ընկերությունն ունի 1215 աշխատակից, իսկ «Դիջիգեյմը»՝ 436 աշխատակից։

«Աջարաբեթ». վրաստանյան խաղացողները՝ հայկական շուկայում

Բուքմեյքերական շուկայի մյուս խոշոր խաղացողը` «Աջարաբեթը» (Adjarabet), Վրաստանում գործող համանուն խաղային բիզնեսի հայկական ներկայացուցիչն է։ Հանդես է գալիս երկու ընկերություններով։ «Սաբարկո» ընկերության միջոցով «Աջարաբեթը» վիճակախաղեր է կազմակերպում, իսկ «Կաբարկո» ընկերության միջոցով՝ ինտերնետ շահումով խաղեր։ Երկու ընկերությունների «արմատներն» էլ Վրաստանում են։ «Սաբարկո»-ի 100 % բաժնետերը «Աբարկո» անունով ընկերությունն է, որի սեփականատերն էլ Վրաստանում գրանցված երկու այլ ընկերություններ են՝ «Ակորա»-ն և «Կոմրա»-ն։ Այս ընկերություններին է պատկանում նաև ինտերնետ շահումով խաղեր կազմակերպող «Կաբարկո» ընկերությունը։

«Կոմրա» ընկերության սեփականատերը կրկին Վրաստանում գրանցված ընկերություն է՝ «Ատլաս» անունով: «Ակորա» ընկերությունը ևս պատկանում է «Կոմրայի» նույն սեփականատիրոջը՝ «Ատլաս»-ին։

«Ատլասն» էլ իր հերթին վրաստանյան երկու այլ ընկերության է պատկանում («Ատլաս հոլդինգս» և «Սիթի լոֆթ»): «Սիթի լոֆթը», որը տիրապետում է «Ատլասի» բաժնետոմսերի 49 %-ին, ամբողջությամբ պատկանում է Վրաստանում հայտնի գործարար Թեիմուրազ Ուգուլավային, որը գործունեություն է ծավալում վիճակախաղերի և շահումով խաղերի շուկայում։

Իսկ «Ատլաս հոլդինգսը», որը տիրապետում է «Ատլասի» բաժնետոմսերի 51 %-ին, Միացյալ Թագավորությունում գրանցված «TSE Holdings Limited» ընկերությանն է պատկանում։ «TSE Holdings Limited»-ը փոխկապակցված է Միացյալ Թագավորությունում խաղային ոլորտում հայտնի «Paddy Power Betfair» օպերատորին, որը ըստ միջազգային մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ պատրաստվում է ամբողջությամբ ձեռք բերել «Աջարաբեթ»-ը։

«Սաբարկո» ընկերության 2018 թվականի ֆինանսական հաշվետվությունում նշված է, որ տարվա ընթացքում ընկերության համախառն խաղային հասույթը կազմել է 227.5 մլն դրամ, վնասը՝ 1.9 մլրդ դրամ։ Իսկ «Կաբարկո» ընկերության հաշվետվությունը հրապարակված չէ։ Ըստ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» տվյալների՝ այս տարվա հունվարի դրությամբ «Սաբարկո» ընկերությունն ունի 83 աշխատակից, իսկ «Կաբարկո»-ն՝ 64 աշխատակից։

«Հետք»-ը շարունակելու է վիճակախաղերի և ինտերնետ շահումով խաղերի շուկայի ուսումնասիրությունը՝ օրենքով սահմանված կարգով շուկայի բոլոր մասնակիցների ֆինանսական տվյալները ստանալով և ներկայացնելու է շուկայի 2019 թվականի ընդհանուր թվային պատկերը։

Հիշեցնենք, որ բուքմեյքերական ընկերությունները Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում են։ Վերևում նշված յոթ ընկերությունները միասին  2019 թվականին պետական բյուջե են վճարել 9 մլրդ 342 մլն դրամի հարկեր։ Ինչպես վկայում են Պետական եկամուտների կոմիտեի խոշոր հարկատուների տվյալները, 2018 թվականի համեմատ բուքմեյքերների վճարած հարկերն աճել են մոտ 2 մլրդ 410 մլն դրամով կամ 35 %-ով։

Մեկնաբանություններ (2)

Серж
А никто и не заставляет людей играть в азартные игры. Казино( не онлайн) существуют всю жизнь. И что? Каждый сам решает, что ему делать.
Սուրեն
Շնորհակալություն չորս թալանչի ընկերությունների մասին տեղեկատվություն տալու համար։ Խնդրում եմ Հետքի լրագրողներին ավելի շատ անդրառանալ այս ընկերություններին։ ՀՀ պետք է փակվի օնլայն հարթակը ու վերջապես պետք է վերջ տրվի ՀՀ քաղաքացիների հանդեպ իրագործվող թալանի պլանին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter